Aravot.am-ի հետ զրույցում օրեր առաջ կորոնավիրուսից մահացած Մարալիկի 68-ամյա բնակչի դուստրը՝ Ռ․ Ա․-ն հավաստիացրեց, որ իր հայրը Մարալիկի հիվանդանոց ոտք չի դրել, հետևաբար և հայտարարել, թե այս քաղաքի հիվանդանոցի բուժանձնակազմի 9 ներկայացուցիչներ հնարավոր է վարակված լինեն նրանից, կոռեկտ չէ։
Ըստ Ռ․ Ա․-ի, չճշտված տեղեկություններ են տարածվում, ինչն էլ զայրացնում է վշտի մեջ գտնվող հարազատներին ու նաև զարմացնում, թե դժվա՞ր էր արդյոք փոքր Մարալիկից ստույգ տեղեկատվություն իմանալ։
«Հայրս հիվանդանոցի հետ ընդհանրապես կապ չի ունեցել, իր հետ շփված շտապօգնության աշխատակիցներից և ոչ մեկի մոտ թեստի պատասխանը դրական չի եղել, նմանապես ընտանիքի անդամների թեստերը բացասական են եղել։ Իմ հայրը ընդհանրապես հիվանդանոց ոտք չի դրել, առավել ևս, որ գինեկոլոգիայի բաժնի սանիտարն է եղել դրականի տակ, որից հետո թեստավորվել են հիվանդանոցի մնացած բուժաշխատողները, որոնց մոտ ևս դրական է ցույց տվել»,- ասաց Ռ․Ա․-ն։
Ըստ մեր զրուցակցի, հիվանդանոցի բոլոր աշխատակիցներն էլ շատ լավ գիտեն, որ իր հոր հիվանդությանը զուգընթաց երկկողմանի թոքաբորբով հիվանդ է եղել նաև Մարալիկին կից Ձորակապ համայնքում բնակվող մի բուժքույր, որի թեստի պատասխանը, սակայն, բացասական է եղել։ Նույն օրերին Ձորակապ համայնքից 65-ամյա մի տղամարդու մոտ ևս կոնորավիրուս է ախտորոշվել։
Կարդացեք նաև
Ըստ Ռ․ Ա․-ի, Ձորակապ համայնքում մարտի սկզբին 2-3 հուղարկավորություն է տեղի ունեցել, ինչպես իր հայրը, այնպես էլ բուժքույրը մասնակցել են հուղարկավորության։
Մարալիկի շտապօգնության բուժքույր Իրինա Սմբատյանն էլ, որը 68-ամյա տղամարդուն Մարալիկից Գյումրի էր տեղափոխել, ասաց․ «Նա ընդհանրապես Մարալիկի հիվանդանոց չի մտել, 8 տարուց ավելի է՝ Մարալիկի հիվանդանոց հասկացություն գոյություն չունի, կա ծննդատուն, որը չգիտեմ ինչու ուզում են փակել, ունենք պոլիկլինիկա, շտապօգնություն։ 8 տարուց ավելի պետությունը մի մահճակալ չի հատկացրել, որ հիվանդը պառկի։ Չգիտեմ կորոնավիրուսը որտեղից, ինչ ձևով է մտել Մարալիկի հիվանդանոց։ Կորոնավիրուսը ծննդատան աշխատակիցների մոտ է հայտնաբերվել, այդ մարդը ի՞նչ պիտի աներ այդ բաժանմունքում, անգրագիտությունն աշխարհն է տիրե՞լ։ Էդ մարդու հետ կոնտակտ ունեցած բուժքրոջ մոտ թեստի պատասխանը բացասական է եղել, նրան ներարկումներ անող կնոջ մոտ բացասական է եղել, ի՞նչ ձևի եղավ, որ հիվանդանոց չմտած՝ սաղ հիվանդանոցը վարակվեց։
Ես իրենց հասցե եմ մեկնել շտապօգնության կանչով, առավոտյան ժամը 9-ին եկել եմ աշխատանքի, ու կանչը հնչել է։ Գնացի տվյալ հասցե, մարդը ջերմում էր, դրանից առաջ վատ էր զգացել, իր քույրը բժշկուհի է, բուժում է նշանակել, իրենց հարազատներից մեկն էլ, որը իմ մոտ ընկերուհին է, գնացել, ներարկումներ էր արել, բայց քանի որ բուժումը չէր օգնել, վիճակը վատացել էր, շտապօգնություն էին կանչել։ Հատուկ համազգեստով, ամեն պաշտպանական միջով օգտագործելով՝ գնացել եմ իրենց հասցե, համապատասխան օգնություն ցուցաբերելուց հետո նրան իր ոտքով տվյալ պահին իջեցրել, նստեցրել ենք շտապօգնության մեքենա, տեղափոխել ենք Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց։ Իր մոտ երկկողմանի թոքաբորբ կար։
Սուտ տվյալներ են հրապարակում, թե ինֆեկցիոն հիվանդանոցում հետազոտվել է։ Սպասում էի, որ մեկն ինձ զանգեր ու պատմեի ճշմարտությունը, ի՞նչ հետազոտվել, Գյումրու ինֆեկցիոնի բժիշկը շտապօգնության մեքենային անգամ մոտ չի եկել, հիվանդի դեմքին չի նայել։ Ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, որովհետև ես եմ եղել տանող բուժքույրը։ Գլխավոր մուտքից մեզ չթողեցին մտնել, ասացին՝ հետևի մուտքից եկեք, բժիշկը, որի անուն-ազգանունը չգիտեմ, տեսքով շատ լավ հիշում եմ, ինձ դռան վրա հարցրեց՝ կորոնա՞ է, ես ասացի՝ շտապօգնության բուժքրոջ գրպանում թեստ չկա, որ անալիզի ենթարկեմ, տեսնեմ կորոնա՞ է։ Ասացի՝ ես ձեզ ջերմող հիվանդ եմ բերել, նաև զգուշացրեցի, որ իմ հիվանդն ունի հարակից հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, թթվածինը 82 է։
Ինձ ինֆեկցիոնի բժշկուհին հենց դռան վրա պատասխանեց, որ իրենք չունենք վերակենդանացման բաժանմունք, թթվածինը ցածր է, շաքարային դիաբետ ունի, և որ հիվանդին տեղափոխենք Գյումրի կենտրոն։ Ինֆեկցիոնի բժշկուհին ընդհանրապես մոտ չի եկել, ախր ինչպես կարելի է տարածել, թե ինֆեկցիոնում հետազոտվել, հետո նոր տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն։
Ոչ մեկը չի մոտեցել մեզ, անգամ շտապօգնության մեքենայի դռանը մոտ չեն եկել՝ հարցնեն, թե որտե՞ղդ է ցավում։ Եթե կանչեն ինձ հարցաքննության, ես կպատմեմ, ես վկաներ ունեմ, վարորդը կա։ Ես պատասխանատու եմ իմ ամեն բառի համար։
Հիվանդի եղբայրն էլ իր մեքենայով մեր հետևից եկել էր։ Տարանք Գյումրու կենտրոն, տեսաք՝ այդ տանելու պատճառով 29 բժշկի մեկուսացրեցին»։
Մարալիկ վերադառնալուց ու աշխատանքի անցնելուց հետո Իրինա Սմբատյանը տեսել է տվյալ հիվանդին՝ եղբոր կողքը նստած, պարզել է, որ Գյումրի բժշկական կենտրոնում նրան բուժում են նշանակել, եկել էր տուն։ Մեկ օր անց նորից կանչ է հնչել տվյալ հասցե, գնացել, տեսել է, որ նա շատ վատ է․ ճնշումը բարձրացած է եղել, առաջարկել է նորից տեղափոխել հիվանդանոց, բայց նա հրաժարվել է։ Սակայն նրան երկրորդ անգամ են տեղափոխել Գյումրի բժշկական կենտրոն։
«Ինձանից բացի տվյալ անձի հետ շփվել է նաև իմ գործընկերը, որը նրան տեղափոխել է Գյումրի կենտրոն, վիճակի կտրուկ փոփոխություն է եղել, որի պատճառով էլ Գյումրիից տեղափոխել են Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց», -պատմեց բուժքույրը։
Վերջինս ասաց, որ իր գործընկերոջ թեստը բացասական է եղել, իսկ իր պատասխանը հայտնի կդառնա այսօր։
Իրինա Սմբատյանը նաև անդրադարձավ Մարալիկի առողջության կենտրոնի կորոնավիրուս ախտորոշմամբ Գյումրու ինֆեկցիոն տեղափոխված աշխատակիցներին։
«Մի պահ մեկը մյուսին աչքալույս տվեցին, թե ինչ լավ է, սաղի թեստերի պատասխանները բացասական են եկել, մի երկու ժամ չանցած՝թոհուբոհը մտավ Մարալիկ, ներխուժեցին, որին բռնի, որին համոզելով՝ տեղափոխեցին ինֆեկցիոն»,-ասաց նա։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ