Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խոսեց 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքների մասին, որին երեկ մասնակցել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ասաց, որ իրենք կազմակերպել են Սերժ Սարգսյանի մուտքը՝ դարպասով ու մեքենայով. «Եթե այդքան տեխնիկական մանրամասները հետաքրքիր են, գիտեք, որ ԱԺ նախագահի համար առանձին մուտք ու առանձին միջանցք կա, Սերժ Սարգսյանին հնարավորություն է տրվել հենց այդ մուտքով ու հենց այդ միջանցքով գնալ, այսինքն, ինչ անհրաժեշտ է եղել` արվել է»:
Ինչ վերաբերում է հանձնաժողովին՝ ԱԺ նախագահն ասաց. «Քննիչ հանձնաժողովը շատ լավ է աշխատում, փաստերի մեջ խորանում է այնքան, ինչքան դա հնարավոր է: Հանձնաժողովի աշխատանքներից շատ մանրամասն տեղյակ չեմ, բայց բնականաբար, ընդհանուր գծերով գիտեմ ու կարող եմ հույս հայտնել, որ երբ ավարտվեն աշխատանքները, հասարակությունը ամբողջական տեղեկատվություն կստանա»:
Հարցին՝ մինչեւ այս պահը հանձնաժողովը որեւէ բացահայտում արե՞լ է ու իրավունք ունի՞ գոյություն ունենալ այն կարծիքը, որ ապրիլյան պատերազմը կարող էր ներքին դավադրության պատճառ լինել՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Բացահայտումներ արել են: Գնահատականի հարց է, թե ինչ տրամաչափի: Ես կարող եմ մի բան ասել, դուք ասեք՝ դա ի՞նչ բացահայտում է: Այդպես աշխարհացունց…եկեք սպասենք, տեսնենք: Որովհետեւ իրենք հիմա լսում են տարբեր մասնակիցների, տարբեր մարդկանց, ովքեր կարող են առնչություն ունենալ, պետք է անեն վերլուծություն, ցուցմունքները համադրեն ու եզրակացության գան, երբ կլինի եզրակացությունը, բոլորս կիմանանք: Ես կարծում եմ, որ մեր անկախության շրջանի պատմության հետ կապված մեր հասարակությունում որեւէ մութ հարց չպիտի մնա: Ցանկացած հարց, որը հուզում է հանրությանը, պետք է հնարավորության սահմանում քննվի»:
Ինչպես հայտնի է, ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը հրաժարվել էր գալ հանձնաժողովի նիստին: Միրզոյանը գտնում է, որ սխալ է արել, պիտի գար ու իր տեղեկատվությունը ներկայացներ:
Կարդացեք նաև
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հրապարակած հոդվածում առաջարկել էր սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, որն «ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում»: Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Կարդացի տեքստը, շատ դրական եմ վերաբերվում: ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է իր դիրքորոշումը հայտնել: Կան մարդիկ, ովքեր հեղինակություն ունեն, կշիռ ունեն, չեմ թաքցնի, խոսուն է նաեւ այն փաստը, որ նախկին նախագահ է, չէ՞ ու այս մարդկանց դիրքորոշումը մի քիչ է՛լ ավելի ուշադրության է արժանի: Կարդացի պարոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը, բաներ կան՝ կիսում եմ, բաներ կան՝ չեմ կիսում: Ես չեմ կարծում, թե ապրիլյան պատերազմի վերաբերող կետը այդպես շատ մտահոգիչ է, չեմ կարծում, որ անհրաժեշտություն կա այդ հանձնաժողովի աշխատանքները սառեցնելու եւ անկեղծ ասած, օրենսդրական հնարավորություն էլ չկա սառեցնելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ