Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի լայնածավալ տարածման առաջին իսկ նշաններից հետո հնարավոր բոլոր միջոցներով ՀՀ կառավարությունը, Պարետատունն աջակցել են ՀՀ քաղաքացիներին՝ հստակ քայլեր ձեռնարկելով վերջիններիս տեղում անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:
Ներկայումս պարետատունն Արտաքին գործերի նախարարության և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով կապի մեջ է աշխարհի մոտ 50 երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: Պետք է նշել, որ կորոնավիրուսի հետագա տարածման հետևանքով հնարավոր չէ անմիջապես ապահովել նրանց բոլորի հայրենիք վերադարձը։ Առաջացած բարդությունները պայմանավորված են մի քանի հանգամանքներով, այդ թվում՝ բոլոր վերադարձողներին կարանտինային ռեժիմում պահելու հնարավորություններով, օդային տարածքների արգելքներով և կորոնավիրուսի լայն տարածում ունեցող երկրներում տեղաշարժվելու առողջապահական ռիսկերով:
Ընդգծենք, որ ՀՀ կառավարության, Պարետատան կողմից ձեռնարկվող հետևողական քայլերի արդյունքում մարտ 14-ից ապրիլի 17-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել կամ համակարգվել է մի շարք երկրներից 21206 ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան: Այս ուղղությամբ քայլերը կրելու են շարունակական բնույթ: Եվ անգամ այն դեպքերում, երբ հնարավոր չէ անմիջապես կազմակերպել վերադարձը, ձեռնարկվել են և ձեռնարկվելու են բոլոր հնարավոր միջոցները տեղում մեր քաղաքացիների կարիքները, այդ թվում՝ կեցությունը հոգալու ուղղությամբ:
Ինչպես գիտեք, ապրիլի 6-ին, 7-ին և 12-ին երեք չարթերային չվերթներով իրականացվել է Մոսկվայում գտնվող մեր քաղաքացիների վերադարձը: Ապրիլի 19-23 ընկած ժամանակահատվածում կազմակերպվելու է ՀՀ քաղաքացիների վերադարձն այլ վայրերից և երկրներից: Անմիջապես դրանից հետո աշխատանքներ կտարվեն այժմ Մոսկվայում գտնվող մեր մյուս քաղաքացիների վերադարձի կազմակերպման ուղղությամբ՝ մեր գործողությունները համադրելով վերադարձողներին կարանտինային ռեժիմում պահելու հնարավորությունների հետ:
Կարդացեք նաև
Բոլոր այս աշխատանքներն իրականացվում են Պարետատան անմիջական համակարգմամբ՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, մեր դեսպանների և գլխավոր հյուպատոսների միջոցով: Հետևապես, կոչ ենք անում Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող մեր քաղաքացիներին առաջնորդվել բացառապես տեղում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների տրամադրած տեղեկատվությամբ և հետևել միմիայն վերջիններիս հորդորներին:
Պարետատուն