Ապրիլի 17-ի առավոտյան ոստիկանության ճամբարակի բաժին ահազանգ ստացվեց, որ Շորժա տանող ճանապարհին մեքենայի մեջ տղամարդու դի կա՝ հրազենային վնասվածքով։
Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց՝ սպանության հատկանիշներով։ Ճամբարակի քրեական հետախույզների` առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու միջոցառումներին միացան մարզային ոստիկանության գործընկերները։
Համատեղ աշխատանքի արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության և դեպքի մի շարք հանգամանքների վերաբերյալ։
Նախնական տվյալներով՝ 36-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք էր պատճառել Շողակաթ համայնքի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ, որը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ու ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին։
Կարդացեք նաև
Բերման ենթարկվածը ձերբակալվել է։ Հանցագործության գործիք հրացանը հայտնաբերվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն