Լրահոս
Օրվա լրահոսը

Պարարվեստի ոլորտը շուրջ 3 տասնամյակ սպասում է ԱԺ-ին

Ապրիլ 18,2020 13:00

«Առավոտը» քանիցս անդրադարձել է մեզ մոտ պարողների, բալետի արտիստների՝ ընդհանուր հիմունքներով կենսաթոշակի անցնելու խնդրին, բայց համապատասխան մարմինների կողմից ոչ մի արձագանք։

Խորհրդային ժամանակներում, ի թիվս այլ մասնագիտությունների, պարողներն ու փողային գործիքների երաժիշտներն ունեին արտոնություն. փողային գործիքների երաժիշտները 25, պարուհիները՝  18, իսկ պարողները՝ 20 տարվա բեմական գործունեությունից հետո անցնում էին կենսաթոշակի։

Մշակույթի ոլորտում կան մասնագիտություններ, այդ թվում՝ նկարչի, գրողի, որոնք կարող են ստեղծագործել առանց տարիքային սահմանափակման, մինչդեռ հնարավոր չէ նույնիսկ պատկերացնել բեմում, ասենք՝ 40-ն անց բալետի արտիստի։ Հենց այդ հանգամանքն է տարիներ շարունակ եւ պարային կոլեկտիվներում, եւ օպերային թատրոնում ստեղծում լարված իրավիճակներ։ Ի վերջո, պարտադի՞ր է, որ ԱԺ-ում այդ հարցը բարձրացնեն պարողներն ու բալետի արտիստները, չէ՞ որ խորհրդարանում բոլոր ժամանակներում էլ եղել են արվեստագետ պատգամավորներ։ Ժամանակին բալետի պրիմա պարուհի Ժակլին Սարխոշյանն այս հարցի առնչությամբ ասել է. «Արեւմուտքում բալետի արտիստը 20 տարի աշխատելուց հետո թոշակավորվում է: Իսկ, օրինակ՝ Գերմանիայի կառավարությունը պարարվեստի ոլորտի «տարեցներին» տրամադրում է շուրջ 40 հազար եվրո, որ ցանկության դեպքում նրանք այլ մասնագիտություն ձեռք բերեն: Միանշանակ ծիծաղելի է, որ բալետի արտիստներս թոշակի ենք անցնելու 63 տարեկանում: Ստացվում է՝ ինչ-ինչ միջոցներով դեռ պետք է հասնես 63 տարիքին, հետո նոր ստանաս բաղձալի թոշակը»:

2008թ. փողային գործիքների երաժիշտներն ու պարողները իրենց արտոնությունները վերականգնելու նպատակով դիմեցին Ազգային ժողով, որի արդյունքում երաժիշտների պահանջը բավարարվեց՝ նրանք կենսաթոշակի են անցնում 50 տարեկանից, իսկ պարողների մասով մինչ օրս լռություն է։

Ողջունելի է, որ կառավարության որոշմամբ օլիմպիական չեմպիոն եւ մրցանակակիր հայ մարզիկները ցմահ թոշակ կստանան: Բայց հետաքրքիր է՝ ինչո՞ւ արվեստի ոլորտների ներկայացուցիչները չունենան նման արտոնություն: Օրինակ՝ գրողների դեպքում ինչպիսի՞ չափանիշներ պետք է հաշվի առնվեն: Գուցե նկատի առնվի այն հանգամանքը, որ տվյալ գրողը պետական մրցանա՞կ է ստացել…

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17
.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930