Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սամվել Ալեքսանյանը ոչ մի առանձնահատուկ դեր չունի, ով կգա կասի՝ ես նոր Հայաստանի կանոններով եմ ապրելու, մենք խնդիր չունենք ոչնչացնել ոչ մի գործարարի». Արարատ Միրզոյան

Ապրիլ 17,2020 14:50

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին այսօր լրագրողները հարցրեցին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքից հետո կարո՞ղ ենք ասել, որ համատարած գործընթաց է սկսվելու ապօրինի գույքը վերջապես բռնագանձելու: Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Այդ գործընթացը, միեւնույն է, սկսված է եւ միեւնույն է, ընթանալու է: Այո, դժվար, այո, դանդաղ, բայց մեր ամենահիմնական քաղաքական խոստումներից, գծերից մեզ համար բնորոշը հենց կոռուպցիայի դեմ պայքարն է, ե՛ւ ներկա հնարավոր եւ նաեւ անցյալ խոշոր մեծ թալանը, որը տարիներ շարունակ մեր հասարակությանը հուզել է: Հիմա մենք մեր խոստումներից հետ չենք կանգնելու, գնալու ենք առաջ: Հիմա այդ պրոցեսի մեջ ինչ-որ փուլում իրավապահները եկել են եւ ասում են, որ մենք բախվում ենք այսինչ-այսինչ խոչընդոտներին: Շատ իրավական առումով խուճուճ, այնպես է ձեւակերպված, մախինացիաներով այնպես բարդ բան է ստեղծված, որ մենք չենք կարողանում ստանալ անհրաժեշտ տվյալները: Ակնհայտ է, որ մարդը 5 տարի եղել է պետական պաշտոնյա, աշխատավարձը հայտարարագրված, հստակ գիտենք իր եկամուտները, նա պիտի ունենար 3 մլն դրամ, 13 մլն դրամ, բայց նա ունի 130 մլն դոլար, օրինակ: Պարզ է, որ մի բան այդտեղ այն չի: Մինչեւ այս օրենքի նախագիծը հնարավոր չի եղել հասնել այդ ունեցվածքին, որը ենթադրաբար, մեր համար ակնհայտորեն ապօրինի կարող է լինել: Հիմա այս հավելյալ գործիքն է տրված իրավապահներին»: Նա ասաց, որ իրենց հաստատակամությունը կամ ցանկությունը գնալ այդ ճանապարհով չի նվազում:

Հարցին՝ դուք բացառո՞ւմ ե, որ սա կարող է քաղաքական գործիք դառնալ՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Այսինքն, ռեպրեսիանե՞ր: Եթե պատկերացնում է որեւէ մեկն այս երկրում, որ մենք կարող է այս գույքի բռնագրավման օրենքը կիրառենք, որպեսզի ինչ-որ մութ գործարքի գնանք ինչ-որ մի նախկին պաշտոնյայի, որը չգիտեմ ոնց դառել է դոլարային միլիոնատեր կամ բան…»:

Լրագրողներն ասացին՝ Սամվել Ալեքսանյանի հետ լավ եք՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Սամվել Ալեքսանյանի հետ չէ, մենք բոլորի հետ լավ ենք, ովքեր աշխատում են ՀՀ օրենքների սահմաններում եւ մեր հռչակած խաղի կանոնների սահմաններում, որը էլի հանգելու է ՀՀ օրենքներին: Ոչ մի սեւ հաշվապահություն եւ կանոնավոր վճարված հարկեր: Բոլոր-բոլորի հետ լավ ենք: Նույնիսկ հազար անգամ ասել ենք՝ եթե կլինի որեւէ մեկը, որը նախկին խաղի կանոնների պայմաններում լավ չի, օրենք են խախտել, բայց ինչ-որ ձեւ արել են եւ կուտակել են ապօրինի հարստություն, կգան կասեն՝ այդպես է եղել ընդունված, մեզ մի դատեք, վերցրեք այսքանը, յուրացրել եմ ապօրինի ձեւով, վերցրեք եւ թողեք ես աշխատեմ… հազար անգամ ասել ենք՝ ոչ մի մութ, անդրկուլիսային պայմանավորվածությունների արդյունքում, միայն բաց հասարակության առջեւ: Հլը դա էլ կարող ենք քննարկել՝ պայմանական 1 մլրդ-ից 800-ը տան նորմա՞լ է, թե՞ 700-ն է նորմալ: Բայց քանի անգամ ասել ենք, այստեղ Սամվել Ալեքսանյանը ոչ մի առանձնահատուկ դեր չունի, ով կգա կասի՝ ես նոր Հայաստանի կանոններով եմ ապրելու եւ գործելու ու ես մեծ բիզնեսմեն եմ, մենք խնդիր չունենք ոչնչացնել ոչ մի գործարարի կամ քաղաքական գործչի»:

Արարատ Միրզոյանն ասաց, որ ենթադրում է՝ եթե Սամվել Ալեքսանյանը խնդիր չունի՝ ուրեմն ինքը կանոնավոր վճարել է հարկերը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930