Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանր հիվանդություններով տառապող անձանց ցուցակում գտնվող կալանավորին կալանքից ազատեց դատարանը

Ապրիլ 18,2020 13:30

Հանրային գրասենյակի փաստաբան, պաշտպան Լ.Ավետիսյանի տեղեկացմամբ, միջին ծանրության հանցանքներ կատարած պաշտպանյալի` Գարիկ Զաքարյանի նյութական վիճակը պաշտպանական կողմին թույլ չտվեց հանդես գալ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու միջնորդությամբ:

Թիվ ԵԴ/0241/01/17 քրեական գործով ամբաստանյալ Գարիկ Զաքարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Հանրային գրասենյակի պաշտպանը միջնորդություն էր ուղարկել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, կալանքը փոփոխելու եւ որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրություն ընտրելու մասին։

Ապրիլի 15-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը Եվրոպայի խորհրդի խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի մարտի 20-ին հրապարակած զեկույցի համաձայն,  բավարարեց ընդհանուր 16 դրվագով մեղադրվող, ամբաստանյալ Գարիկ Զաքարյանի պաշտպանի միջնորդությունը (Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել 12 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով, մեկ դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով, 2 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 1 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար-Ռ.Մ.):

Ըստ պաշտպանի միջնորդության՝ առաջադրված մեղադրանքում Գարիկ Զաքարյանն իրեն մեղավոր է ճանաչել, տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, որով օժանդակել է նախաքննությանը՝ օբյեկտիվ իրականությունը պարզելու համար: «Առավոտին» պաշտպանը երեկ տեղեկացրեց, որ անցյալ տարվա սեպտեմբերի 18-ի դատավճռով Գարիկ Զաքարյանը դատապարտվել է 3 տարի 9 ամիս 5 օր վերջնական ժամկետով ազատազրկման, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը՝ չհեռանալու մասին, փոխվել էր կալանավորմամբ:

Կալանավորը գտնվում էր ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Նշված քրեական գործով  օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա եւ, ըստ էության, Գարիկ Զաքարյանը համարվում է կալանավորված անձ:

Բացի Եվրոպայի խորհրդի մարտի 20-ին հրապարակած զեկույցի պահանջների, «Դատապարտյալների հիվանդանոցում»  պատիժը կրող Գարիկ Զաքարյանը տառապում էր մի շարք ծանր հիվանդություններով, մասնավորապես՝ նա ճանաչվել էր զինվորական ծառայության համար ոչ պիտանի, իսկ  2019թ.  ապրիլի 5-ի բժշկասոցիալական փորձաքննության թիվ 1388568 որոշման համաձայն, ճանաչվել է 3-րդ խմբի հաշմանդամ։

Գարիկ Զաքարյանի մոտ «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ-ում դուպլեքս սկանավորման եզրակացությամբ արձանագրվել է՝ աջ ծունկ-ազդրային, ձախ ազդրային սեգմենտի տարած ֆլեբեթրոմբոզ լավ արտահայտված ռեկանալիզացիայով, վարիկոզ տարած թրոմբոֆլեյբիտի նշաններով, վերջույթների լիմֆոստազ, աճուկային շրջանի լիմֆադենոպատիա։ Նույն հիվանդությունը հաստատվել էր «Աստղիկ» ԲԿ-ում, որտեղ նրա մոտ հաստատվել են ստորին վերջույթների երկկողմանի վարիկոզ, տրոմբոֆլեյիտ եւ լիմֆոտազ հիվանդությունները։

Փաստաբանն ասում է. «Գտնվելով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, Գարիկ Զաքարյանը առողջության վատթարացման պատճառով բազմիցս տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոցներ, որտեղ ենթարկվել է ստուգումների եւ ստացել է անհետաձգելի բուժօգնություն: Մասնավորապես՝  «2018թ. հունիսի 20-ից մինչեւ 22-ը ստացիոնար բուժվել է «Արմենիա» ԲԿ-ում, որտեղ համաձայն հիվանդության քարտի քաղվածքի, նրա մոտ ախտորոշվել է «Զույգ ստորին վերջույթների հետթրոմբոֆլեյիտիվ հիվանդություն, խառը ձեւ: Ստորին վերջույթների վարիկոզ հիվանդություն: Արտաքին արյունահոսություն երակից ձախ ծնկային հոդի շրջանում», ապա, 2019թ. սեպտեմբերի 15-ից մինչեւ սեպտեմբերի 17-ը ստացիոնար բուժվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոնում, որտեղ նրա մոտ ախտորոշվել է՝ «աջակողմյան աճուկային ներուղղվող ճողվածք: Ձախակողմյան աճուկային ներուղղված ճողվածք»: Ուղեկցող հիվանդություններ՝ ստորին վերջույթների վարիկոզ հիվանդություն, նաեւ անբուժելի հիվանդություն»:

ՔԿՀ ղեկավարի կողմից 2020թ. փետրվարին դատարանին հայտնվել էր, որ Գարիկ Զաքարյանն ընդգրկված է ծանր հիվանդություններով տառապող անձանց ցուցակում։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17
.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930