ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքի դպրոցների միասնական շրջանային խորհուրդը հավանություն է տվել հայկական նոր, հայերեն և անգլերեն լեզուներով ուսուցում ապահովող երկրորդական վարժարանի (9-12-րդ դասարաններ) հիմնադրման նախաձեռնությանը:
Վարժարանը, որի բացման համար վերջին ամիսներին համայնքի ակտիվ գործիչները երկարատև աշխատանք են իրականացրել, կգործի 2020-2021 ուսումնական տարվանից և կկրի Մելգոնեան երկրորդական վարժարան անունը:
Վարժարանի աշակերտները հնարավորություն կունենան սովորել արևելահայերեն, արևմտահայերեն, ինչպես նաև ուսումնասիրել հայոց պատմության, հայ գրականության ու մշակույթի վերաբերյալ առարկաներ: Վարժարանի հիմնադրման աշխատանքների համահեղինակ, «Մելգոնեան համաշխարհային նախաձեռնության» նախագահ Արսինե Շիրվանյանը նշեց, որ այս քայլով նպատակ ունեն փակել համայնքում առկա կրթական բացը, որն առաջացել է ՀԲԸՄ-ի կողմից Փասադենայի «Վաչէ և Թամար Մանուկեան» վարժարանի փակումից հետո:
Վարժարանի սան դառնալու համար անհրաժեշտ է գրանցվել: