Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զարեհ Սինանյան. «Աշխարհում կորոնավիրուսով վարակված հայերի թիվն ավելի մեծ է, քան մենք կարող ենք պատկերացնել»

Ապրիլ 17,2020 19:00

ՀՀ-ում սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ ամենից շատ դիմում են հիմնականում Իրանից եւ Լիբանանից, բայց ՌԴ-ից դիմողների թիվն անհամեմատ մեծ է, քան այլ երկրներից դիմողների։ Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նա նաեւ նշեց, որ Ռուսաստանի հարավային տարածաշրջանում գտնվող շատ հայեր ցանկություն ունեն վերադառնալ Հայաստան, բայց միջոցներ չունեն:

Նրա կարծիքով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակված հայերի թիվն ավելի մեծ է, քան մենք կարող ենք պատկերացնել, եւ ենթադրվում է, որ ամենամեծ թվով վարակվածները Ռուսաստանում են.«Մենք մի պահ մշտադիտարկում էինք անում, բայց մի պահ հասկացանք, որ դա անիմաստ է, որովհետեւ թիվն այնքան մեծ է եւ իրավիճակն էլ այնքան հեղեղուկ, որ ամեն օր դրան հետեւել աշխարհի բոլոր երկրներում, իսկ այսօր բացի Աֆրիկայի կենտրոնական պետություններից, ամեն տեղ հայեր են ապրում, իսկ հիվանդությունը համատարած է: Իսկ վարակվածների թիվն ավելի մեծ է»:

Սինանյանն ասաց, որ ինչպես աշխարհի բոլոր պետությունների նման, Հայաստանի հնարավորություններն էլ անսահմանափակ չեն, եւ Ռուսաստանում գտնվող մեր հայրենակիցները, որոնք ցանկություն են հայտնել կարանտինը հայրենիքում անցկացնել, պետությունը փորձում են օգնել այնքանով, որքան ռեսուրսներն ու հնարավորություններն են թույլ տալիս.«Կան մարդիկ, որոնք կուզեն կարանտինն անցկացնել Հայաստանում, բայց ինչպես այդ մարդկանց հասցնել Հայաստան, դա մեկ այլ հարց է, երկրորդ հարցն էլ կա՝ այդ մարդկանց Հայաստան հասցնելուց հետո մենք պետք է պատրաստ լինենք նման հոսքեր ընդունելու: Մենք այս պահին իրական պատկերացում չունենք, թե ցանկացողների թիվը մի քանի հարյուր է, մի քանի հազար է, թե մի քանի տասնյակ հազար է եւ չգիտենք այս թիվը հաջորդ ամիսներին ինչպես է փոխվելու: Ուստի փորձում ենք այնպիսի աջակցություն տրամադրել, որն ավելի իրական է»:

Նա ասաց, որ հույս ունի առաջիկայում կրկին հնարավորություն կլինի ՌԴ-ի մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու, ընդ որում, հատկապես դիմում են նրանք, որոնք կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում մնացել են առանց աշխատանքի եւ գումարի. «ԱԺ որոշ պատգամավորներ ակտիվ աշխատում են այս ուղղությամբ, մենք էլ նրանց համար կացարան ենք փնտրում։ Խնդիրը բարդանում է նրանով, որ մեր այն հայրենակիցները, որոնք դուրս են մնացել, շատերը հնարավոր է, որ վարակված են, իսկ ոչ քաղաքացիներին, որքան հասկանում եմ, շատ տեղերում բժշկական ծառայություններ չեն մատուցում, այսինքն՝ նույնիսկ կացարան գտնելու դեպքում նրանց վարակված լինել-չլինելու հարցն իրոք խնդրահարույց է: Խնդիրը լուրջ է եւ աշխատում ենք՝ որքան հնարավոր է օգնենք»:

Պաշտոնական վիճակագրություն չկա, բայց Սինանյանը նշում է, որ իր կարծիքով՝ եթե նախկինում ամենամեծ թվով վարակված հայերն Իրանում էին, ապա հիմա Ռուսաստանում կարող են լինել։

Սիրիայից Հայաստան տեղափոխված եւ հաստատված հայերի 85% -ը վարձով բնակարաններում են ապրում, եւ ինչպես Սինանյանն ասաց, արտակարգ դրության օրերին նրանք չեն աշխատում, եւ հետեւաբար տան վարձը վճարելու խնդիր ունեն.«Այս պահին ծրագիր չկա, բայց փորձում ենք սոցապնախարարության հետ ձեւ գտնել, որը խտրական չի լինի, չի լինի միայն սիրիահայերի համար, բայց կկարողանա բավարարել այս յուրահատուկ պահանջը, մարդիկ, որոնք արհեստի մեջ են, բայց այսօր արգելված է, բայց ստիպված են վարձ վճարել»:

Սինանյանն ասաց, որ այս տարի «Քայլ դեպի տուն» ծրագիրը, որը նախկին «Արի տունն է», եւ «Պատանի առաջնորդողների ճամբար» ծրագիրն դժվար թե իրականացվեն, իսկ սեպտեմբերին երեք խոշոր համաժողով էր նախատեսված, կազմակերպչական աշխատանքներն արվել էին, բայց համավարակը հաշվի առնելով, դրանք կանցկացնեն առցանց:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930