«Արհեստական հիմքեր են ստեղծելու»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին ԱԱԾ-ի առաջադրած մեղադրանքին, որտեղ նաև շոշափվում է Աշոտ Սուքիասյանի անունը, այսպիսի կարծիք հայտնեց «Օֆշորի» գործով 6 տարի բանտում անցկացրած ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի շահերի պաշտպան Լուսինե Զեյնալյանը:
Նշենք, որ Աշոտ Սուքիասյանը ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից արդարացվել էր եւ 2020 թվականի հունվարի 31-ին քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվել: Նա Կճոյանի սանիկն է ու նրան անդրադարձ կա ԱԱԾ հաղորդագրությունում:
Լուսինե Զեյնալյանն այս առիթով հիշեցրեց դեռևս վեց տարի առաջ Աշոտ Սուքիասյանի տված ցուցմունքն ու նշեց. «Աշոտ Սուքիասյանը ցուցմունք տվել է, ինքը ներկայացրել է մանրամասն, որ իր կողմից են կատարվել այդ ստորագրություններն էլեկտրոնային կարգով և որևէ կապ չունեն ո′չ Նավասարդ Կճոյանը, ո′չ Տիգրան Սարգսյանը: Այդ բոլոր ցուցմունքները թե՛ նախաքննական, թե՛ դատաքննական փուլերում պնդել է Աշոտ Սուքիասյանը, դատարանը օրինականությունը ստուգել է, եթե խնդիր ուներ այդ հանգամանքները ստուգելու, ինքն առանձին մաս պետք է անջատեր կամ իսկությունը ստուգելու համար ուղարկեր նաև դատախազություն և այլն: Այդ հանգամանքները դատարանի ֆունկցիան էին, բայց նման հանգամանքներ չեն եղել: Նշանակում է՝ հաստատված են համարել Աշոտ Սուքիասյանի ցուցմունքները»:
Պաշտպանը փաստեց՝ ութ տարի առաջ այդ ստորագրությունների փորձաքննություն են նշանակել և հարց հնչեցրեց. «Ինձ մոտ առաջանում է այդ հարցը՝ ի՞նչ հանգամանքներում ութ տարի առաջ փորձագետները տալիս են եզրակացություն, որ հնարավորություն չունեն պատճենից ստորագրությունների նույնականացում կատարել ու դրանից հետո, երբ Աշոտ Սուքիասյանն ազատվեց հունվարի 31-ին, նա անմիջապես հրավիրվեց ՀՔԾ, և ներկայացրին փորձագետի եզրակացություն, թե այդ ստորագրությունները Դուք չեք կեղծել, այլ դրանք հենց իրենք են դրել իրենց ձեռքով: Հիմա հարց՝ այդ տեսնելու հնարավորությունը փորձագետներին ո՞վ է շնորհել, ի՞նչ տեխնիկայի, ի՞նչ գիտելիքների միջոցով ունակություններ ձեռք բերեցին տարիների ընթացքում, որ հնարավորություն ունեցան այդ փորձաքննությունը կատարել ու հաստատել: Սրանք մեզ համար հարցեր են, որ դեռ պետք է տեսնենք՝ ինչ է կատարվում հետագայում»:
Կարդացեք նաև
Փաստաբանն ասաց, որ շուտով ասուլիս կունենան և այլ մանրամասներ էլ կներկայացնեն:
Նշեցինք, որ կարծիք կա, թե չսպասելով Վճռաբեկ դատարանի որոշմանը՝ ինչպե՞ս կարող էր նախաքննական մարմինը մեղադրանք առաջադրել Նավասարդ Կճոյանին, Լուսինե Զեյնալյանն արձագանքեց. «Դատախազությունն էլ է բողոք տարել, և նաև բողոք է տարել ենթադրյալ տուժող Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչը, բողոք է ներկայացրել Աշոտ Սուքիասյանի պաշտպանական կողմը: Մեզ համար շատ զարմանալի էր, որ մեր բողոքը, որը պատճառաբանված, հիմնավորված էր, մերժվել է, չի ընդունվել վարույթ, իսկ Փայլակ Հայրապետյանի բողոքը, որտեղ ոչ մի պատճառաբանական մաս չկար նշված, վարույթ է ընդունվել»:
Լուսինե Զեյնալյանն ասաց, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել՝ այս հարցում դատավորների կազմի հետ խնդիր կա ու մանրամասնեց. «Նախկինում միասին աշխատել են և այլն: Այս հանգամանքներն էլ բարձրաձայնեցինք: Այդ բողոքները, որ վարույթ են ընդունվել, պաշտպանական կողմը կասկածի տակ է դրել՝ ի՞նչ ճանապարհով են վարույթ ընդունել: Ես էլ եմ բազմիցս նշել, որ կա Լիլիթ Թադևոսյան, որի հայրը, նաև Սամվել Օհանյանը աշխատել են Փայլակ Հայրապետյանի որդի Հայրապետ Հայրապետյանի հետ: Գոյություն ունեն գլխավոր դատախազության կողմից հաստատված հրամաններ, ըստ դրանց՝ բոլորը հիմնավորված է, որ իրենց միջև բարեկամական կապ կա, իսկ Սամվել Օհանյանը Փայլակ Հայրապետյանի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունի: Իրենց հարաբերությունները շատ հիմնավոր են, բիզնեսների մեջ են, մանրամասն ուսումնասիրություններ ենք կատարում, կասկած ունենք, որ դատավորներից մեկը Փայլակ Հայրապետյանի մասնաբաժինների մեջ մասնաբաժին ունի»:
Նա պարզաբանեց. «Միտումը մեկն է, որ Փայլակ Հայրապետյանի խնդիրն է՝ անկախ գործի ելքից, իրեն անհրաժեշտ է, որ լինի մեղադրական որևէ ակտ, թեկուզ և վաղեմության ժամկետների կարճումով, միևնույն է, դա իրեն հնարավորություն է տալիս հետագայում դիմել բանկերի դեմ և 33 միլիոն լիկվիդացիոն արժեքով իր գույքի պահանջը ներկայացնել: Սա է մեխանիզմը, և կապ չունի, թե ով կդատապարտվի՝ Աշոտ Սուքիասյա՞նը, Նավասարդ Կճոյա՞նը, թե՞ Տիգրան Սարգսյանը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ