Լրահոս
Օրվա լրահոսը

Լիմֆոմա քաղցկեղով հիվանդ կնոջը ԲՍՓ-ն զրկել էր հաշմանդամությունից եւ թոշակից

Ապրիլ 18,2020 14:00

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ԲՍՓ գործակալությունը պարտվեց վարչական դատարանում

Շուրջ 2 տարի տեւած դատավարության արդյունքում քաղցկեղով հիվանդ կնոջ խախտված իրավունքները ՀՀ վարչական դատարանի կողմից վերականգնվեցին:

Վարչական դատարանը փաստեց, որ հայցվորի առողջական վիճակը, որը հիմք էր հանդիսացել 2015-2016 թվականներին վերջինիս 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչելու համար, առնվազն չէր բարելավվել, այլ՝ վատթարացել է:

2014թ.-ին կնոջ մոտ ախտորոշվել են մի շարք ծանր հիվանդություններ, որոնցից են՝ մարգինալ շրջանի լիմֆոմա՝ IV շրջան պերիֆերիկ, ներկրծքային, ներորովայնային ավշահանգույցների, թոքի ախտահարումով, արյունաստեղծ ֆունկցիայի արտահայտված խանգարումով: Այդ կապակցությամբ 2015թ.-ին կնոջ համար սահմանվել էր հաշմանդամության 2-րդ խումբ եւ նշանակվել թոշակ:

Սակայն, 2017թ.-ին հաշմանդամության կարգը նվազեցվել է եւ սահմանվել է 3-րդ խումբ, այնուհետեւ 2018-ին կնոջն առհասարակ զրկել են հաշմանդամության կարգից եւ թոշակից, որի արդյունքում վերջինս հայտնվելով սոցիալապես ծանր վիճակում, դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ԲՍՓ գործակալության՝ վիճարկելով իրեն հաշմանդամությունից զրկելու մասին որոշումը, դատարանից խնդրելով` պարտավորեցնել իրեն վերականգնել հաշմանդամության համապատասխան խմբում:

«Առավոտին» հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Գեւորգ Մարտիրոսյանը երեկ տեղեկացրեց, որ դատարանում` դատաքննության ժամանակ էլ է հայտնել, որ հայցվորի կողմից նույն բժշկական փաստաթղթերն ամեն անգամ ներկայացվել են նույն հանձնաժողովին. «Սակայն առաջին տարում տվել են հաշմանդամության կարգը, հաջորդ տարում այն իջեցրել են, իսկ դրանից հետո հաջորդ տարում առհասարակ զրկել են: Որեւէ հիմնավորում, որեւէ պատճառաբանություն չեն բերել եւ փորձաքննություն, ըստ էության, չեն անցկացրել: Հայցվորը օնկոլոգիայով հիվանդ անձնավորություն է, ունի լիմֆատիկ ուղիների քաղցկեղ եւ հանձնաժողովը ասում է, որ նա աշխատունակ է եւ կարող է աշխատել: Մինչդեռ, անձը հիմա ռեմիսիայի մեջ է, հիվանդությունը ցանկացած պահի կարող է գլուխ բարձրացնել եւ նրա կյանքին վտանգ սպառնալ»:

Փաստաբանի կարծիքով՝ շատ հավանական է, որ այս ամենը տեղի է ունեցել բոլորին հայտնի որոշակի կոռուպցիոն սխեմաների արդյունքում, քանի որ շատերը գիտեն, թե տարիներ շարունակ հիվանդ եւ հաշմանդամ մարդիկ ինչ ճանապարհով են ստացել համապատասխան հաշմանդամության խումբ կամ այն երկարաձգել, շատերը նույնիսկ հստակ գնացուցակն են ասում եւ եթե այդ մարդիկ այդ գումարները չեն կարողացել տալ կամ քիչ են տվել՝ ցավոք, զրկվել են հաշմանդամության խմբից ու թոշակից կամ այն նվազեցվել է:

Մինչդեռ դատարանն արձանագրել է, որ 2015-2016 թվականների հաշմանդամության խումբ սահմանելու որոշումներում հիմնական հիվանդությունները նշվել են նույնը, ինչ որ 2017 թվականի որոշման մեջ, ընդ որում, 2017 թվականի որոշման համաձայն՝ հայցվորն ունեցել է նաեւ ուղեկցող հիվանդություններ՝ հեպատիտ «B» եւ ողնաշարի կրծքային հատվածի սկոլյոզ:

Ավելին, 2018թ.-ին վերափորձաքննության արդյունքում գործակալության որոշման համար հիմք հանդիսացած՝ ՀՀ ԱՆ «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» 2018 թվականին տրված խորհրդատվական թերթիկի համաձայն՝ կնոջ մոտ ախտորոշվել է «Լիմֆոմա, պերիֆերիկ, ներկրծքային, ներորովայնային ավշային հանգույցների, թոքի ախտահարումով IV շրջան: Վիճակ պոլիքիմիաթերապիայի կուրսերից հետո»: Նույն թերթիկում նշված է նաեւ հետեւյալը. «Ուղեկցող հիվանդություններ՝ հեպատիտ «B», ողնաշարի թորակալ սկոլիոզ: Հետազոտությունների տվյալներով առկա է ճարպային հեպատոզ, ձախ անութափոսում՝ 1,2սմ ավշային հանգույց: Խորհուրդ է տրվում դինամիկ հսկողություն ուռուցքաբանի, հեմատոլոգի, վարակաբանի կողմից»:

Դատարանը եզրակացրել է, որ եթե 2015-2016 թվականներին հայցվորի առողջական վիճակը համապատասխանում էր 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչվելու չափանիշներին, իսկ 2017 թվականին՝ 3-րդ խմբի հաշմանդամ ճանաչվելու չափանիշներին, ապա խնդրո առարկա հանդիսացող 2018թ.-ի որոշմամբ եւս նա պետք է ճանաչվեր 2-րդ կամ առնվազն 3-րդ խմբի հաշմանդամ:

ՀՀ վարչական դատարանը վճռել է հայցը բավարարել՝ անվավեր ճանաչել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ԲՍՓ-ի կողմից կայացրած 2018 թվականի որոշումը եւ պարտավորեցնել հայցվորի նկատմամբ ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է` սահմանել հաշմանդամության համապատասխան խումբ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17
.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930