Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդագրական անվտանգության ապահովումն է որոշելու երկրի զարգացման կայունությունը. Վերգինե Սահակյան

Ապրիլ 18,2020 14:33

ՀՀ ժողովրդագրական անվտանգության խնդիրները

 Հաշվի առնելով  աշխարհագրական դիրքը, սահմանակից երկու երկրների հետ փակ սահմանները և կոնֆլիկտային հարաբերությունները, տնտեսության սահմանափակ հնարավորությունները` Հայաստանի Հանրապետության համար առանցքային նշանակություն ունեն մարդկային ռեսուրսները և ըստ այդմ՝ ժողովրդագրական անվտանգությունը: Նախևառաջ հարկ ենք համարում անդրադարձ կատարել անվտանգություն և ժողովրդագրական անվտանգություն հասկացություններին:

Անվտանգություն ասելով հասկանում ենք ոչ միայն օբյեկտի նորմալ վիճակի պաշտպանությունը նրա վրա ազդող գործոններից, որոնք վտանգում են կենսագործունեությունը, այլ նաև այդպիսի վիճակի վերականգնումը: Իսկ ժողովրդագրական անվտանգությունն իրական և հավանական վտանգներից կյանքի հիմնական, կարևորագույն՝ ժողովրդավերարտադրողական գործընթացների պաշտպանությունն է: Այսպիսով, այն  վերարտադրողական գործընթացներում առկա խնդիրների նվազեցումը և մյուս կողմից էլ դրանց առաջացման պատճառների չեզոքացումն է: Պետք է նշել նաև, որ այս բնագավառում առկա վտանգներն ազդում են երկրի կայուն զարգացման վրա:

Ժողովրդագրական անվտանգությունը գնահատելիս տարբեր հեղինակների կողմից առանձնացվում են քանակական ցուցանիշների գնահատման տարբեր սանդղակներ: Վերջինիս ուսումնասիրությունն իրականացնելիս անհրաժեշտ է դիտարկել վիճակագրական ցուցանիշների ողջ համակարգը, որը հնարավորություն կտա իրականացնել տվյալ ժամանակաշրջանում ժողովրդագրական  իրադրության ախտորոշում: Ժողովրդագրական գործընթացների գնահատման համար հաճախ օգտագործում են ծննդի և մահացության մակարդակների հարաբերակցությունը, միգրացիայի մնացորդը (նաև ըստ տարածաշրջանների՝ գյուղական և քաղաքային), բնակչության սեռատարիքային կառուցվածքը և այլն:[1]

Ինչպես արդեն նշեցինք, ժողովրդագրական անվտանգության գնահատումը պահանջում էր դիտարկել վիճակագրական ցուցանիշների ողջ համակարգը, ինչն առանձին ուսումնասիրության նյութ է: Ուստի փորձենք հասկանալ՝ մեր պետության կողմից ինչ քայլեր են ձեռնարկվել ժողովրդագրական իրավիճակի բարելավման և ժողովրդագրական անվտանգության ապահովման ուղղությամբ:

Հարկ է նշել նաև, որ դեռևս 2007թ. ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ ժողովրդագրական բացասական միտումները (ցածր ծնելիությունը, հիվանդացության և մահացության դեռևս ոչ ցածր և կյանքի միջին տևողության ու որակի ոչ բավարար ցուցանիշները, չկառավարվող և անօրինական արտագաղթը) ներկայացվում են որպես ազգային անվտանգության ներքին սպառնալիքներ:[2]

2011թ. ընդունվեց ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման պետական ծրագիրը, որտեղ ամրագրվեցին հետևյալ խնդիրները՝

1.ժողովրդագրական զարգացմանն առնչվող իրավական դաշտի կատարելագործումը,

2.ծնելիության խթանումը՝ երեխաներ ունենալու և մեծացնելու համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով,

3.երիտասարդ ընտանիքների ձևավորման գործընթացների վրա նպատակային ներազդման միջոցով բնակչության ամուսնական կառուցվածքի բարելավման, ամուսնա-ընտանեկան արժեքների պահպանմանն ու զարգացմանը նպատակաուղղված ծրագրերի իրականացումը,

4.կյանքի միջին տևողության ավելացումը,

5.վերարտադրողական տարիքի անձանց արտագաղթի ծավալների նվազեցումը,

6.ներգաղթի խթանմանն ուղղված համարժեք քաղաքականության մշակումը,

7.բնակչության առողջության և հատկապես վերարտադրողական առողջության վիճակի բարելավումը՝ սոցիալական բոլոր խմբերի վերարտադրողական առողջ կյանքի համար հավասար պայմանների ապահովմամբ,

8.բնակչության տարածքային տեղաբաշխման անհամաչափության նվազեցումը և մարզերի որոշ բնակավայրերի ապաբնակեցման տեմպերի սահմանափակումը:[3]

Ծրագրում ներկայացված էին  նաև այս խնդիրների լուծմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ցանկը և ակնկալվող արդյունքները: Կառավարության կողմից նմանատիպ ծրագրեր ընդունվեցին նաև հետագա տարիներին[4], որոնք ուղղված են եղել ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանը, սակայն դրանք ամբողջապես չեն կարողացել ապահովել ցանկալի արդյունքներ, ինչը կարող ենք տեսնել Ազգային վիճակագրական կոմիտեի կայքում[5] յուրաքանչյուր տարի հրապարակվող  վիճակագրական ցուցանիշները վերլուծելու միջոցով:

Այս ամենին հավելենք նաև՝ նախորդ տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվեց Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ:[6] Խորհրդի նիստում որոշվեց մեկնարկել ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր, որոնց մի մասն արդեն իրականացվել է:

Կարծում ենք, որ ժողովրդագրական անվտանգության հարցն ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ կտրվածքով արդիական է լինելու Հայաստանի Հանրապետության համար, քանի որ Ազգային անվտանգությունն ուղղակիորեն կախված է լինելու երկրում առկա ժողովրդագրական իրավիճակից: Առաջիկայում ժողովրդագրական ցուցանիշների զարգացումից է առկախ նաև Ազգային անվտանգության մի շարք բաղադրիչների՝ տնտեսական, սոցիալական, ռազմական, տեղեկատվական, քաղաքական և այլ անվտանգությունները:

Ներկայիս ՀՀ ժողովրդագրական ճգնաժամի պայմաններում կայուն աճելու է ժողովրդագրական քաղաքականության կարևորությունն ու դերը՝ որպես պետական կարգավորման կարևոր ուղղություն և ազգային ու տնտեսական անվտանգության բաղկացուցիչ մաս:

Հետևաբար, ժողովրդագրական անվտանգության ապահովումն է որոշելու երկրի զարգացման կայունությունը, տնտեսական աճը, բնակչության կենսամակարդակն ու բարեկեցությունը:

Վերգինե ՍԱՀԱԿՅԱՆ

Ժողովրդավարության XXI դպրոցի շրջանավարտ

«Անվտանգություն, ժողովրդավարություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

[1] Ֆահրադյան Մ., «Ժողովրդագրական անվտանգության գնահատման վիճակագրական ցուցանիշների համակարգը և դրա կարգավորման հիմնահարցերը ՀՀ-ում»

[2] ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրը, ուժի մեջ է մտել 25․02․2007թ․

[3] ՀՀ Ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2011թ․ պետական ծրագիր

[4] ՀՀ Ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018թթ․ ազգային ծրագիր

[5]ՀՀ Վիճակագրական կոմիտե

[6] Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ ստեղծելու մասին ՀՀ վարչապետի որոշումը, 4 ապրիլի, 2019թ․, N 347 – Ա որոշում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930