Այս օրերին ո՛ր մշակույթն ինչ ունի, հանում է հրապարակ: Օրինակ՝ ռուսական ղեկավարությունը չհոգնեց կրկնել, որ սա երկարատեւ արձակուրդ չէ, այլ պարտադրված մեկուսացում, ուստի պետք է նորին գերազանցություն Ժամանակը ոչ թե մսխել, այլ օգտագործել: Մշակութային նախանձելի պատրաստվածության խնդիր է. ռուսական մշակութային համակարգը գիտակցել է Ժամանակի՝ Քրոնոս աստծո ամենակարող լինելը, որին հաղթողը միայն կարող է Զեւս՝ գլխավոր աստված հռչակվել:
Հանրային մակարդակով մշակութային սեփական անբռնազբոս գույնի երեւակում է շարքային իտալացիների երգելը պատշգամբներից: Այստեղ էական է ե՛ւ ընտրությունը՝ երգելը, ե՛ւ միասնաբար նույն երգը երգել ուզենալն ու կարողանալը, որի չգոյությունից մեր Աղասի Այվազյանն իր «Եռանկյունի» ֆիլմում բողոքում էր դեռ կես դար առաջ. «Վեց հոգով յոթ երգ ենք երգում»: Առանց ժամանակակից իտալացիների մեր մոլորակն աղքատ ու կիսադատարկ կլինի. առնվազն դա են վկայում տարբեր ազգերի ներկայացուցիչների համատարած «կիսումներն» իրենց ֆեյսբուքյան էջերում:
Մի կողմ թողնենք հույժ խորքային այն հանգամանքը, որ մենք, ի տարբերություն ռուսների, իտալացիների եւ հին աշխարհամասի շատ մշակութակիր ազգերի, չունենք այն երգն ու երգերը, որ մեր հոգունն է, ինչպես Կոստան Զարյանը կասեր, եւ որը բոլորս ուզում ու կարող ենք միասնաբար երգել վշտի կամ ուրախության սահմանային վիճակներում, դնդնալ մեր քթի տակ, երբ մենակ ենք ու «թերթ ենք կարդում կամ գնացել ենք շուկա՝ փայտ գնելու»: Ու փոխանակ երկնելու այդ երգը՝ մենք որպես առաջին քայլ ոտնձգություն ենք անում եղածի՝ պետական հիմնի դեմ: Մե՛ր երգն ունենալու համար փոխանակ մեր դասագրքերից սկսելու՝ մենք ոտնձգություն ենք անում բուն դասագիրք գաղափարի դեմ՝ փորձելով պետական լեզուն վտարել գիտական հիմնարկներից՝ բուհերից: Երեւի «ճիշտ» ենք՝ եթե աչքը հանենք, աչքի ցավը կանցնի ինքնաբերաբար:
Բայց որպես մի հին ցեղի վերջին փշրանքներ՝ մենք լավ որսացել ենք «պոզա բռնելու»՝ խելոք ու կարեւոր երեւալու մի «ո՛չ տաք եւ ո՛չ պաղ» վիճակ: Սա՛ է սարսափեցնողը՝ գաղջը, որի համար ասվում է, թե՝ «Քեզ պիտի փսխեմ իմ բերանից»: Մեր սոցիալական ցանցերում գեղեցիկ գույների ու վանդակների մեջ առնված համատարած ռուսալեզու մեջբերումներ են Արիստոտելից մինչեւ Ֆրեյդ, Օրուելից մինչեւ Բիլ Գեյթս, թեեւ սրանցից որեւէ մեկը ռուսերեն չի իմացել եւ ռուսերեն որեւէ բառ չի ասել: Դրանք գոնե հայերեն թարգմանությամբ հայատառ տարածելը, կարծես, դժվար չէ: Երեսուն տարվա անկախությունը բավարար պետք է լիներ, որ ոչ միայն մեր սոցցանցային անուն-ազգանուններն ու գրառումներն արդեն լինեին հայերեն (երբեմն՝ ուղեկցված լատինատառ), այլեւ սկսված լիներ մի շարժում, որով փոխած կլինեինք ոչ լավ օրից մեզ ժառանգված՝ առնվազն թուրքական արմատներով ազգանունները: Մի՞թե խայտառակություն չէ, երբ Մայր աթոռի շնորհավորանքները եւս երբեմն հայատառ չեն: Ամենից քամահրելին, իհարկե, սեփական անուն-ազգանունը սոցցանցում ռուսատառ գրելն է. երբ դա անում է Ռուսաստանում հայտնված միջին վիճակագրական ասֆալտ փռող կամ փռում աշխատող մեր հայրենակիցը, ինչ-որ տեղ ընկալելի է – նա ենթագիտակցորեն փորձում է քծնելու միջոցով տեղացիների աչքին յուրային երեւալ, սեփական անվտանգությունն ապահովել՝ նապաստակի նման մորթին փոխելով եւ միջավայրի գույներին համապատասխանեցվելով: Իսկ ո՞ւմ համար են միայն Ռուսաստանում ընկալելի տառերով գրված հայաստանաբնակների ինքնության անունները:
Կարդացեք նաև
Կեղծիքն ու դերասանությունն ակներեւ են. այնպես չէ՞:
Ասում ենք սոցիալական ցանցեր. «սոցիալը» լատիներեն նույն «հանրային», «ընկերային» բառն է: Կարանտինի պայմաններում այդ ցանցը գրեթե մինչեւ վերջ փոխարինել է նախկին առօրյային կամ, ինչպես մեր պետության առաջին դեմքերից մեկն ասաց, «բեսեդկում լռվելուն»: Այո՛, հիմա իտալացիների հանրային երգի մեր տարբերակը «բեսեդկում լռվելն» է՝ «բեսեդկի» մշակութաբանությամբ՝ զառ գցելով ու հայհոյելով, մեծ քաղաքականությունից մինչեւ տարատեսակ դավադրությունների մասին սիրողական մակարդակով «զրից» անելով, Թումանյանից ու Սահյանից Copy-Paste անելով (նայած՝ որի տարեդարձն է), Հոբ Երանելու ապուշ ժպիտներ հավաքելով, միմյանց մանկամիտ գլուխկոտրուկներ առաջարկելով… Միով բանիվ՝ մենք զբաղված են միմյանց զբաղեցնելով՝ «թվային» նարդի խաղալով, թվային քաղաքակրթության գավառականացմամբ՝ մինչեւ «կա՛մ էշը կսատկի, կա՛մ իշատերը»: Սա՛ ենք մենք, սա էլ մեր Իտալիան է, որի համար ոչ մի Միքայել Նալբանդյան չի զորի ասելու, թե «թշվառ չէ»:
Մեր նորօրյա մշակույթը լավագույնս դրսեւորվում է հիմա՝ ցույց տալով, թե մենք արդյո՞ք մրցունակ ենք, մենք ինչ-որ նոր բանի արդյո՞ք ունակ ենք: Հեռուստաալիքներից մեկով առավոտից երեկո պարտադիր պետք է իմանանք, թե «Թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի» խոսքն «աշխարհում առաջինը պետականորեն ընդունած» ազգի պանծալի զավակի անունից ինչպես է այսուայնտեղ հրապարակային «ծոմապահություն» արվում, եւ չկա մի Պարույր Սեւակ, որ հանդգնի ասել. «Եվ մի՛ ընդունեցեք նրանց մատաղը, որ իրենցը չէ, այլ գողացված է»: Հեռուստաալիքներից մյուսով կամ մյուսներով առավոտից երեկո երգիծանքի եւ հումորի անվան տակ պետք է մատուցվեն ամենացածրակարգ ու գռեհիկ անհեթեթություններ, օրավարձով աշխատողներ «չունեցող» աղքատների մեր երկրում կերակուրների պատրաստման կրակահերթ արձակել՝ այդ ամենը սահեցնելով որպես ազգային խոհանոց, դա էլ սահեցնելով որպես ազգային արժեք: Խե՜ղճ խոհանոց, խե՜ղճ արժեքներ: Իսկ երկրի կենտրոնական հեռուստաալիքը պետք է երկրի պետական լեզվի տարրական իմացությունից զուրկ ու միայն «ֆեյսբուքյան ցիտատներով» մշակույթներին քաջածանոթ հարցազրուցավարներով տեղեկատվություն ապահովի ու դաստիարակի: Այս կորոնավիրուսից շատ առաջ մեկ այլ սարսափելի կորոնավիրուս թափանցել է մեր հանրային ու անհատական գիտակցության մեջ ու քանդել դրա դեմ պայքարող իմունոհամակարգը: «Աղէտ մը կայ աղէտէն առաջ. հասեր է կորիզին»,- գրում էր Օշականը դեռ 1914-ին, ավելին՝ նա այն կարծիքին էր, թե՝ «ժողովուրդը դարձել է ամբոխ, պատռտված, կենտրոնից վտարված հավաքական թիվ»:
Պետականության մեր այս կարճատեւ ընթացքը գուցեեւ լավագույնս չի իրացվել հոգեւոր-մշակութային ամրություն ապահովելու տեսանկյունից, բայց եղել են «հիշատակության արժանի դեպքեր», որոնք մանավանդ այսօր կարող են, Օշականի ասած, ամբոխին նորից ժողովուրդ դարձնել, կորիզն ախտահանել ու երբեմնի ազնիվ տեսակին բերել: Զենքը ձեռքին Արցախն ազատագրածներն են նույնիսկ մոլեգնորեն ելնում իրար դեմ՝ միմյանց ազատ կարծիք ունենալու իրավունքը չընդունելով: Շնորհավորե՞լ Արցախում կայացած ընտրությունը, թե՞ մերժել: Իրավականորեն Արցախը Հայաստանի մա՞րզ հռչակել, թե՞ շարունակել խաղը: Գարեգին Բ-ն իրավունք ունի՞ Ռոբերտ Քոչարյանի համար խոսք ասելու, թե՞ նա կորցրել է այդ իրավունքը, երբ լռել է հոկտեմբերի 27-ին ու մարտի 1-ին, ու պե՞տք է ԱԺ-ն ու ԿԳԲ-ն դուրս բերել նրա դեմ, այն էլ՝ «ժանտախտի պահին»: Սրանք միայն առաջին հայացքից են տարբեր թեմաների հարցեր, իսկ իրականում այս եւ երկպառակության բերող տասնյակ այլ հարցերի պատասխանը արժեհամակարգային է: Բացակայում են թե՛ արժեքները, թե՛ դրանց համակարգը, թե՛ ադեկվատ արժեքներ ու արժեհամակարգ ունենալու կենսական անհրաժեշտության գիտակցումը, թե՛ այդ գիտակցումն առարկայացնելու ու սեփական օրինակով եւ տարփողմամբ սերմանելու կոչված երկրի ուսյալ հատվածի կամքն ու խիզախումը, ինչքից այն կողմ տեսանելու վերուստ տրվող շնորհը:
Մեր ներկա՝ ոչ միանշանակ արժեքները մեծավ մասամբ գալիս են թուրքական, պարսկական, ռուսական, խորհրդային գաղութացման ժամանակներից եւ օրինաչափորեն մուտացված են: Ժամանակին մի Րաֆֆի եւ մի Ռափայել Պատկանյան բավարար էին, որ դարերի նիրհի մեջ ընկղմված ժողովուրդ արթնացվի, շարժում սկսվի, արժեքներ փոխվեն, երազներ ծնվեն: Հիմա շատ ավելի հեշտ է. հիմա, Չարենցի ասած, «Շոշափելի՛ Երկիր Նաիրի կա», ավելին՝ կա կորոնավիրուսի ընձեռած այս խորհելու, կենտրոնանալու, թացն ու չորը, բարին ու չարը, նյութն ու ոգին, անցողիկն ու հավերժականը դասդասելու, համակարգելու հնարավորությունը: Եթե այս երանելի պահն էլ բաց թողնվի, ապա այլեւս գրեթե անհնար է լինելու ինտելեկտուալին ինտելիգենտից տարբերելը, չարակամությունն ու մտահոգությամբ քննադատելը տարբերելը, սեփական ես-ով պատշգամբ դուրս գալն ու աշխարհի համար ընկալելի սեփական երգը բարձրաձայնելը՝ Նոյյան տապանում տեղ ունենալն ու «որպես անհաս փառքի ճամփա»՝ Մասիսին հանգրվանելը:
Միքայէլ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Պահպանողական կուսակցության նախագահ
«Առավոտ» օրաթերթ
17.04.2020