Մարալիկի շտապօգնության բուժքույր Իրինա Սմբատյանը երեկ Aravot.am-ին դժգոհել էր, թե իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, թե կորոնովիրուսից մահացած Մարալիկի 68-ամյա բնակչին հետազոտել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, նոր տեղափոխել Գյումրի բժշկական կենտրոն։
Հիշեցնենք, որ նրա հետ շփված 29 բուժաշխատողներ Գյումրի բժշկական կենտրոնից մեկուսացվել են Գյումրու հյուրանոցներից մեկում։ Եվ ինչպես այսօր տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, նրանք այսօր թեստավորվել են, սպասում են պատասխանի։
Ըստ Իրինա Սմբատյանի, ինքն է եղել շտապօգնության բուժքույրը, և երբ բարձր ջերմություն ունեցող տղամարդուն Մարալիկից շտապօգնության մեքենայով հասցրել են Գյումրու ինֆեկցիոն, այստեղ մեքենայի դռանն անգամ մոտ չեն եկել։ Տեղեկանալով, որ հիվանդը բարձր ջերմություն ունի, նաև հարակից հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, թթվածինը 82 է, ինֆեկցիոնի բժշկուհիներից մեկն ասել է՝ տեղափոխեք Գյումրի բժշկական կենտրոն։
«Գլխավոր մուտքից մեզ չթողեցին մտնել, ասացին՝ հետևի մուտքից եկեք, բժիշկը, որի անուն-ազգանունը չգիտեմ, տեսքով շատ լավ հիշում եմ, ինձ դռան վրա հարցրեց՝ կորոնա՞ է, ես ասացի՝ շտապօգնության բուժքրոջ գրպանում թեստ չկա, որ անալիզի ենթարկեմ, տեսնեմ կորոնա՞ է։ Ասացի՝ ես ձեզ ջերմող հիվանդ եմ բերել, նաև զգուշացրեցի, որ իմ հիվանդն ունի հարակից հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, թթվածինը 82 է։
Կարդացեք նաև
Ինձ ինֆեկցիոնի բժշկուհին հենց դռան վրա պատասխանեց, որ իրենք չունեն վերակենդանացման բաժանմունք, թթվածինը ցածր է, շաքարային դիաբետ ունի, և որ հիվանդին տեղափոխենք Գյումրի կենտրոն։ Ինֆեկցիոնի բժշկուհին ընդհանրապես մոտ չի եկել, ախր ինչպես կարելի է տարածել, թե ինֆեկցիոնում հետազոտվել, հետո նոր տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն։ Ոչ մեկը չի մոտեցել մեզ, անգամ շտապօգնության մեքենայի դռանը մոտ չեն եկել՝ հարցնեն, թե որտե՞ղդ է ցավում։ Եթե կանչեն ինձ հարցաքննության, ես կպատմեմ, ես վկաներ ունեմ, վարորդը կա։ Ես պատասխանատու եմ իմ ամեն բառի համար»,-պատմել էր բուժքույրը։
Aravot.am-ն այսօր պարզաբանումներ ստացավ նաև Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանից։
Նա պարզաբանեց, որ այդ ժամանակ չկային տեղային դեպքեր, իրենք էլ պարտավորվում էին առաջնորդվել էպիդ անամնեզով, այսինքն ճշտել՝ եղե՞լ է արտերկրում, վարակակրի հետ շփում ունեցե՞լ է։ Եթե հիվանդն ուներ էպիդ անամնեզ ու ջերմում էր, այդ դեպքում նրան ընդունում էին, իսկ թեստավորումը կատարում էր «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը»։
«Այն ժամանակ այդպես էր, եթե չուներ էպիդ անամնեզ, չէր թեստավորվում, բոլոր տեղերում կար այդ հրահանգը։ Տվյալ պարագայում հիվանդը չուներ էպիդ անամնեզ, դրա համար ինֆեկցիոնում ստացիոնար բուժում չի ստացել։ Հիմա արդեն այդպես չէ, ով ջերմեց, բոլորին թեստավորում ենք»,- ասաց տնօրենը։
Նա նաև ասաց, որ տվյալ պահին Մարալիկից տեղափոխված հիվանդի թեմայով քննարկում են ունեցել նաև «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի» Շիրակի մարզային կառույցի պատասխանատուի հետ։ Հիվանդը էպիդ անամնեզ չի ունեցել, ու քանի որ, ըստ տնօրենի, ուներ խրոնիկ հիվանդություններ, ինֆեկցիոնն էլ ինտեսիվ թերապիայի պալատ չունի, չեն կարողացել ընդունել նրան, տեղափոխել են բազմապրոֆիլ հիվանդանոց՝ Գյումրի բժշկական կենտրոն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Աստղիկ Բեյբությանի լուսանկարը՝ նրա ՖԲ էջից