Լրահոս
Օրվա լրահոսը

Լուկաշենկոն, կորոնավիրուսը, օղին եւ ախտահանումը

Ապրիլ 18,2020 16:59

Կորոնավիրուսը շարունակում է մոլեգնել աշխարհում՝ ամեն օր խլելով տասնյակ  հազարավոր կյանքեր: Մինչ երկրները զբաղված է մահաբեր այս վիրուսի տարածումը կանխարգելելով եւ արդյունավետ բուժումը գտնելով, մի քանի երկրների ղեկավարներ կորոնավիրուսի, դրա դեմ պայքարի եւ աշխարհը փրկելու իրենց յուրատեսակ պատկերացումներն ունեն:

«Եղբայր, ի՜նչ ենք անընդհատ բացասական ու վատ բաներից խոսում: Վիրուսին այդպես չես հաղթի: Հարկավոր է կյանքով ուրախանալ, շքերթներ անցկացնել, ավելի շատ յուղային սնունդ ընդունել եւ ավելի շատ թունդ ըմպելիք օգտագործել: Այ, այդ ժամանակ կհաղթենք»: Սա է այդ ղեկավարների տեսակետը:

 

 

Ամենաուժեղը: Ալեքսանդր Լուկաշենկո, Բելառուս

Այս ղեկավարի պարագայում ըստ էության բացատրելու բան էլ չկա: Բատկան ինքն է ամեն բան ասում:

«Մեր երկրում կորոնավիրուսից ոչ-ոք չի մահանա»: Լուկաշենկոն այս խոսքերն ասել է այն ժամանակ, երբ Բելառուսի ԱՆ-ն արդեն հաստատել էր կորոնավիրուսից մահացության 29 դեպք:

«Եթե մարդը դրական տրամադրվածություն ունի, նա առողջ կմնա»:

«Կան խորհուրդներ. խմբերով չքայլել, չքսվել մեկմեկու, չհամբուրվել, չգրկախառնվել եւ այլն»:

Բելառուսում ֆուտբոլային հանդիպումները չեն չեղարկվել, քաղաքային բոլոր հաստատությունները գործում են, կարանտին չկա:

«Այս «սառնարանը» լավագույն առողջությունն է: Հատկապես՝ սառույցը: Այս «սառնարանը» իսկական հակավիրուսային դեղ է»: Լուկաշենկոն նկատի ունի սառցե պալատը, որտեղ կորոնավիրուսի տարածման համար իդեալական պայմաններ են:

«Հաճախակի լվացեք ձեռքերը, ժամանակին նախաճաշեք, ճաշեք եւ ընթրեք: Ես խմող չեմ, սակայն վերջին ժամանակներս կատակով ասում եմ, որ օղիով ոչ միայն պետք է ձեռքերը լվալ, այլեւ, հավանաբար, կարելի է օրական 40-50 գրամ մաքուր սպիրտով թունավորել այդ վիրուսը: Սակայն ոչ աշխատանքի վայրում»:

«Ոսկե» ու ծանոթ խոսքեր են:

«Մարդիկ տրակտորով աշխատում են, ոչ ոք վիրուսի մասին չի խոսում: Տրակտորն այնտեղ բուժում է բոլորին: Դաշտերը բոլորին բուժում են»,- այս խոսքերով բոլորին «զինաթափ» է անում Ալեքսանդ Գրիգորեւվիչը:

«Հարկավոր է սպորտով զբաղվել եւ լինել մաքուր օդում: Պետք է օգնել թոքերին: Մենք դիետա էինք պահում, մինչդեռ, յուղոտ ուտելիք էր հարկավոր: Ես էլ էի ինձ սահմանափակում: Սակայն թթվասերային կարագ պետք է հիմա ուտել: Պարզվում է, ճարպն օգնում է թոքերին՝ պայքարել վիրուսի դեմ: Եթե դա ասում է մասնագետը, գիտնականը, հավանաբար, նա հիմար չէ: Ես իմ փորձով նրանց աջակցություն հայտնում»:

«Մեկ անգամ էլ եմ ասում. դեպի տաճար տանող ճանապարհը մենք ոչ ոքի առջեւ չենք փակում: Դա իմ կոշտ պահանջն է: Մենք ոչ մեկին ոչինչ չենք արգելում: Մենք սա հասցրել ենք բոլոր եկեղեցիների, այդ թվում նաեւ՝ ուղղափառ, ղեկավարներին: Ով ցանկանում է աղոթել, գնում է տաճար»:

Անհետանում է առաջինը: Դանիել Օրտեգա, Նիկարագուա

Փետրվարի 21-ին, երբ ամբողջ աշխարհն սկսեց գիտակցել կորոնավիրուսի վտանգավորությունը, Օրտեգան իր երկրում անհետացավ տեսադաշտից, նրան ոչ ոք չէր տեսել մինչեւ  մարտի 12-ի հեռավար խորհրդակցությունը: Դրանից հետո նա էլի անհետացավ եւ կրկին ողջ ու առողջ հայտնվեց մի երկու օր առաջ: Ցավակցեց բոլորին, ում ընտանիքը ախտահարել է կորոնավիրուսը: Ասաց. «Պանդեմիան Աստծուց նշան է», իսկ բժշկությունը՝ «նոր միջուկային զենք»: Անհրաժեշտ է փողերը ներդնել այնտեղ, այլ ոչ թե զենքերի մեջ: Ի դեպ, Օրտեգան ավելի վաղ իշխանության հետ անհամաձայնության պատճառով աշխատանքից հեռացրել էր 400 բժշկի: Համավարակի դեմ պայքարի ուրիշ այլ միջոցառում նա չի հրապարակայնացրել:

Մինչ Օրտեգան բացակայում է, Նիկարագուայի բնակիչները իրենք են իրենց համար մեկուսացման եւ տնտեսությունն աշխատեցնելու կանոններ սահմանում: Անգամ եկեղեցիներն են սեփական կամքով փակվել: Իսկ այդ ընթացքում զբոսաշրջության ինստիտուտը փառատոների մի մեծ ծրագիր է գործարկել՝ դրսի հոսքերի նվազման պատճառով մարդկանց կոչ անելով զարկ տալ ներքին տուրիզմին: Չինովնիկներն այցելում են ծնողներին, որպեսզի նրանք երեխաներին դպրոց  ուղարկեն: Օրտեգայի կինը, որ համատեղության կարգով երկրի փոխնախագահն է, մարդկանց շքերթ է կազմակերպում՝ ի աջակցություն COVID-19-ից տուժած ընտանիքների: Իսկ ռադիոյով ուրախ երաժշտություն է հնչում ձեռքերը լվալու կոչերով:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930