2019թ. Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում մի շարք երկրների կառավարություններ լայնամասշտաբ հարձակումներ են իրականացրել մարդու իրավունքների վրա, չեն դադարել կանանց, էթնիկ և այլ փոքրամասնությունների հանդեպ ոտնձգությունները, ոտնահարվել են փախստականների իրավունքները: Այս մասին է ասված է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարածաշրջանային ամենամյա զեկույցում, որում անդրադարձ կա նաև Հայաստանին:
Զեկույցում նշված է, որ Հայաստանում տեղի են ունեցել իշխանության չարաշահման մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններ, քրեական հետապնդում` դատական իշխանությունների վրա գործադիրի հնարավոր ճնշման անհանգստության պայմաններում: Հայաստանն այդպես էլ չի վավերացրել Ստամբուլի կոնվենցիան` չնայած այն գիտակցմանը, որ շատանում են գենդերային հիմքով բռնությունները: Հետաքննություն է սկսվել ընտանեկան 378 բռնությունների գործով: Նշվում է նաև, որ ՀՀ իշխանությունները դադարեցրել են ոսկու արդյունահանման ծրագիրը տեղի բնակիչների, բնապահպանների բողոքի ակցիաների պատճառով և խոստացել են հավելյալ հետաքննություն անցկացնել` շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը պարզելու համար:
Հայաստանի մասին հատվածում, մասնավորապես ասված է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, որն իշխանության էր եկել 2018թ. խաղաղ ցույցերի արդյունքում, շարունակել է վայելել համեմատաբար բարձր ժողովրդականություն: Գործող կառավարությունն իրականացնում է համակարգային կոռուպցիայի դեմ եռանդուն արշավ` միաժամանակ խոստանալով «անցումային արդարադատություն»՝ ուղղված նախորդ կառավարության կողմից իշխանությունների չարաշահման դեպքերին: Նոր հրատարակված հակակոռուպցիոն ռազմավարությունը խոստանում է ստեղծել մասնագիտացված պետական մարմիններ` կոռուպցիայի դեմ պայքարի համար:
Amnesty International-ն անդրադարձել է նաև ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությանը: Նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանը չի ընդունել մեղադրանքները՝ դրանք համարելով չհիմնավորված և քաղաքական դրդապատճառներ ունեցող, իսկ երբ 2019 թվականի մայիսին դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում էր կայացրել, Նիկոլ Փաշինյանը պահանջել էր դատական համակարգի համապարփակ բարեփոխում՝ հորդորելով արգելափակել դատարանների շենքերը, ինչպես նաև հրապարակավ քննադատել էր դատավորներին` նման վճիռ կայացնելու համար:
Կարդացեք նաև
Զեկույցի համաձայն` 2019թ. Հայաստանում չի դադարել խտրական վերաբերմունքը ԼԳԲՏ համայնքի անդամների նկատմամբ: Միևնույն ժամանակ նշվում է նաև, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանական լսումներին ելույթ է ունեցել տարնսգենդեր ակտիվիստ Լիլիթ Մարտիրոսյանը, ինչից հետո նա հրապարակավ սպառնալիքներ է ստացել:
Ըստ զեկույցի` Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձինք ևս հանդիպում են խտրական վերաբերմունքի:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ