2020թ. ապրիլի 16-ին՝ ժամը 18:55-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «գլխի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1991թ. ծնված երիտասարդ:
Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով:
Նույն օրը կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2020թ. ապրիլի 16-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Այվազովսկի փողոցում վարձակալական հիմունքներով բնակվող 40-ամյա քաղաքացին իրեն պատկանող «HATSAN» MOD. 125E տեսակի օդաճնշիչ հրացանով մի քանի անգամ կապարե փամփուշտներով կրակել է իր տան երկրորդ հարկի բաց պատշգամբում տեղադրված մետաղյա տարաների ուղղությամբ, ինչի արդյունքում էլ արձակված գնդակներից մեկը դիպել է նշված տան դիմաց գործող ավտոտեխսպասարկման սրահի բակում կանգնած վերը նշված երիտասարդի գլխի հատվածին:
Պատշգամբում կատարված զննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են մետաղյա տարաներ՝ կրակոցներից առաջացած հետքերով, զննության ընթացքում առերևույթ հանցագործություն կատարած անձը ներկայացրել է իրեն պատկանող վերը նշված հրացանը և երեք տուփ կապարե փամփուշտները, որոնք առգրավվել են: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Կարդացեք նաև
Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին