Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը պարզաբանում է պարգեւավճարների հարցը, նրան հիշեցնում են՝ բա հեղափոխական նվիրյալներն ո՞ւր են

Ապրիլ 17,2020 14:24

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատգամավորների պարգեւավճարների հետ կապված իր դիտարկումները ներկայացրեց: Հարցին՝ ի՞նչ կարծիք ունեք ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի մոտեցման մասին, դուք է՞լ եք կարծում, որ 500 հազար դրամ աշխատավարձով աշխատելը թրաֆիքինգ է՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Վճարման տարբեր սանդղակներ կան: Մասնավոր ընկերությունների հետ աշխատելու իմ փորձից կարող եմ կիսվել: Սա սկզբունք է աշխարհում՝ վարձատրման չափը պայմանավորվում է պատասխանատվության չափով, որքան շատ բան է կախված այդ մարդու որոշումներից, այնքան նա ավելի շատ աշխատավարձ է ստանում, վճարվում: Կա օրենքով սահմանված սանդղակ: Անշուշտ, չափազանց չոր մոտեցում կլիներ, եթե միայն սրանով սահմանափակվեինք, որովհետեւ կա մեդալի մյուս կողմը: Անապահով խավի որոշակի համամասնություն կա մեր հասարակության մեջ ու չի կարելի չոր ասել՝ եթե պատասխանատվության չափը շատ է, դու պիտի ստանաս 10 մլն դրամ, իսկ կենսաթոշակառուն՝ 30 հազար դրամ թոշակ, մի քիչ ողջախոհության սահմաններում պետք է լինի այդ ամեն ինչը: Բայց նաեւ մենք չենք կարող անտեսել այդ իմ ասած հանգամանքը, որ մարդկանց պատասխանատվության չափը բարձր է եւ իրենք պետք է շատ վարձատրվեն, սա հատկապես ցայտուն է գործադիրի դեպքում: Երբ որ մենք կարիք ունենք բարձր պրոֆեսիոնալների ու օրինաչափ է, որ բարձր պրոֆեսիոնալների հիմնական մասը մասնավորում այս կամ այն կերպ աշխատում են եւ բարձր աշխատավարձ են ստանում, հիմա այս մարդկանց մենք պետք է կարողանանք պահել պետական համակարգում»:

Երբ հիշեցրին, բա հեղափոխական նվիրյալներ չե՞ն՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Այո, իհարկե, նվիրյալներ, առանց դրա չի կարող լինել, որովհետեւ միանշանակ ամեն ինչ խարսխված է արժեքների վրա, պատրաստակամության վրա: Ի վերջո լինի վարչապետ, կրտսեր մասնագետից մինչեւ ամենաբարձր պաշտոնյան հանրային ծառայություն է, այստեղ առանցքային է ծառայություն բառը: Առանց նվիրյալ լինելու չես կարող ծառայել, բայց միեւնույն ժամանակ ծայրահեղությունների մեջ չընկնելու հարց է, այդ նույն ծառայողը պիտի իմանա, որ ինքը չունի այսինչ-այսինչ կենցաղային խնդիրները ու արժանապատիվ վարձատրվում է»:

Արարատ Միրզոյանն ասաց, որ մի կարեւոր հանգամանք էլ կա. «Եթե մենք տեսնենք, որ չեն գործադրվում ջանքեր կենսաթոշակն ավելացնելու, ուսուցչի, բուժաշխատողի աշխատավարձերն ավելացնելու համար ու միայն դա ուղղվում է նախարարի, փոխնախարարի պարգեւավճարներն ավելացնելուն, դա շատ մեծ խնդիր կլինի: Այստեղ ես արդարացված կհամարեի բոլոր հնարավոր քննադատությունները, բայց մենք տեսնում ենք, որ երկրորդ քայլով, երրորդ, տասնվեցերորդ քայլով արվում են քայլեր՝ ավելացնելու հասարակության տարբեր խավերի բարեկեցության աստիճանը: Բավարա՞ր է դա, ոչ, երբեք չի կարող բավարար լինել Եթե կենսաթոշակը դարձնենք անգամ 120 հազար դրամ, միեւնույն է, մենք ասելու ենք, որ դա բավարար չի, որովհետեւ լավ կլիներ, որ Հայաստանում կենսաթոշակը լիներ ոչ թե 100 հազար, այլ՝ 400 հազար»:

Ինչ վերաբերում է պատգամավորներին, Արարատ Միրզոյանն ասաց, որ այս գումարման պատգամավորները շատ միջոցներ չունեն, ամեն մեկը հիփոթեքային վարկ ունի, չունեն բիզնեսներ ու այլ եկամուտ. «Առավոտից իրիկուն աշխատում են, անում են ամեն ինչ, որ լավացնեն մարդկանց կյանքը…Կա սահմանված աշխատավարձ ու կա բյուջեով նախատեսված պարգեւավճար 30 տոկոսի չափով՝ բոլոր-բոլորի համար պետական համակարգում: Պարգեւավճարը որպես խրախուսում նպատակ ունի եւ այստեղ կարող է հարց լինել՝ ինչո՞ւ բոլորը հավասար 30 տոկոս պետք է ստանա: Արեւի տակ իրավունք ունի գոյություն ունենալ այս տեսակետը»:

Արարատ Միրզոյանն ասաց, որ երբ որ ինքը հայտարարել է, որ իր պարգեւավճարները փոխանցում են կորոնավիրուսի կանխարգելման հիմնադրամին, ներքեւում դժգոհ մեկնաբանություններ են եղել. «Տեսակետներ եղան ու ես հասկացա, որ մարդիկ մտածում են՝ 2 մլն պարգեւավճար ենք ստանում: Չկա նման բան, պատգամավորները 150 հազար դրամ պարգեւավճար են ստանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930