Այս երեւույթն ավելի շատ բնորոշ էր խորհրդային տարիներին, հիմա մասամբ նաեւ հետխորհրդային երկրներին: Պատճառները մի քանիսն են:
1․ ԽՍՀՄ-ում որոշ ֆուտբոլային ակումբներ կցված էին այս կամ այն գերատեսչությանը. ԲԿՄԱ-ն, տարբեր քաղաքների ԲՄԱ-ները՝ պաշտպանության նախարարությանը, «Դինամոն»՝ ՆԳՆ-ին: Այդ ակումբներում խաղալը հավասարեցված էր բանակում ծառայելուն: Այսինքն, ֆուտբոլիստը շարունակում էր ֆուտբոլ խաղալ, իսկ ծառայությունն ինքն իրեն ընթանում էր: Հիմա այդ պրակտիկան պահպանվել է Հյուսիսային Կորեայում:
2. Այս կամ այն բուհի ռեկտորը, որ ցանկանում էր ուժեղ ֆուտբոլային թիմ ունենալ, զինակոչային տարիքի լավագույն ֆուտբոլիստներին ընդունում էր իր ղեկավարած բուհ: Այդ ժամանակ բուհերի ստացիոնար բաժինների ուսանողների, այդ թվում՝ ֆուտբոլիստների համար գործում էր տարկետման կանոնը: Նա որպես կանոն չէր հաճախում դասերին: Չպետք է մոռանալ, որ բազմաթիվ բուհերում գոյություն ուներ զինվորական կաֆեդրա, որտեղ լիարժեք ուսուցումը կարելի էր փոխարինել միջսեզոնային հավաքներով:
3․ «Воинская часть» կայքը երրորդ միջոցը գնահատում է «կեղտոտ»: Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը կարող էր բազմաթիվ կապեր ունենալ, որոնք օգտագործելով հնարավոր էր բանակից խուսափել:
Կարդացեք նաև
4. Վերջին տարբերակը սպորտային վաշտն է: Սա զինվորական ծառայություն անցնելու առանձնահատուկ ձեւաչափ է: Այդ ժամանակ հիմնական զինվորական պատրաստականությունը համատեղվում է մարզումների հետ: Եվ ֆուտբոլիստը մի կողմից իր պարտքն է կատարում հայրենիքի առջեւ, մյուս կողմից՝ պահպանում մարզավիճակ:
Սակայն քաղաքակիրթ երկրներում անկախ ֆուտբոլիստի կամ ընդհանրապես մարզիկի տիտղոսներից, նա զորակոչվում է զինվորական հավաքների: Օրինակ, անգլիական «Տոտենհեմի» համաշխարհային մակարդակի աստղ Խինմին Սոնին, որը լիարժեք զինվորական ծառայությունից ազատվել էր 2018 թվականին Ասիական խաղերում հաղթելու համար, ներկայումս պարտավորեցրել են կարճատեւ զինվորական հավաք անցնել Հարավային Կորեայի բանակում: Ֆուտբոլիստը ակումբ պետք է վերադառնա միայն մայիս ամսին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ