Վստահ կարելի է ասել, որ նոր կորոնավիրուսը մեր աշխարհաճանաչողությանը նոր շերտ ավելացրեց՝ միաժամանակ առաջացնելով մեր հոգեբանության, լեզվամտածողության ու գնահատման չափանիշների հետաքրքիր փոփոխություններ: Օրինակ, եթե նախկինում օրերով տնից դուրս չգալը կարող էր թուլության կամ ծուլության չափանիշ համարվել, ապա ներկայումս դա կարգապահ և գիտակից լինելու ցուցանիշ է: Դեռ հնուց մեր բառապաշարում տեղ գտած «տունը մնացած» անդուր դարձվածքի կողքին, ներկայումս հայտնվեց նաև «տունը մնացող» խրախուսելի արտահայտությունը:
Մի քանի ամիս առաջ որևէ մեկիս մտքով երբեք չէր անցնի աշխատանքի կամ դասի չգնալով՝ տնից հեռավար կարգով գործն առաջ տանելը և այդ կերպ աշխատողներն ու սովորողներն արտոնյալներ կհամարվեին, իսկ հիմա դրանք սովորական երևույթներ են: Դեռ մի քանի ամիս առաջ մենք տեղի բժշկության հնարավորությունները ցածր համարելով, լիարժեք բուժօգնությունը պատկերացնում էինք ստանալ միայն արտասահմանյան զարգացած տնտեսություն ունեցող երկրների համապատասխան կլինիկաներում և երբեք չէինք մտածի, որ ԱՄՆ-ի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի առողջապահական ծառայությունները կարող են այդպես տկար լինել որևէ նոր վիրուսի տարածումը արագորեն կանխելու գործում: Եվ որքան էլ զարմանալի է, նոր կորոնավիրուսն ամենից շատ տարածվեց հենց ամենաառաջնակարգ առողջապահական համակարգեր ունեցող այդ երկրներում:
Վարակից մահացածների թվով էլ այդ երկրներն առաջին տեղերում են: Կորոնավիրուսը տարբերություն չդրեց նաև բնակչության սոցիալական շերտերի միջև՝ վարակվեցին նաև վարչապետ, նախարարներ, պատգամավորներ, հայտնի դերասաններ, հայտնի երգիչներ, հայտնի մարզիկներ և այլ հայտնիներ: Այլ կերպ ասած՝ հավասարություն, եղբայրություն: Վերջապես մենք սկսեցինք գնահատել և ծափահարել մեր բժիշկներին ու բուժաշխատողներին, որոնք իրենց առողջությունը վտանգելու համարձակությամբ հայտնվեցին կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում, իսկ մեզ հորդորեցին՝ ապահով մնալ տանը: Մի քիչ դժկամությամբ, բայց գնահատեցինք նաև արտակարգ դրության կարգ ու կանոնը հսկող մեր ոստիկանների հետևողականությունը: Եթե նախկինում հայերս ազգովի քաղաքականությամբ էինք զբաղվում, հիմա արդեն դրա հետ սկսեցինք համատեղել նաև վիրուսաբանությունը: Միայն չգիտեմ, թե այդ երկուսի համադրումից մեր մոտ որ տիպի գործիչները կավելանան՝ հակավիրուսային քաղաքականության բնագավառի մասնագետնե՞րը, թե՝ վիրուսային թափանցելիությամբ դեպի քաղաքականություն ներխուժող «շնորհալիները»:
Ես ավելի օգտակար ուղղություն կառաջարկեի՝ կորոնավիրուսի տարածումից ճիշտ հետևություններ անելը և ճիշտ ապրելակերպի անցնելը: Արդեն իսկ հասկացել ենք, որ վիրուսների դեմ պայքարը մարդու դժվարագույն հիմնախնդիրներից մեկն է: Իսկ ի՞նչ է վիրուսը: Մասնագետներից և ԶԼՄ-ներից արդեն տեղեկացել ենք, որ վիրուսները դրանք հարուցիչներ են, որոնք հանդիսանում են ոչ բջջային կառուցվածք ունեցող միկրոօրգանիզմներ և դրանք վարակում են ինչպես մարդուն, այնպես էլ կենդանիներին և բույսերին: Նրանք բազմանում են միայն կենդանի բջիջների ներսում: Հետաքրքիրն այն է, որ վիրուսները չունենալով բջջային կազմ, ունեն գենետիկական նյութ՝ ԴՆԹ կամ ՌՆԹ, որի շնորհիվ նրանք վերարտադրվում են և բնական ընտրությամբ ենթարկվում էվոլյուցիայի:
Կարդացեք նաև
Վիրուսային վարակը մարդկանց և կենդանիների մոտ առաջացնում է իմունային պատասխան, որը սովորաբար ոչնչացնում է վարակող վիրուսին: Վիրուսների դեմ պայքարի պատմության ընթացքում մարդու կողմից ստեղծվել են ամենատարբեր հակավիրուսային դեղամիջոցներ և դրանցով փորձել են ջախջախել կամ էլ ընկճել այդ վիրուսներին: Բայց կյանքը ցույց է տվել, որ դեղորայքային հաղթանակը միշտ էլ ժամանակավոր է եղել, քանի որ վիրուսները պարտվելով, մուտացիայի են ենթարկվել և ավելի պաշտպանված ու ագրեսիվ են դարձել: Ամեն անգամ նոր համաճարակների բռնկումներով նրանք մարդու առջև կրկին խնդիր են դրել՝ ավելի զորեղ դեղամիջոց ստեղծելու համար: Վիրուսների դեմ դեղորայքային այս պայքարը կարծես թե վերջ չունի և վերջնական հաջողության նշանները դեռևս չեն նշմարվում: Եթե փոխաբերական ձևով փորձենք ներկայացնել վիրուսի դեմ արդյունավետ պայքարի մեխանիզմը, ապա վիրուսը, կարծես թե, մարդուն հասկացնել է տալիս, որ առանց լուրջ ջանքերի իրեն չես հաղթի և նա մարդուց անզեն (ոչ դեղորայքային) մենամարտ է պահանջում:
Այլ կերպ ասած, նա ցանկանում է ուժերի համեմատության սկզբունքով մենամարտել մարդու իմունային համակարգի հետ: Եթե մարդու իմունային համակարգը զորեղ է լինում, ապա որոշակի ժամանակ անց վիրուսը ստիպված է լինում ընդունել իր պարտությունը և տվյալ օրգանիզմում էլ ոչնչանում է: Սակայն մինչև իր վախճանը, նա հասցնում է այդ օրգանիզմի վարակված բջիջներում որոշ չափով բազմանալ ու դրանց մի մասը տվյալ մարդու մարմնից տարածվելով, իր բնակության համար այլ սուբյեկտներ է փնտրում: Հանդիպելով ավելի թույլ առողջություն ու դիմադրողականություն ունեցող մարդու, վիրուսը ներխուժում է նրա մարմինը, կրկին բազմանում, ախտահարում օրգանները և այս անգամվա մենամարտում կարողանալով հաղթել նրա իմունային համակարգին, տապալում է նրան ու վերջինիս չմեկուսացված լինելու դեպքում՝ իր համար նոր բնակատեղիներ է փնտրում:
Այստեղից հետևում է, որ վիրուսը մերժելով դեղորայքային պայքարի ձևը, մարդու առջև հակավիրուսային դիմադրողականություն ունենալու պայման է դնում: Ստացվում է, որ վիրուսը մարդկանց թշնամին լինելով հանդերձ, նրանց անկեղծ խորհրդատվությո՞ւն է մատուցում՝ իր դեմ պայքարում ուժեղ առողջություն և դիմադրողականություն ձեռք բերելու համար: Դե ինչ, այդ դեպքում ոչ միայն մնանք տանը, այլ նաև լրջորեն մտածենք մեր առողջությունն այսուհետ ամրապնդելու ուղղությամբ, քանի որ հայտնի չէ, թե ինչ նոր վիրուսների ենք դեռ հանդիպելու մեր կյանքում, անկախ մեր զբաղեցրած պաշտոններից և անկախ մեր հանրահայտ կամ անհայտ լինելու հանգամանքից:
Ռուբեն ՄԱՐԳԱՐՅԱՆ