«Ասել եմ, որ Հրայր Թովմասյանը շահերի բախում է ունեցել և չի հայտնել դրա մասին, քանի որ դատական օրենսգրքին համահեղինակ է եղել, հիմա էլ դատավորի կարգավիճակում նույն օրենսգրքի հակասահմանադրականության հարցն է որոշում: Ասել եմ, որ ՍԴ-ն իր առաքելությունից շեղվել է, քանի որ չի կարելի ԲԴԽ-ին զրկել իր՝ դատավորների լիազորությունը դադարեցնելու, համակարգից հեռացնելու լիազորությունից»,-ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Հայկ Հովհաննիսյանը:
Նշենք, որ ապրիլի 23-ին ԲԴԽ-ում քննվելու է Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Տեսաուղերձում նա վստահեցրեց, որ հենց այս հայտարարություններն են իր դեմ սկսած գործընթացի պատճառը: Այս առիթով նա մանրամասնեց. «Դեռևս 2019-ին ԲԴԽ-ն դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները դադարեցրեց, գտավ, որ նա այնպիսի արարքներ է կատարել, որը անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ և հեղինակազրկում է դատական իշխանությունը: Խոսքը վերաբերում է խուլերի, համրերի միավորման անդամներին՝ 240 խուլերի և համրերի, որոնք փաստացի զրկվեցին Կողբացի փողոցում գտնվող իրենց ակումբի շենքից: Այդ մարդկանց անուններից լիազորություններ էին տրվել: Հետո Վերաքննիչը հիմնավորեց, որ դրանք չեն տրվել այդ մարդկանց կողմից»:
Հայկ Հովհաննիսյանը պարզաբանեց, թե դա նման է այն իրավիճակին, երբ ձեզնից ինչ-որ մեկը կարող է այսօր դատարանում փաստորեն հանդես գալ, պարտվել, հետո նրա տունը, մեքենան վերցնեն, տանեն, այդ անձն էլ տանը նստած անտեղյակ լինի: Հայկ Հովհաննիսյանը շարունակեց. «Դատավորը համաձայն չէր խորհրդի որոշման հետ, բողոքարկեց խորհրդի որոշումը ՍԴ: ՍԴ-ն գտավ, որ, փաստորեն, դատական օրենսգրքի այդ հոդվածը, որի հիման վրա մենք հեռացնում էինք նրան համակարգից, հակասահմանադրական է: Գտավ, որ երբ ասում են՝ կատարվել է այնպիսի արարք, որ անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ, դա անորոշ, անհասկանալի մի արտահայտություն է և պետք է դա հակասահմանադրական ճանաչել: Նախկին դատավորն էլ վերցրեց, եկավ ԲԴԽ և ասաց՝ վերականգնեք ինձ իմ պաշտոնում և պահանջեց պարապուրդի գումարը՝ մոտ 20 միլիոն դրամ»:
ԲԴԽ անդամն ասաց, որ ինքը կտրականապես դեմ է եղել այդ դատավորին վերականգնելուն, ոչ թե սուբյեկտիվ պատճառներով, այլ ուսումնասիրելով ՍԴ որոշումը: Այս մասին ասաց. «Ընդամենը փաստեր արձանագրեցի, սակայն ԲԴԽ մեծամասնությունը գտավ, թե ինչ կարող ենք անել, քանի որ արդեն ՍԴ-ն որոշել է, որ այդ դատավորին պետք է վերականգնենք, ուրեմն պետք է վերականգնենք: Ես այդպես չեմ գտնում և իմ անհամաձայնությունը հայտնեցի իմ հատուկ կարծիքում: 16 էջի վրա ես կատարել եմ իրավական վերլուծություն, ընդ որում, հիմնականում փաստերի արձանագրում, ավելի խորքային վերլուծություններ եմ սիրում անել, բայց փաստեր եմ արձանագրել, և դրա համար ես հիմա ենթարկվում եմ պատասխանատվության»:
Կարդացեք նաև
Հայկ Հովհաննիսյանը հայտարարեց՝ եթե ԲԴԽ-ն, որին տարեկան մեկուկես միլիարդ դրամ գումար ենք վճարում պետբյուջեից, չունի այդ լիազորությունը, որ կարողանա վատ, ծանր, շատ սխալ դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ սխալ վճիռներ տված կամ վարք ցուցաբերած դատավորներին համակարգից հեռացնել, ապա ինչո՞ւ ենք բոլորս հավաքվել:
Նա նշեց, որ չի վախեցել ու բարձրաձայնել է, ինչի համար էլ ուզում են նրան պատասխանատվության ենթարկել: Այս առիթով ամփոփեց. «Ավելին, ՍԴ-ի այս կազմի մասին էլ էի ես խոսել: Հանրաքվե էր նշանակված և դրա նշանակված պայմաններում գտնում էի, որ չի կարելի այդ պահին ՍԴ որոշումը ճանաչել և ի կատար ածել, քանի որ դա հղի էր հետևանքներով: Դա էլ են գտել, որ ես քաղաքական զսպվածության խախտում եմ թույլ տվել»:
Խոսելով համակարգին տրվող ազդակների մասին՝ ասաց. «Ես գտնում եմ, որ տուժում են նվիրված, կարգապահ, արդար դատավորները, երբ մենք նման գործունեությամբ ենք զբաղվում: Եթե մենք շարունակում ենք ասել, որ փաստաթղթերով ամեն ինչ կարգին է և փակ դռների հետևում ենք ամեն ինչ պահում, լռում ենք, անտարբեր ենք գտնվում խնդիրների հանդեպ, դրանով մենք լավ բան չենք անում մեր հայրենիքի համար: Մենք արդար դատական համակարգ չենք ունենա, իսկ եթե չունենանք արդար դատարաններ, մենք ազգովի փող չենք ունենա, քանի որ ոչ մի ներդրող չի հավատա մեր երկրին: Փողը գնում է այն երկրին, որտեղ կա արդարություն, արագություն և վստահություն: Իսկ եթե ներդրումներ չգան, մենք չենք ունենա ո′չ բարձր աշխատավարձ, ո′չ բարձր թոշակներ, ո′չ լավ ուսում, ո′չ բարձր կենսամակարդակ: Մենք ունենք հող պահելու, անվտանգություն ապահովելու, նորագույն զենքեր գնելու խնդիր: Այս հարցերը չեն լուծվի առանց փողի ու գաղափարի: Այս ամենը չենք ունենա, եթե դատական իշխանությունը չաշխատի, իսկ դատական իշխանությունը չի աշխատի, եթե մենք լռենք: Իսկ ովքեր էլ բարձրացնում են խնդիրները, ինձ պես պատասխատավության են ենթարկվում»:
Հայկ Հովհաննիսյանը բոլոր լրատվամիջոցներին ապրիլի 23-ին հրավիրեց ԲԴԽ նիստին՝ տեղեկացնելով, որ միջնորդելու է դռնբաց նիստ անցկացնել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ