Ուսանողները շարունակում են կրթվել հեռավար
Մարտի 16-ից աշխարհի գրեթե բոլոր համալսարաններն անցել են հեռավար ուսուցման։ Մոտ մեկ ամիս ընթացող վիրտուալ դասերի դրական ու բացասական կողմերի մասին խոսում են ուսանողները՝ ներկայացնելով այս հարցում իրենց տեսլականը։
Լիլիթ Մանուկյան, Հայ-ռուսական համալսարան, 1-ին կուրս. «Հեռավար դասերն անցնում են իմ սպասածից ավելի լավ։ Կարեւորն այն է, որ հետո չենք լրացնելու բաց թողնված դասերը։ Ինչ-որ առանձնահատուկ, հետաքրքիր մեթոդներ չեն կիրառվում, բայց ամեն ինչ անցնում ենք արդեն կազմված ծրագրով եւ ոչ մի թեմայից հետ չենք ընկնում, ինչն ուրախալի է նման պայմաններում։ Երբեք խնդիրներ չեմ ունեցել դասերի հետ կապված ու շատ հանգիստ կերպով ամեն օր պատրաստվում եմ հաջորդ օրվա դասերիս։ Ինչ վերաբերում է լավ ու վատ կողմերին, ասեմ, որ տեսողության հետ կապված խնդիրներ ունեմ ու շատ եմ նեղվում 4-5 ժամ համակարգչի դիմաց նստելուց։ Լավն էլ այն է, որ տանն եմ, ինձ վիրուսից ավելի պաշտպանված եմ զգում։ Բացի այդ, այսպես մի քիչ ավելի շատ ժամանակ ունեմ ու կարողանում եմ գիրք կարդալ, ֆիլմեր ու սերիալներ դիտել, հարազատների հետ ժամանակ անցկացնել։ Հուսով եմ՝ այս ամենը շուտ կավարտվի, եւ բոլորս կվերադառնանք մեր բնականոն կյանքին»։
Մարգարիտա Մնացականյան, Դիլիջանի միջազգային քոլեջ. «Մեր դասերն իրականացվում են հեռավար՝ Google Clasroom եւ Google Hangouts հարթակների միջոցով։ UWC-ում (UWC Dilijan College) մենք սովորում ենք «Միջազգային բակալավրիատ» ծրագրով, ուստի օգտագործում ենք հատուկ հարթակներ, ինչպիսին են ManageBac եւ kognity խելացի գրքերը։ Իմ բոլոր դասերը ներառում են ակտիվ շփում ուսուցիչների միջեւ, եւ հեռավար ուսուցման պարագայում այն պահպանվել է։
Հեռահար ուսուցման ամենամեծ դժվարություններից մեկը ժամային գոտիները համապատասխանեցնելն է։ Քանի որ մեր դպրոցում սովորում են 80-ից ավելի երկրների ուսանողներ, մի փոքր դժվար է ունենալ դասեր, որ բոլորին հարմար լինի։ Սակայն իմ բախտը բերել է, ուսուցիչների մեծ մասը Հայաստանում են։ Առաջադրանքների քանակը մի փոքր ավելացել է, ինչի արդյունքում օրական տասը ժամ անցկացնում եմ համակարգչի առջեւ։
Կարդացեք նաև
Երբ օրվա մեջ գտնում եմ ազատ ժամանակ, ընտանիքիս հետ դիտում եմ ֆիլմեր։ Աշխատում եմ նաեւ իմ նախագծի վրա՝ DiliNews-ի, որն իրականացնում է մեդիագրագիտության դասընթացներ Դիլիջանի երիտասարդների հետ»։
Աննա Գրիգորյան, Ֆրանսիա, Lycռe Bouchardon, Chaumont High School. «Մեր դասերը շարունակվում են նույն տեմպով եւ արվում է հնարավորը, որ ոչ մի առարկա բաց չթողնենք այս ընթացքում։ Չնայած քոլեջում մենք ունեինք 8-9 ժամ, այժմ մեզ տանն աշխատելու համար տրվում է ամենաքիչը 4 ժամվա աշխատանք։ Առաջադրանքները, թեստերը եւ մնացած բոլոր նյութերը ստանում ենք մեր հեռահար ուսուցման կայքից՝ ENT (Environnement numռrique de travail):
Սկզբում ինձ համար դժվար էր հարմարվել հեռավար դասերին, որովհետեւ առաջադրանքները մեծ մասամբ կատարում էինք քոլեջում ու օրվա մեծ մասն այնտեղ էինք լինում։ Չնայած փոքրիկ դժվարություններին, այնուամենայնիվ, մեր ուսուցիչները միշտ պատրաստ են մեզ օգնել։ Նրանք ցանկացած հարցում օգնության ձեռք են մեկնում հատկապես ինձ՝ հաշվի առնելով ֆրանսերեն լեզվի հետ ունեցած դժվարությունները։
Շատ ժամանակ եմ ունենում նաեւ ֆիլմեր, շոուներ դիտելու համար, սակայն հույս ունեմ, որ այս ամենն արագ կավարտվի ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ Հայաստանում»։
Արփի Մանասյան, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, 3-րդ կուրս. «Մեր դասերն անցնում են շատ հետաքրքիր։ Դասախոսները սահիկաշարի, նկարների միջոցով հետաքրքիր անցկացնում են դասերը։ Լավ կողմերը շատ են։ Նախ ավելի շատ ժամանակ ենք ունենում դասերը սովորելու համար, որովհետեւ օրվա մեջ 2 ժամ ճանապարհի վրա ենք ծախսում։
Մեր դասերը հիմնականում քննարկման ու պատմելու միջոցով են անցկացվում, եւ տնային հանձնարարություններն էլ միայն բանավոր են, դրա համար խնդիր չի առաջանում։ Չնայած, միակ խնդիրը կլինիկական առարկաների դեպքում է, որովհետեւ հիվանդանոցում, բացի բանավոր քննարկումից, հիվանդներին էլ ենք զննում։ Օնլայն դա հնարավոր չէ։
Օնլայն դասերի շնորհիվ ավելի շատ ժամանակ եմ ունենում սիրելի բաներով զբաղվելու համար։ Նկարում եմ, պարում, ֆիլմեր դիտում»։
Հերմինե Հովհաննիսյան, Ամերիկյան համալսարան, մագիստրատուրայի 2-րդ կուրս. «Սկզբնական շրջանում հետաքրքիր էր թվում, բայց բացասական կողմերը ավելի շատ են, քան դրականը։ Դրականն այն է, որ տեսականորեն ժամանակ ենք խնայում, բայց բացասականն այն է, որ տան անդամները տանն են, աղմուկը շատ է եւ կենտրոնանալը դժվար։ Բայց դասախոսները շատ արդյունավետ կերպով են կազմակերպում դասերը, մասնավորապես՝ առաջադրանքների առումով փորձում են հնարավորինս քիչ հանձնարարել։
Ամեն դեպքում, այս փորձությունն, այսպես ասած, սթրեսային է ինձ համար։ Քանի որ ամբողջությամբ խառնվել է իմ օրակարգը, դա ազդում է իմ արդյունավետության վրա։ Ազատ ժամանակ գրեթե չեմ ունենում, քանի որ այս պարագայում որոշակի դասընթացներ փոխել են իրենց ձեւաչափը, ու հեռավար չենք անում, բանավոր քննարկման փոխարեն դարձել է գրավոր, ինչն ավելի ժամանակատար է ու նորից դժվարություն է ստեղծում։ Ես գտնվում եմ ավարտական տարում, նաեւ պետք է թեզ գրեմ։ Ինձ համար տնից դաս անելն արդյունավետ չէ։ Բայց հուսով եմ՝ այս ամենը շուտ կկարգավորվի»։
Մերի ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի
«Առավոտ» օրաթերթ
17.04.2020