Արցախում տեղի ունեցած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքների, դրանց հաջորդած զարգացումների մասին «Առավոտը» զրուցեց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի հետ:
-Արցախի ընտրություններից հետո մի կողմից Արայիկ Հարությունյանը ստանում է շնորհավորանքներ ժողովրդավարական ընտրություններում հաղթանակի համար, ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ ընտրությունները ժողովրդավարական էին, մյուս կողմից հնչում են քննադատություններ, թե Արցախում տեղի է ունեցել իշխանության վերարտադրություն, որ լուրջ ընտրություններ չէին. ընդամենը ծիսակարգն էր իրականացվում: Ի վերջո, ի՞նչ տվեցին Արցախին այս ընտրությունները:
-Հայաստանի անկախացումից ի վեր մենք իշխանական վերնախավի փոփոխության ընդամենը երկու դեպք ունենք՝ 1998-ին ու 2018-ին եւ դրանցից ոչ մեկը կապված չի եղել ընտրական գործընթացների հետ: Ընդ որում, իշխանական վերնախավի այդ փոփոխությունը երկու դեպքում էլ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում, մինչդեռ Արցախի Հանրապետությունում իշխանական խմբավորման փոփոխություն, որպես այդպիսին, առհասարակ տեղի չի ունեցել, թեեւ ներիշխանական խարդավանքների ու բախումների պակաս այնտեղ եւս չի եղել: Ասածս այն է, որ «ընտրություններ» ասվածի պաշտոնական արդյունքները 1991 թվականից ի վեր, ըստ էության, աղերսներ չեն ունեցել ընտրողների՝ իշխանության հանդեպ ունեցած իրական զգացմունքների ու մտքերի հետ: Շնորհավորանքներն, ըստ այդմ, այժմ առավելապես ուղղված են արցախյան իշխող խմբավորմանը, որը կարողացավ համարյա անցնցում վերահաստատել կառավարման լծակների նկատմամբ իր ունեցած վերահսկողությունը: Այդուհանդերձ, պետք է արձանագրենք նաեւ, որ պարոն Արայիկ Հարությունյանը պաշտոնապես՝ ԱՀ ԿԸՀ ամփոփիչ տվյալների համաձայն, հանդիսանում է Արցախի ընտրողների փոքրամասնության նախագահը, ինչն իր վրա լրացուցիչ լրջագույն պատասխանատվություն է դնում:
-Մտահոգություններ կան այն մասին, որ ընտրությունները կարող էին ավելի ժողովրդավար համարվել, եթե լինեին միջազգային դիտորդներ, Դուք ի՞նչ կարծիք ունեք:
Կարդացեք նաև
-Միամիտ խոսակցություններ են: Միջազգային դիտորդների դերը հայկական միջավայրում անցկացվող ընտրություններում մշտապես բացասական է եղել. նրանք, քվեարկության ընթացքում առանձին խախտումներ արձանագրելով, փաստացիորեն աջակցել են արդյունքների համընդհանուր կեղծմանը: Մեզանում ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու մեթոդը կսկսի արդյունավետ աշխատել միայն այն ժամանակ, երբ մեր քաղաքական վերնախավերը՝ ընդդիմությունն ու իշխանությունը, կդադարեն չարաշահել ընտրողների վստահությունը, ձեռք կքաշեն ետնաբեմային գործարքներից ու ընտրությունների արդյունքները զանգվածաբար կեղծելու միջոցով իշխանությունը զավթելու պրակտիկայից:
-Ընտրությունների ելքով Արցախում ուժերի ինչպիսի՞ դասավորության hետ գործ ունենք, եւ առաջիկայում ի՞նչ զարգացումներ սպասենք. կոալիցիոն համագործակցության նախադրյալներ տեսնո՞ւմ եք:
-Էական է, որ նախագահ Հարությունյանը Ազգային Ժողովում պետք է որ խնդիրներ չունենա՝ կհամագործակցի Աշոտ Ղուլյանի ու Դաշնակցության հետ: Սամվել Բաբայանի կողմից ղեկավարվող քաղաքական ուժը, որը զգալի թվով տեղեր է ստացել խորհրդարանում, կարող է բավականին յուրօրինակ դերակատարում ստանձնել որոշ ժամանակ անց, բայց այդ մասին խոսելու ժամանակը չէ այսօր: Չեմ բացառում նաեւ, որ առաջիկայում Արցախում կարող է տեղի ունենալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների ու աջակիցների քաղաքական համախմբում:
-Սամվել Բաբայան-Մասիս Մայիլյան, Արայիկ Հարությունյան-Մասիս Մայիլյան հարաբերությունները ինչպե՞ս կգնահատեք, մանավանդ, որ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ երկրում ոչ մեկի հետ խնդիր չունի: Ձեր տպավորությամբ՝ իրականում ի՞նչ խնդիրներ կան:
-Սամվել Բաբայան-Մասիս Մայիլյան դաշինքն ամեն դեպքում կարճաժամկետ բնույթ պետք է ունենար: Նախապես տեսանելի էր, որ նախագահական ընտրությունները երկու փուլով են անցնելու, մինչդեռ խորհրդարանական ընտրությունները հենց մարտի 31-ին էլ կավարտվեն: Մարտավարական առումով դաշինքից շահեցին եւ՚ Մայիլյանը, որն անցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, եւ՚ Բաբայանի կուսակցությունը, որը, եթե չեմ սխալվում, խորհրդարանում ինը մանդատ է ստացել: Կարելի է ասել, որ երկուսն էլ ստացան իրենց ունեցած հնարավորի առավելագույնը: Ինչ վերաբերվում է Արայիկ Հարությունյան-Մասիս Մայիլյան հարաբերությունների ապագային, ապա ինձ համար անակնկալ չի լինի, եթե Արցախի նոր նախագահը Մասիս Մայիլյանին առաջարկի զբաղեցնել Արտգործնախարարի պաշտոնն իր կառավարությունում, իսկ վերջինս էլ ընդունի այդ առաջարկը:
-Ձեր գնահատմամբ՝ ինչպե՞ս կընթանա համագործակցությունը Հայաստանի եւ Արցախի միջեւ Արայիկ Հարությունյանի նախագահության պայմաններում՝ հաշվի առնելով ՀՀ իշխանությունների՝ Արայիկ Հարությունյանի թեկնածության նկամամբ ոչ միանշանակ վերաբերմունքը:
-Ամեն դեպքում ՀՀ գործող իշխանությունները կնախընտրեն գործ ունենալ Արցախի այնպիսի ղեկավարի հետ, որն ընդունակ կլինի իր ներքին քաղաքական խնդիրներով չծանրաբեռնել պաշտոնական Երեւանին: Կարծում եմ, որ այդ տեսանկյունից Արայիկ Հարությունյանը միանգամայն ընդունելի պահվածք կորդեգրի ու կկարողանա առնվազն առաջիկա մեկուկես-երկու տարվա կտրվածքով ապահովել բարյացկամ եւ գործնական փոխհարաբերություններ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ, անկախ այն բանից, թե առ այսօր իր նկատմամբ պաշտոնական Երեւանի վերաբերմունքը միանշանակ էր, թե՝ ոչ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.04.2020