«Արցախում նախագահական ընտրությունների ժամանակ, ի տարբերություն սեպտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների, որոնք ժողովրդավարական չափանիշներին բավարարող էին, թերությունները տեխնիկական էին, իսկ նախագահականի դեպքում կային լուրջ խնդիրներ»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Այս ՀԿ-ն Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետ դիտորդական առաքելություն էր իրականացնում Արցախում նախագահի ընտրությունների ժամանակ:
Իոաննիսյանն Արցախում ընտրությունների ժամանակ արձանագրած լուրջ խախտումներից առանձնացրեց մի քանիսը. «Օրինակ լուրջ խնդիրներ կային իրավապահ համակարգի մասով, բարեգործություն կոչված մասով, ընտրողների ցուցակների հետ կապված՝ նույն մարդը երկու ցուցակումներ կար, կային վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր, կային խնդիրներ քվեարկության գաղտնիության հետ կապված: Ընդ որում, մենք հիմնավոր կասկած ունենք, որ խնդիրները փոխկապված էին, այսինքն՝ մարդկանց վրա վարչական լծակների կիրառման եւ բարեգործության արդյունքում մարդկանց ստիպում էին քվեաթերթիկը լուսանկարեն կամ որեւիցե այլ կերպ բացահայտեին քվեարկության գաղտնիությունը, որպեսզի մարդիկ զրկված լինեին իրական կամարտահայտությունից: Լրջագույն խնդիրներ կային, որոնք մեր գնահատմամբ, կարող էին ազդել թե՛ Ազգային ժողովի, եւ թե՛ նախագահական ընտրությունների արդյունքների վրա»:
Արդյո՞ք այդ խնդիրները կարող էին ազդել, որ այս ընտրությունների արդյունքում վավեր քվեաթերթիկների 88%-ը ստացած եւ ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը բավարար ձայներ չհավաքեր, մեր այս հարցին ի պատասխան Իոաննիսյանն ասաց. «Երբ խախտվում են հիմնական ժողովրդավարական սկզբունքները, հնարավոր չէ գնահատել, թե ինչպիսին կլիներ արդյունքը, եթե այդ խախտումները չլինեին»:
Կարծես այս ընտրությունների արդյունքները կասկածի տակ չի դրվել, չի բողոքարկվել: Այս առնչությամբ Իոաննիսյանն ասաց՝ դա իրենց չի վերաբերում, ապա օրինակ բերեց ՀՀ-ում 2017-ի ընտրությունները, որի արդյունքները «Ելք» դաշինքը չբողոքարկեց. «Բայց «Ելքի» մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հետո հեղափոխություն արեց: Արցախում ժողովրդավարական ընտրությունները պետք են Արցախի միջազգային վարկանիշի համար, որովհետեւ եթե համեմատում ենք, այսպես ասած՝ վիճելի գոտիների հետ, Արցախը մեծ առավելություն ունի: Արցախն ավելի ժողովրդավար է, քան այն պետությունը, որից անկախացել է, նույնը հնարավոր չէ ասել Օսեթիայի, Աբխազիայի, Ղրիմի մասին: Բայց Արցախի համար այդ խաղաքարտը կա»:
Կարդացեք նաև
Իոաննիսյանի դիտարկմամբ՝ բոլոր առումներով Արցախի ընտրությունները շատ ավելի լավն էին, քան Ադրբեջանինը. «Այս առումով, ցանկալի կլիներ, որ միջազգային դիտորդներ ներկա լինեին, ու իրենց մոտեցումներով փաստեին այդ հանգամանքը: Բայց, հնարավոր չեղավ կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Թերություններով հանդերձ, մեր բոլոր բացասական գնահատականներով հանդերձ, սա այն գիծն է, որ միջազգային ատյաններում պետք է ընդգծենք: Մեկ տարի առաջ ԵԱՀԿ անդամ 35 երկրներում մենք ճանաչվեցինք ԵԱՀԿ տարածաշրջանի ժողովրդավարությանն ամենամեծ նպաստը բերած ՀԿ: Այս հեղինակությունը պետք է օգտագործենք, որպեսզի ասենք՝ այո, այս ընտրությունները թերի էին, Արցախը ժողովրդավարության առումով շատ-շատ աճելու տեղ ունի, բայց ավելի ժողովրդավար է, քան Ադրբեջանը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ