2020 թ. ապրիլի 10-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է 2008 թ. մարտի 1-ի քրեական գործով հետախուզման մեջ գտնվող ՀՀ ՔԿ նախկին պետ Վահագն Հարությունյանի՝ Ռուսատանի Դաշնությունից ՀՀ չհանձնելուն։
Իր գրառմամբ նա նախ անդրադարձել է քրեական գործի որոշ մանրամասների, ապա հայտնել իր դիրքորոշումները գործին վերաբերող մի շարք հարցերի շուրջ։
Ներկայացնում ենք մեր դիտարկումները ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի գրառման որոշ կետերի շուրջ։
Մեջբերում գրառումից․
Կարդացեք նաև
«Ըստ քրեադատավարական ընթացակարգերի և ամենապարզ տրամաբանության՝ անձի նկատմամբ չի կարող հետախուզում հայտարարվել կամ մեկ այլ երկրին անձին հանձնելու պահանջ ներկայացվել՝ առանց վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու: Իսկ քրեական գործը, որին հղում է կատարվում վերոնշալ «փաստարկները» ներկայացնելիս, հարուցվել է 2019թ. հուլիսի 12-ին: Եվ նախաքննությունն իրականացնող մարմնի, տվյալ դեպքում ՀՔԾ-ի կողմից այդ դրվագներով Վ. Հարությունյանին մեղադրանք չի առաջադրվել այն պարզ պատճառով, որ դեռևս չի հաջողվել ձեռք բերել դրա համար անհրաժեշտ ապացույցները:
Իսկ ինչպես հայտնի է, ՀՀ դատախազությունը, առավել ևս ՀՀ գլխավոր դատախազը չեն քրեական գործերով ապացույցներ ձեռք բերող իրավասու սուբյեկտները»:
Մեր անդրադարձը.
Գ․ Աբրահամյանի այս դիտարկման առնչությամբ նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելիս դատախազն իրավասու է [․․․․] 7) հետաքննության մարմնին հանձնարարել իրականացնել ձերբակալման, բերման ենթարկելու, կալանավորման, այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ որոշումները։
ՀՀ դատախազության մասին օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Գլխավոր դատախազը ղեկավարում և վերահսկում է դատախազության գործունեությունը և պատասխանատու է դատախազության բնականոն գործունեության ապահովման համար:
ՀՀ քրեական դատավարության օրենսգիքի 53-րդ հոդվածը սահմանում է մինչդատական վարույթի շրջանակներում դատախազի բացառիկ լիազորություները, մասնավորապես՝
դատախազը լիազորված է վարույթն իրականացնող մարմնից պահանջելու նյութեր, փաստաթղթեր, քրեական գործեր և քննության ընթացքի մասին տեղեկություններ, ինչպես նաև ծանոթանալու դրանց կամ դրանք ստուգել նրանց գտնվելու վայրում, հեռացնել (․․․․․) քննիչին տվյալ գործով քրեական դատավարությանը մասնակցելուց, եթե գործի քննության ընթացքում թույլ է տվել օրենքի խախտում, (․․․․․) վերացնել քննիչի անօրինական կամ անհիմն որոշումները։ (․․․․․), պահանջել փաստաթղթեր, նյութեր և գործեր, որոնք կարող են տեղեկություններ պարունակել դեպքերի և դրանց առնչվող անձանց մասին. 4) հետաքննության մարմնին պարտադիր գրավոր ցուցումներ տալու օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման մասին` կապված քրեական գործով վարույթի հետ։
Ավելին՝ նույն օրենսգրքի 55-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ քննիչը պարտավոր է կատարել դատախազի օրինական ցուցումները:
Քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը վարույթն իրականացնող մարմնին ցուցումներ է տալիս, որոնք կատարելը վարույթն իրականացնող քննիչի պարտավորությունն է, սրանում է կայանում դատախազի գործառույթը՝ քրեական գործով ապացույցներ հավաքագրելու գործընթացում։
Ըստ Գոռ Աբրահամյանի, քանի որ դատախազությունը ապացույց հավաքող չէ, ապա «մեղադրանքները» պետք է ուղղված լինեին ՀՔԾ-ին, այնինչ Գ. Աբրահամյանը մոռանում է դատավարական վերահսկողության գործառույթը, որը պետք է իրականացնի դատախազը: Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ դատախազն ունի պոզիտիվ պարտավորություն, որի շրջանակներում պետք է ջանքեր գործադրի արդյունավետ հոսկողություն իրականցնելու, ապացույցների հավաքագրմամբ զբաղվող քննչական մարմնի գործունեության նկատմամբ։
2. Մեջբերում գրառումից․
«Հուսով ենք, քրեական դատավարության և հանձնման գործընթացի «գիտակները» չեն առաջարկում անձին միայն նրա դեմ տրված հաղորդումների հիման վրա մեղադրանք առաջադրել, կամ մեղքը «հիմնավորող» անթույլատրելի, ապացույցներ ստեղծել՝ հանձնման գործընթացը բարեհաջող իրականացնելու արհեստական հիմքեր ստեղծելու համար»:
Մեր անդրադարձը.
Ըստ մեջբերման արձանագրում ենք, որ Գ.Աբրահամյանը հրապարակավ հայտարարում է, որ Վ․ Հարութունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը ուղղակի կրում է ձևական բնույթ, քանի որ առկա չէ որևէ օրինական հիմք վերջինիս մեղադրանք առաջադրելու և հանձնման գործընթացը իրականացնելու համար։
Հարկ ենք համարում հիշեցնել Դատախազի այն լիազորության մասին, համաձայն որի՝ դատախազը իրավասու է հրաժարվելու մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց, կարճելու քրեական գործով վարույթը կամ դադարեցնելու քրեական հետապնդումը, որոնց հիմքով դատախազությունը որևէ որոշում չի կայացրել։
Այսպիսով` դատախազությունը պատշաճ ջանքեր չի գործադրում մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդման ուղղությամբ, կամ քրեական գործով ապացույցների բացակայության հիմքով հետապնդումը դադարեցնելու ուղղությամբ։
3. Մեջբերում գրառումից․
«Ինչ վերաբերում է Վ. Հարությունյանին հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը հրապարակելու անհրաժեշտության անհեթեթ պնդումներին՝ փորձելով դա չանելու մեջ տեսնելու Վ. Հարությունյանի հանձնման հարցում շահագրգռված չլինելու, նրա շահերից գործելու կոնսպիրատիվ մոտիվներ, ապա նման փաստաթուղթ չի կարող հրապարակվել, քանի որ այն պաշտոնապես դեռևս գոյություն չունի և չի կարող ունենալ, քանի որ հանձնման գործընթաց, որպես այդպիսին, չի էլ մեկնարկել և հետևաբար հանձնման միջնորդություն ՌԴ գլխավոր դատախազություն չի ներկայացվել»:
Մեր անդրադարձը.
Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին ԱՊՀ կոնվենցիայի (այսուհետ ԱՊՀ կոնվենցիայի) 61-րդ և 62-րդ հոդվածները կարգավորում են անձին ձերբակալելու և ազատ արձակելու գործընթացը՝ մինչև հանձնելու մասին միջնորդություն ստանալը։
ԱՊՀ կոնվենցիայի 61-րդ հոդված
Անձը, որի հանձնումը պահանջվում է, միջնորդությամբ կարող է կալանքի վերցվել նաև նախքան հանձնելու մասին պահանջն ստանալը: Միջնորդությունը պետք է բովանդակի հղում՝ կալանքի վերցնելու մասին որոշմանը կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռին և նշում այն մասին, որ հանձնելու մասին պահանջը կներկայացվի լրացուցիչ: Նախքան հանձնելու մասին պահանջն ստանալը՝ կալանքի վերցնելու մասին միջնորդությունը կարող է հանձնվել փոստով, հեռագրով, տելեքսով կամ տելեֆաքսով:
Նույն կոնվենցիայի 62-րդ հոդված
1) 61-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կալանքի վերցված անձը պետք է ազատվի, եթե նրա հանձնման մասին պահանջը չստացվի կալանքի վերցնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
2) 61-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ձերբակալված անձը պետք է ազատվի, եթե նրան հանձնելու մասին պահանջը չստացվի այն ժամկետի ընթացքում, որն օրենսդրությամբ նախատեսված է ձերբակալության համար:
Հատկանշական է այն հանգամանքը, որ ՀՀ դատախազությունը նշում է, որ Վ. Հարությունյանի ձերբակալվելուց հետո պահանջ չի ներկայացրել ՌԴ դատախազություն, քանի որ վերջինիս ազատ են արձակել՝ մեղսագրվող արարքի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ Սակայն համաձայն վկայակոչված ԱՊՀ կոնվենցիոն դրույթների՝ ձերբակալման փուլում չի քննարկվում վաղեմության հարցը։ Անձի ձերբակալումից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է ներկայացներ հանձնման պահանջ՝ մինչև ձերբակալման համար օրենքով նախատեսված ժամկետի ավարտը, որը չստանալու պայմաններում անձը կարող է ձերբակալումից ազատ արձակվել։ Սահմանված ժամկետում պահանջ ներկայացնելուց հետո միայն ռուսական կողմը կարող էր որոշում կայացնել կալանավորման մասին, որին էլ կհաջորդեր հանձնման մասին միջնորդության քննարկումը, և միայն այս փուլում էր հնարավոր անդրադառնալ վաղեմության հարցին։
Վկայակոչված ԱՊՀ կոնվենցիայից բխում է, որ մինչև անձի նկատմամբ կալանքի միջնորդություն ներկայացնելը պահանջող պետությունը պետք է գրություն ներկայացրած լիներ անձին ձերբակալելու մասին, դրանում նշելով մեղսագրվող արարքների մասին, որի հիման վրա միայն ռուսական կողմը կարող էր անձին ձերբակալել։ Այս մասին ՀՀ դատախազությունը գիտակցաբար չի հիշատակում իր հրապարակման մեջ, նշելով միայն հանձնելու մասին միջնորդության բացակայության մասին։ Այսինքն՝ ռուսական կողմն առնվազն պետք է հայկական կողմից իր ձեռքին ունենար որևէ իրավական հիմք Վ. Հարությունյանին ձերբակալելու որոշում կայացնելու համար: Գոնե այդ իրավական հիմք հանդիսացող փաստաթուղթը կարող է հրապարակել: Այսինքն՝ կառչել փաստաթղթի անվանումից և չհարապարակել այն, ինչ կա, որը, նորից պնդենք, չի հանդիսանում նախաքննության գաղտնիք և չի էլ կարող այդպիսին լինել, փարատելու համար հանրային կասկածները առ այն, որ դատախազության կողմից չի եղել անգործություն կամ դիտավորություն, բխում էր հենց դատախազության շահերից: Բայց նման ձգտում չենք տեսնում:
Կոնվենցիոն նորմերի տրամաբանությունից բխում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դրսևորել է ակնհայտ անգործություն՝ սահմանված ժամկետում և կարգով անձի ձերբակալումից հետո կալանքի հանձնման միջնորդություն չներկայացնելով, որը չլինելու պարագայում հանձնող պետությունը կարող էր անձին ազատ արձակել ձերբակալումից։
Այսպիսով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ակնհայտ և գիտակցաբար մոռացության է մատնում առնվազն ձերբակալության միջնորդության մասին գրությունը, առանց որի չէր կարող ռուսական կողմը ձերբակալել Վ. Հարությունյանին: Ինչու՞, որովհետև անմիջապես հարց էր ծագելու, թե ինչու ժամանակին չի ներկայացրել նաև խափանման միջոց կալանավորման և հանձնման մասին միջնորդությունները:
Քննարկման առարկա նաև պետք է դարձնել այն հարցը, թե արդյոք ՌԴ-ը անձին ազատ է արձակել հենց վաղեմության հիմքով, թե՝ ձերբակալումից հետո պահանջ չներկայացնելու հիմքով։
Մեջբերում գրառումից․
«Վ. Հարությունյանին ՌԴ ոստիկանության կողմից ձերբակալելու որոշման մասին ՀՀ ոստիկանությանը տեղեկացվելուց անմիջապես հետո ՀՀ գլխավոր դատախազությունը, անգամ չսպասելով ժամանակավոր կալանավորման որոշման կայացմանը, ձեռնամուխ է եղել նրան այդ փուլում հանձնելու մասին պահանջ ներկայացնելու նախապատրաստությանը: Սակայն ձերբակալման՝ օրենքով սահմանված ժամկետը դեռևս չավարտված՝ ընդամենը ժամերի ընթացքում, ՌԴ դատախազությունը Վ. Հարությունյանին՝ վերջինիս մեղսագրվող արարքների վաղեմության ժամկետն իրենց օրենսդրությամբ անցած լինելու հիմնավորմամբ ազատ արձակելու որոշում է կայացրել»:
Մեր անդրադարձը.
ԱՊՀ Կոնվենցիայի 80-րդ հոդվածի համաձայն՝ Քրեական հետապնդման, հանձնման, ինչպես նաև քաղաքացիների իրավունքները շոշափող և դատախազի որոշում պահանջող քննչական հանձնարարությունների կատարման հարցերով հաղորդակցվում են Պայմանավորվող կողմերի գլխավոր դատախազները (դատախազները)։
Ի վերջո պետք է փաստել, որ եթե այնուամենայնիվ հարուցվել է քրեական գործ, անձին առաջադրվել է մեղադրանք, մեղսագրվող արարքները կան, ՀՀ գլխավոր դատախազը պետք է ձեռնամուխ լիներ հանձնելու գործընթացի կատարմանը՝ հիմք ընդունելով օրենքով արդեն հարուցված քրեական հետապնդումը։ Ինչ վերաբերում է մեղսագրվող արարքի համար վաղեմության ժամկետին, ապա այն ոչ թե պահանջող պետության գնահատման առարկան պետք է լինի, այլ հանձնող պետությունը պետք է դրա մասին որոշում կայացնի։ Հղում կատարելով ԱՊՀ կոնվենցիային կամ ՌԴ կողմից վաղեմության հիմքով անձին ազատ արձակելու փաստին և հանձնման մասին գործողություններ չիրականացնելով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ակնհայտ անգործություն է դրսևորել։
5.Մեջբերում գրառումից․
«Անկախ Պետությունների Համագործակցության «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայի (որի մաս են կազմում ինչպես ՀՀ-ն, այնպես էլ ՌԴ-ն) 57-րդ հոդվածի 1-ին մասի բ կետի իրավակարգավորումների համաձայն՝ հանձնում չի կատարվում, եթե «պահանջն ստանալու պահին, հարցվող Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն, քրեական հետապնդում չի կարող հարուցվել կամ դատավճիռը չի կարող ի կատար ածվել վաղեմության ժամկետն անցնելու պատճառով կամ այլ օրինական հիմքով»:
Մեր անդրադարձը.
Նախ դատախազը հրապարակավ հայտնում է, որ անձին հանձնելու մասին փաստաթուղթ գոյություն չունի և չէր կարող ունենալ, ապա հղում կատարելով ԱՊՀ կոնվենցիայի 57-րդ հոդվածին՝ որում թվարկված են հանձնում չկատարելու հիմքերը, վկայակոչում է վաղեմության հիմքը։ Պետք է հստակ արձանագրենք, որ հոդվածը վերնագրված է «հանձնելուց հրաժարվել», ինչը ենթադրում է, վերստին պնդենք, որ պետք է սկսվի գործընթաց՝ հանձնելու մասին, որի արդյունքում հանձնող պետությունը նոր կարող է գնահատել հանձնելու մասին հիմքերի առկայությունը կամ բացակայությունը։
Մեջբերում գրառումից․
«Ակնհայտ է, որ վաղեմությունն անցած լինելու հիմքով մերժման այսպիսի կոնվենցիոն իմպերատիվ պայմանի պարագայում նման միջնոդրություն ներկայացնելն ուղղակի անիմաստ է, որովհետև ներկայացվելու դեպքում ենթակա է մերժման»:
Մեր անդրադարձը.
ՀՀ գլխավոր դատախազության կողմից Վ․ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդման ուղղությամբ կատարված բոլոր գործողությունները կրում են ձևական բնույթ, դատախազությունը, ի սկզբանե իմանալով, որ մեղսագրվող արարքների նկատմամբ արդեն իսկ անցել են վաղեմության ժամկետները և որ հանձնող պետության համար հանձման գործընթացը կատարելիս առաջին հերթին ստուգվում են վաղեմության ժամկետները, մտածված հղում է կատարել միայն այն արարքին, որի հիմքով քրեական հետապնդումը կդադարի վաղեմության ժամկետի սպառված լինելու հիմքով։
Այսպիսով՝ հրապարակավ ձեռնարկվում է մի գործընթաց՝ ցույց տալու համար, թե իբր դատախազությունը իրապես ձգտում է հասնել Վ. Հարությունյանի հանձնմանը ՀՀ-ին, միևնույն ժամանակ հրապարակման մեջ հետագայում նշելը, որ միջնորդությունը չի ներկայացվել՝ գիտակցելով, որ հանձնումը հնարավոր չէ իրականացնել՝ վաղեմության հիմքով, առնվազն տարօրինակ է:
Եվ հենց այս առումով է տեղին հիշեցնել, որ դեռևս 2019 թ․ հուլիսին Վահագն Աբգարյանն իր նկատմամբ խոշտանգումների և բռնությունների մասին տված հաղորդման մեջ ուղղակի նշել է, որ դրանք կատարել է անձամբ Վահագն Հարությունյանը: Նման դեպքում դատախազությունը անհապաղ և գործուն հսկողական միջոցներ պետք է ձեռնարկեր, որ քննչական մարմինները անհապաղ ոչ միայն տուժողից, այլև խոշտանգում կամ բռնություն կատարած անձից բացատրություն վերցնեին կամ հարցաքննեին: Նման գործողությունները կարող էին տեղի ունենալ միայն քրեական գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավելու դեպքում: Գլխավոր դատախազությունը պետք է ապահովեր խոշտանգումների կանխարգելման ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի կոնվենցիաներով սահմանված պետության պոզիտիվ պարտավորությունը։ Պետության պոզիտիվ պարտավորությունը ենթադրում է և որպես մեղադրյալ կամ կասկածյալ ներգրավելու մասին որոշում կայացնելը, և խափանման միջոց կալանավորումն ընտրելը, ինչպես նաև մեղադրյալին հանձնելու մասին համապատասխան միջնորդության ներկայացնելը, որոնք չեն կատարվել ՀՀ գլխավոր դատախազության կողմից, և այս գործողությունների կատարման դեպքում ռուսական կողմը վաղեմության ժամկետներին հղում կատարել ուղղակի չէր կարող։ Ի դեպ, մինչ այժմ Վահագն Աբգարյանից դեռևս բացատրություն չեն վերցրել, նաև բռնության և խոշտանգումների մասին հաղորդման ուղղությամբ ոչ մի գործողություն չի կատարվել:
Այսպիսով՝ հորդորում ենք ՀՀ գլխավոր դատախազությանը
1․ այսուհետ հանրության աչքերում իր գնահատականը բարձրացնելու կամ վստահություն ձեռք բերելու նպատակով հանրության համար հետաքրքրություն ներկայացնող գործերով ձևական մոտեցում չցուցաբերել խոշտանգումների գործերի բացահայտման շրջանակներում և պատշաճ ու արդյունավետ ջանքեր գործադրել պետության պոզիտիվ պարտավորությունների կատարման ուղղությամբ,
2․ իրականացնել քրեական դատավարության և դատախազության մասին ՀՀ օրենքի պահպանմամբ դատավարական գործուն վերահսկողություն՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործերով, որը կհանգեցնի մեղավորների բացահայտմանը և պատշաճ պատժի նշանակման, և ոչ թե փորձել գնահատականներ հնչեցնել այդ պարտավորությունների չկատարման մասին բարձրաձայնողներին:
ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ