Ինչ փոփոխություններ կարող են դպրոցներն առաջիկայում կատարել
Արդեն մեկ ամիս է՝ Հայաստանի դպրոցները նախ փնտրտուքի, հիմա նաեւ հետաքրքիր փորձարկումների ու փոփոխությունների փուլ են մտել: Համաճարակն ամբողջ կրթական համակարգը դարձրել է համահայկական մի մեծ կրթական լաբորատորիա, որտեղ կատարվող փորձերին մասնակցում են թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները եւ թե՛ ծնողական համայնքը:
Որպես այդպիսին՝ կրթության համակարգում որեւէ նորամուծություն կամ լուրջ ներդրում չի կատարվել, կրթական համակարգի համար, սակայն, ստեղծվել են հատուկ պայմաններ հեռավար ուսուցման հնարավորությունները փորձարկելու համար: Դեռ վաղ է որեւէ գնահատական տալ, թե փորձարկումների ո՛ր փուլում ենք եւ հաջողություններ արձանագրո՞ւմ ենք, թե՞ ոչ, եւ սա բնական է, քանի որ որեւէ կերպ այս իրավիճակին կամ կրթության այլընտրանքային մոտեցումներ կիրառելուն պատրաստված չէինք: Բայց եւ ակնհայտ է, որ որքան համակարգված ու արդյունավետ կիրառենք կրթական նոր գործիքները, այնքան կնվազեցնենք համաճարակի բացասական ազդեցությունը կրթական գործընթացների վրա։
Օրերս հնչեցված եւ հանրապետության մարզերից ստացված տեղեկությունների համաձայն՝ այսօր հեռավար կրթության գործընթացն ապահովում է ավելի քան 80 տոկոս մասնակցություն. խոսքն աշակերտական համակազմի մասին է: Այս փուլում մենք, կարծում եմ, պետք է հնարավորինս խուսափենք թվեր հրապարակելուց, քանի դեռ չենք արել ամբողջական ու խորքային վերլուծություն։ Միայն փաստենք, որ անգամ զարգացած երկրներում նմանատիպ ցուցանիշ չկա:
Կարդացեք նաև
Կրթական համակարգի համար անցումային այս փուլը շատ հետաքրքիր է, որը, սակայն, էլ ավելի տեսանելի է դարձնում այն հիմնական խնդիրները, որոնք տարիներ շարունակ կան կրթության ոլորտում. ուսուցչի դերի բարձրացումը, հմտությունների զարգացումը, դասագրքերի բովանդակային փոփոխությունը նմանատիպ իրավիճակում է՛լ ավելի հրատապ լուծման խնդիրներ են դառնում:
Կրթական տեխնոլոգիայի կիրառումն ու զարգացումը բոլորին ստիպելու է մտածել այն բոլոր ռազմավարական խնդիրների մասին, որոնք կրթական համակարգն ուզում է դնել իր առաջ: Եթե բոլոր խնդիրները կետ առ կետ ու մանրամասն չբացահայտենք, դրանց մասին չբարձրաձայնենք, կրթական տեխնոլոգիաների ու հեռավար ուսուցման ներդրումը ուղղակի ձեւական բնույթ կկրի եւ ուսուցիչների, աշակերտների կյանքն ավելի կբարդացնի:
Այստեղ առանձնացրել եմ մի քանի հիմնական խնդիրներ, որոնց անընդհատ առնչվելու ենք հեռավար ուսուցման ընթացքում:
1.Դպրոցներում համակարգիչների հասանելիության հարցն ի վերջո պետք է լուծվի:
Այս կամ այն դպրոցին կամ սովորողին մի քանի հատ համակարգիչ տրամադրելը որեւէ կերպ հարցը չի լուծում: Հայաստանի շատ դպրոցներ ինֆորմատիկայի իրենց դասասենյակներում ունեն ընդամենը մեկ-երկու աշխատող համակարգիչ, եւ շատ հաճախ աշխատող համակարգիչների կողքին որպես թանգարանային նմուշ շարված են լինում հին ու չգործող համակարգիչներ:
Հիմա արդեն անհրաժեշտություն է, որ ինֆորմատիկայի դասասենյակները զինված լինեն աշխատող համակարգիչներով եւ ունենան համացանցին հասանելիություն: Շատ կարեւոր է նաեւ, որ այդ դասասենյակները լինեն բաց ոչ միայն ուսուցիչների, այլ նաեւ աշակերտների համար, քանի որ շատերի համար դպրոցը կլինի այն միակ միջավայրը, որտեղ նրանք կարող են առցանց սովորել:
2.Հեռավար ուսուցում անցկացնելիս պետք է հնարավորինս խուսափել դասախոսության ձեւաչափից:
Միայն դասը կարդալով կամ սահիկաշար ցուցադրելով հնարավոր չէ լիովին գրավել աշակերտների ուշադրությունը: Պետք է հաշվի առնենք, որ աշակերտը համացանցի անծայրածիր դաշտում է՝ հետաքրքրություններով լի, եւ դասը պետք է բավականաչափ ներգրավող լինի, որ աշակերտը չշեղվի: Շատ կարեւոր է նաեւ հասկանալ, որ դպրոցի ու հեռավար կրթության միջավայրերը շատ տարբեր են, եւ յուրաքանչյուր միջավայրի համար պետք է սահմանել համապատասխան դասավանդում եւ ակնկալիք:
3.Կրթական համակարգը պատրաստ չէ ամբողջովին անցնելու առցանց ուսուցման: Փոխարենը՝ շատ ճիշտ պահն է կիրառելու խառը ուսուցման կամ շրջված դասարանի մոդելները:
Այս իրավիճակից հետո դպրոցները կրկին բացվելու են, եւ ուսուցումն ինչ-որ փուլից իր բնականոն հունով շարունակվելու է: ԿԳՄՍ նախարարությունը դպրոցներին եւ ուսուցիչներին պետք է շարունակաբար խրախուսի նոր փորձարկումներ կատարել: Ամբողջովին առցանց ուսուցումը կարող է բացասաբար ազդել ուսուցչի կարեւորության եւ դերի վրա: Փոխարենը՝ խառը ուսուցման կամ շրջված դասարանի մոդելի դեպքում կլինեն երկուսը մեկում. կփորձարկվեն նոր գործիքները, եւ, ընդհանուր առմամբ, ուսուցիչը կարեւոր դերակատարություն կունենա:
4.Տեխնոլոգիայի առկայությունից անկախ՝ բովանդակությունն ամենակարեւոր խնդիրն է մնում:
Անհրաժեշտ է դասագրքերի, ուսումնական ծրագրի եւ շատ այլ բովանդակային խնդիրների արագ ու համակարգված լուծում, քանի որ ցանկացած տեխնոլոգիա բովանդակության շուրջ է կառուցվում: Սակայն, առանց հստակ կրթական ռազմավարության, այս կետը հնարավոր չէ իրականացնել: 2019թ. մայիսին կառավարությունն ընդունել է 2019-23 թթ. գործունեության միջոցառումների ծրագիր, ըստ որի՝ պետք է անցյալ տարվա ամռանը եւ աշնանն ունենայինք կրթության ռազմավարություն, ուսուցիչներին վերաբերող մի քանի ռազմավարական փաստաթղթեր: Ցավոք, այս հարցում հրատապ աշխատանքներն անժամկետ ուշանում են:
5.Գնահատման ու թեստավորման համակարգում փոփոխություններ պետք է կատարվեն:
Այս խնդիրը հավանաբար ամբողջ կրթական համակարգի աքիլլեսյան գարշապարն է: Հեռավար ուսուցման ներդրմանը զուգահեռ կարիք կլինի ներմուծել գնահատման մեխանիզմներ: Ինչպես նաեւ պետք է ստեղծել աշակերտների գիտելիքների ստուգման ավելի բազմազան եւ ճկուն համակարգ, որտեղ աշակերտն ավելի քիչ շահադրդված կլինի հերթական անգամ արտագրելու եւ փոխարենը կունենա ավելի շատ գիտելիք ձեռք բերելու շահադրդում։
Կրթական տեխնոլոգիաների ներմուծումն ու կիրառումը մեզ կօգնեն ավելի լավ տեսնել ու զգալ այն բոլոր խնդիրները, որոնք առկա են դպրոցներում: Եվ որքան շատ նորամուծություն բերենք համակարգ, այնքան ավելի ակնառու կերեւան բոլոր բացերն ու թերությունները: Որոշ դեպքերում, անկախ մեր ցանկությունից, խնդիրները կարող են շատ թափանցիկ եւ տխուր երեւալ, սակայն այս ոլորտում փոփոխություններ կարող են տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե տարբեր լուծումներ փորձարկելու համար բավարար բաց ու պատրաստակամ լինենք:
Կրթական համակարգն իսկապես փորձարկումների կարիք ունի. այդպես դպրոցները, ուսուցիչներն ու աշակերտներն ակտիվ երկխոսության ու նաեւ համագործակցության միջոցով ի վիճակի կլինեն տեսնելու իրենց համար ամենաարդյունավետ լուծումները:
Գայանե ԱՐԱՄՅԱՆ
«Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար