Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ ձեւով կաթողիկոսի հետ անհամաձայնությունը չպետք է դառնա եկեղեցու դեմ ծավալված զզվելի արշավ». Էդմոն Մարուքյան

Ապրիլ 17,2020 15:16

Քանի օր է՝ քննարկվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի հայտարարություն-հորդորը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

Այսօր այս առնչությամբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ կաթողիկոսը պե՞տք է նման կարծիքներ արտահայտի՝ պատասխանեց. «Խոսքի, կարծիքի ազատությունը վերաբերում է բոլորին: Թե՛ հոգեւոր ծառայողները, թե՛ աշխարհիկ քաղաքացիները, մենք բոլորս ունենք խոսքի ազատության եւ կարծիք արտահայտելու իրավունք ու, բնականաբար, Վեհափառ հայրապետն ունի այդ նույն իրավունքը ու կարող է այդ իրավունքից օգտվել: Նա կարծիք է հայտնել, հիմա այդ կարծիքը հարգողն ո՞վ է՝ դատարանը եւ գլխավոր դատախազությունը. կհարգեն՝ կհարգեն, չեն հարգի՝ չեն հարգի, բայց դրանից դարձնել հայոց հարցը…Ես նայում եմ ֆեյսբուքյան գրառումներ, նաեւ youtube-ում կեղծ ալիքներում պատրաստված տեսանյութեր Վեհափառի, եկեղեցու դեմ, ես ամենախիստ կերպով դատապարտում եմ այդ ամենը, որովհետեւ վերջին հաշվով մեր արժեքների, մեր 2000-ամյա եկեղեցու դեմ ենք գնում նման արարքներով, որեւէ ձեւով դա չի կարող արդարացվել: Օրինակ, ես ինքս Վեհափառի կարծիքը չեմ կիսում, բայց անգամ եթե ես դրա մասին արտահայտվեմ, ես դա պետք է անեմ շատ հարգալից, որովհետեւ ամեն ինչ իր ձեւն ունի, կարգն ունի, կանոնն ունի, որովհետեւ խոսքը գնում է Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին: Եկեղեցու դեմ այնքան ուժեր են դուրս եկել մեր պատմության մեջ, բոլորը փոշի են դարձել, վերացել, գնացել: Վաղը, մյուս օրը որ մենք էլ դառնանք հանգուցյալներ, մեր հուղարկավորությունն էլ իրենք են գալու կազմակերպեն, խաչակնքեն, գնան, ինչի՞ մասին է խոսքը: Եկեղեցու դեմ կարելի՞ է նման ձեւով դուրս գալ, նման հայտարարություններ անել, երբ որ բոլորս գնում ենք մեր երեխաներին տանում ենք, կնքում ենք մեր եկեղեցում: Բնակչության քանի՞ տոկոսը, 90 տոկոսն է Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, հետեւաբար պետք է զգույշ լինել նման արտահայտություններում եւ որեւէ ձեւով կաթողիկոսի հետ անհամաձայնությունը չպետք է դառնա եկեղեցու դեմ ծավալված զզվելի արշավ: Ես որ տեսնում եմ, կոնկրետ արշավ է, ոչ միայն ֆեյքերի, նաեւ քաղաքական մարդկանց կողմից: Վեհափառ հայրապետին ավազանի անունով կոչելը դա վիրավորանք է, չի կարելի նման բան անել: Վերջին հաշվով կարող է սիրեն իրեն, չսիրեն, հարգեն, չհարգեն, բայց Վեհափառ հայրապետն օծված է ու Ամենայն Հայոց կաթողիկոսն է»:

Լրագրողների դիտարկմանը՝ ժողովուրդը սպասում էր, որ կաթողիկոսը, ինչպես Հռոմի պապը, կորոնավիրուսի այս ծանր օրերին հույս կներշնչեր ժողովրդին, ոչ թե Քոչարյանին ազատելու կոչով հանդես կգար՝ Մարուքյանը պատասխանեց. «Եթե հետ գնաք, ես հիշում եմ, որ հայտարարություն եղել է, երբ որ Մեծ Պահքի շրջան էր: Սուրբ Հարության տոնին Վեհափառի ուղերձում էլ դուք կարող եք գտնել այդ խոսքերը, որ մենք ժողովրդով պետք է հաղթահարենք համավարակի դեմ պայքարը: Ուղերձը հղել է Սուրբ Զատկի տոնին: Դրանից առաջ էլ որոշում կայացվեց, որ եկեղեցու դռները փակվեն, օնլայն ռեժիմով հեռարձակվեն բոլոր պատարագները, պատարագից հետո հնարավորություն տրվի, որ հավատացյալները գնան հաղորդվեն: Հիմա ամեն մեկը մի բան է ասում, թե բա խի՞ այն ժամանակ այսինչ բանը չասաց: Թող գնան բացեն, նայեն՝ ով ինչ է ասել: Որ ասում եք Հռոմի կաթոլիկ եկեղեցին, Հռոմի պապը, երբ ինչ-որ բան է ասում Պողոսի գահին նստած, ինքը անսխալական է համարվում, Հայ առաքելական եկեղեցին ավելի լիբերալ է ու մեր կաթողիկոսի կարծիքն անսխալական չի կարող համարվել: Բաներ կան, տարբերություններ կան, պետք չի նման ձեւով ընդունել ու նման արշավ սանձազերծել եկեղեցու դեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդը ՀՀ քաղաքացի է և ունի բոլոր այն իրավունքները, որ ունեն ՀՀ մնացած բոլոր քաղաքացիները:Պետության գործերին խառնվեն ուրիշ է բայց կարծիք հայտնելն որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս իրավունք ունի:Եթե օվշորային հարցեր կա դրա համար կա ԱԱԾ եվ ոչ թե Նիկոլի «Perfect TV» պետք է դատապարտի մեր կաթողիկոսին:
    Իսկ ժողովուրդը լուռ լսում է:

    Ամոթ մեր ազգին որ մի հատ Կաթողիկոս չենք պաշտպանում

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930