Այսօր բազմաթիվ հրատապ թեմաներ կան, որոնց մասին արժե հիշատակել, սակայն դրանք բոլորն էլ ինչ-որ իմաստով ածանցյալ են կորոնավիրուսի թեմային և այդ իսկ իմաստով, առաջին հերթին պարտադրված ենք տարբեր տեսանկյուններով բարձրաձայնել այդ չարաբաստիկ վարակի և դրանից պաշտպանվելու ուղիների մասին: Այն, ինչ այսօր կատարվում է աշխարհում՝ կապված կորոնավիրուսի հետ, այլ անուն չունի, քան համընդհանուր համաճարակ, որը սրբելով տանում է բազմաթիվ մարդկային կյանքեր և այդ ամենը շատ պարզ պատճառով, քանի որ առ այս պահը դրա բուժումը դեռ գտնված չէ: Տարբեր սոցցանցերում և ԶԼՄ-ներից տեղեկանում ենք, որ այս ուղղությամբ աշխատում են բազմաթիվ երկրների առաջատար բժշկական լաբորատորիաներ, որոնք այդ վարակի բուժման հակավիրուսը հայտնաբերելու համար կանխատեսում են տարբեր, միաժամանակ երկարատև ժամկետներ, որը շատ ցավալի է, քանզի վերջին 20 տարիների ընթացքում սա արդեն երրորդ նմանատիպ վարակն է, որին առնչվում ենք և ինչ-որ իմաստով ստացվում է, որ նախորդ երկուսին կարծես թե աշխարհն այնքան էլ լրջորեն չի վերաբերվել:
Եթե կորոնավիրուսի այս դեպքը լիներ թեկուզ երկրորդ վարակը, ապա այս վիճակն ինչ-որ իմաստով, մի կերպ հասկանալի կլիներ, բայց քանի որ սա արդեն երրորդն է (նախավերջինը 2015թ.-ին էր), ապա այնքան էլ չի հասկացվում, թե այս վերջին հինգ տարիներին աշխարհն այս ուղղությամբ ինչ նախապատրաստական աշխատանքներ է իրականացրել ու ինչպիսի արդյունքներ կան արձանագրված այն դեպքում, երբ այս վիրուսի հայտնվելուց հետո արդեն անցել է երեք ամսից ավելի ժամանակ և ըստ սոցցանցերում հայտնված տեղեկատվության, տարբեր հաշվարկներով, այս ընթացքում աշխարհը մոտ 2 000 000-ից ավելի վարակվածներից տվել է 126 754-ից ավելի մահ, մոտ 484 597 հիվանդի ապաքինում (աղբյուրը՝ Tert.am, 15.04.2020թ.), ընդ որում, ապաքինվածների վերաբերյալ պարտադիր պետք է նշել, որ նրանց ապաքինումը հիմնականում պայմանավորված է ոչ այնքան բժշկական միջամտություններով, որքան նրանց բարձր իմունիտետով:
Ցավոք, վարակի այսպիսի զարհուրելի պատկերի դեպքում անգամ բուժումը հայտնաբերելու ուղղությամբ աշխարհը չի կարողանում նույնիսկ մոտավոր ժամկետներ նշել (իհարկե, հասկանալի է, որ կանխատեսումների պարագայում միշտ էլ դժվար է կոնկրետ ժամկետներ նշելը): Փաստորեն, կորոնավիրուսի և նմանատիպ այլ վիրուսների հայտնաբերման ու հնարավոր բուժման ուղղությամբ նախորդ տարիներին ոչ բավարար խորությամբ ու ծավալով տարված աշխատանքները դարձան այն հիմնական պատճառներից մեկը, որի հետևանքով ուշանում է այդ վիրուսի բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցի հայտնաբերումը: Ասվածն իհարկե կարևոր է, սակայն կուզենայի հոդվածի ասելիքը հիմնականում տանել այդ վիրուսի բարոյա-հոգեբանական հետևանքների ասպեկտով: Կարծում եմ, եթե ստեղծված իրավիճակին մեկ բառով այլ անուն տանք, քան խուճապն է, ապա նվազագույնը մենք սխալված կլինենք, քանզի ուզենք, թե չուզենք, ստեղծված իրավիճակը հիմնականում այդ մասին է խոսում:
Բնական է, որ խուճապային իրավիճակը մարդկանց մոտ մեծ լարվածություն է առաջացրել, նրանց շեղել է սովորական վիճակից և այդ պարագայում նրանք հիմնականում անում են ոչ այնքան խորը մտածված ու հեռահար հաշվարկված քայլեր, այլև ավելի շատ անում են իրենց տեսակին, ներքինին բնորոշ զգացմունքային քայլեր: Ասվածը տրամաբանական է, քանզի սովորական վիճակներում մարդ էակը որոշակիորեն քողարկված է լինում, բոլոր քայլերը կատարում է հեռահար հաշվարկների հիման վրա, այդկերպ համարյա մշտապես թաքցնելով իր իրական դեմքն ու տեսակը: Փաստացի, այսօր ստեղծված էքստրեմալ իրավիճակում բոլորը շատ վախեցած են, որն իհարկե բնական ինստինկտ է և նրանց այսօրվա բնութագրիչ հատկանիշներն էապես տարբերվում են սովորական վիճակում ունեցած առօրեական հատկանիշներից: Այլ խոսքով, եթե կարճ ներկայացնելու լինենք, ապա հեշտորեն նկատելի է, որ մարդկանց պահելաձևը նույնպես մեծ փոփոխությունների է ենթարկվել: Մասնավորապես, թե ինչ հրաշքի ազդեցությամբ են նրանք դարձել համեմատաբար ավելի բարի, կամեցող, հավասարը հավասարի հետ հարաբերվող, պատրաստակամ ուրիշներին օգտակար լինելու առաքելությամբ:
Կարդացեք նաև
Հավանաբար, նրանք պարտադրված են ավելի անկեղծ լինել և մարդկանց հետ հարաբերվել ավելի շիտակ, որն ըստ իս լոկ մի բացատրություն ունի. սա արդեն իրավիճակ է, երբ նրանց մոտ որևէ շահի ակնկալիք չկա, որը նրանց դարձյալ կմղեր տարատեսակ ինտրիգների ու նրանց մոտ ևս մեծ է այն մտավախությունը, որ հնարավոր է ժամանակին չգտնվի այդ հրեշավոր վարակի բուժումը /իսկ դրա հավանականությունը բավականին մեծ է, քանզի դեռևս ամեն ինչ փաստացի թողնված է մարդկանց իմունիտետի վրա/ և իրենք արդեն մնացածների հետ՝ հավասարը-հավասարի կարգավիճակով, մի գուցե պարտադրված՝ ժամանակից շուտ ավետեն երկրային կյանքը… Ցավում եմ, բայց սա է իրականությունը և սրանով կարծես ամեն ինչ ասված է …
Զարմանում ես, մի՞թե պարտադիր է ստեղծվի այսպիսի էքստրեմալ իրավիճակ, որ մարդիկ վերջապես գիտակցեն, որ բոլորն էլ Աստծո ծնունդ են, և Տերը նրանց սիրում է հավասարաչափ՝ իր զավակների նման: Փառք Տիրոջը, որ գոնե այս ծայրահեղ վտանգավոր իրավիճակում նրանց այնքան իմաստնություն կտա, որ հասկանան, որ իրենց տրված է ընդամենը թիթեռի չափ ակնթարթային կյանք ու մեկընդմիշտ հիշեն, որ բացարձակ անհեթեթություն է այն պահելաձևը, որ որոշ մարդկանց թվում է, թե իբր իրենք ուրիշներից բարձր են ու արտոնյալ: Մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ նման մոտեցումն ընդամենը հիվանդ երևակայության արդյունք է: Այնպես որ, միայն այս ամենի գիտակցման պարագայում, նրանք հետագայում ևս կբարիանան ու կանկեղծանան և մարդկային այս կարճ կյանքը լրիվ կվերաիմաստավորվի…
Եվ վերջում ուզում եմ ինձ թույլ տալ բարձրաձայնել մեծ ռիսկ պարունակող, մի դաժան, տեսական մտավախության մասին. Աստված մի արասցէ, եթե հանկարծ երբևէ պարզվի, որ այս վիրուսը ժամանակակից տեղեկատվական պատերազմի արդյունք է, որն էլ որպես զենք փորձում են օգտագործել աշխարհի նոր վերաբաժանման համար, քանզի այդ դեպքում ամեն ինչ ավարտվում է …
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄ