Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեղափոխությունը կհասնի Արցախ, եթե Արայիկ Հարությունյանին չհաջողվի արժեքային փոփոխություններ անել»

Ապրիլ 18,2020 21:35

«Այս պայմաններում ընտրություններ անցկացնելն, իմ կարծիքով, ընդունելի չէր: Դեռ չգիտենք, թե որքան կաճի վարակվածների թիվը, բայց այն համայնքներում, որտեղ կորոնավարակի դեպքեր էին արձանագրվել, այդտեղ նույնպես ընտրություններ են անցկացվել»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ալիք Մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը, որը որպես լրագրող Արցախում հետեւել է նախագահի ընտրություններին, եղել մի շարք տեղամասերում:

Խառատյանի կարծիքով, այն փաստը, որ այս ընտրություններին միջազգային լրատվամիջոցները չէին մասնակցել, ուղղակի թուլացնելու է դրսում այս ընտրությունների արդյունքը, արտաքին քաղաքականության տեսանկյունից ավելի խոցելի է դարձնելու. «Ցավոք, առաջիկայում Ադրբեջանը եւ Արցախի հարցում մեր դեմ աշխատող բոլոր երկրներն ու խմբերը սա օգտագործելու են մեր դեմ: Սա խնդիր է:

Հիմա ունենք Արցախի Հանրապետության 4-րդ նախագահ, որն ընտրվել է կորոնավարակի պայմաններում»:

Արցախում նախագահի ընտրությունների 2-րդ փուլում նախագահ ընտրվեց ԱՀ-ի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Սպասելի՞ էր արդյոք, որ Հարությունյանը կընտրվեր եւ հատկապես ձայների (վավեր քվեաթերթիկների 88%) մեծամասնությամբ, մեր հարցին ի պատասխան Խառատյանն ասաց՝ Արայիկ Հարությունյանը, բնականաբար, ուներ իր ընտրողները. «Բայց կարող էին լինել շահային խմբեր, տարբեր հետաքրքրություններ՝ հաշվի առնելով Արցախի տնտեսությունում Հարությունյանի ներգրավվածությունը, սա նոր բան չէ, սա եղել է մինչ այս ամենը, վարչապետ եղած ժամանակ, իր քաղաքական անցյալը ուղիղ կապ ունի բիզնեսի հետ, նա բիզնեսից եկած մարդ է: Չեմ շտապի որեւէ որակում տալ, ունենք այն, ինչ ունենք Հիմա նրա գործն առավել դժվար է լինելու, որովհետեւ, կարծում եմ, նա պետք է ապացուցի, որ այո, բոլորի նախագահն է, որ ինքը այն մանդատ ունի, որը ոչ միայն ընտրությունների քվեով է, այլ՝ որպես Արցախի առաջնորդ, ինքն էլ է ուզում այն, ինչ ժողովուրդը: Ծանր ժամանակներ են  սպասվում, որովհետեւ դեռ պետք է տեսնենք, թե ինչպիսի արտացոլում կունենա կորոնավարակն Արցախի  տնտեսությունում»:

Հեղափոխությունը Արցախ հասցնելու եւ Հարությունյանի՝ հեղափոխական ղեկավար լինելու մասին էլ Խառատյանն ասաց. «Չգիտեմ՝ կլինի՞ հեղափոխական ղեկավար, բայց նա պիտի կարողանա դա անել, իսկ դա նշանակում է ցավոտ բարեփոխումներ, դա նշանակում է կոռուպցիայի վերացում, արժեքային փոփոխություն: Այստեղ միայն թեկնածուներն ու անհատները չէին խնդիրը, որոնք որ առաջադրված էին, այստեղ կարեւորն այն արժեքն է, որին դավանում է այս հեղափոխությունը եւ այն փոփոխություններն են, որոնք պիտի գան: Եթե կկարողանա դա անել, ուրեմն՝ կկայանա որպես առաջնորդ, չի կարողանա, ուրեմն՝ այսպես թե այնպես, վստահ եմ, այս կամ այն կերպ հեղափոխությունը հասնելու է Արցախ»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930