Արտակարգ իրավիճակների նախարարությունում (ԱԻՆ) նույնպես կան կորոնավիրուսով վարակված աշխատակիցներ: Այսօր այս մասին հայտնեց ԱԻՆ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը՝ կառավարության մամուլի սրահում կազմակերպված ասուլիսում:
«Ցավոք, վարակվածներ ունենք նաեւ մեր համակարգում, իսկ մեր համակարգում վարակի տարածման վտանգներն էլ ավելի մեծ են, քանի որ մենք ունենք զորքի վերաբաշխման խնդիր եւ այս պահին արդեն պլանավորում ենք, թե ինչպես պետք է վերաբաշխել ուժերը վարակի տարածման եւ այլ արտակարգ դեպքերի քանակի մեծացմանը զուգահեռ: Ունենք վարակվածության 5 դեպք, որից 3-ն այս պահին գտնվում են բուժման ընթացքում, երկուսն ապաքինվել են: Բոլոր կոնտակտավոր ծառայակիցներն այս պահին գտնվում են մեկուսացման մեջ: Ունենք 42 մեկուսացված»,-ասաց փոխնախարարը՝ նշելով, որ ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, այս տարի արտակարգ դեպքերի թիվը 190-ով աճել է:
Մինչ այս պահը հանրապետությունում տեղի է ունեցել 3621 արտակարգ դեպք:
Փոխնախարարի խոսքով, Նորաշեն համայնքից, որն այս օրերին պարետի որոշմամբ մեկուսացված է, ԱԻՆ-ը 28 քաղաքացի է տեղափոխել մեկուսացման վայրերր:
Կարդացեք նաև
Այս օրերին, ըստ պարոն Հարությունյանի, ԱԻՆ-ի հոգեբանական ծառայությունը 411 քաղաքացու հոգեբանական աջակցություն է ցուցաբերել. «ԱԻՆ-ը անցել է հեռավար աջակցության եւ այն քաղաքացիները, որոնք ունեն հոգեբանական աջակցության կարիք, կարող են զանգահարել 911 եւ անգամ տեսակապի միջոցով ստանալ հոգեբանական աջակցություն»:
Օգնել են նաեւ միայնակ տարեցներին՝ տրամադրելով առաջին անհրաժեշտության սնունդ ու անհատական պաշտպանիչ միջոցներ:
Նախարարի տեղակալը նշեց, որ ներկայումս էլ հանրապետությունում կատարվում են վարակազերծման աշխատանքներ:
Հարցին՝ քաղաքացիները բողոքում են, որ իրենց շենքերի շքամուտքերը չեն վարակազերծվում, Արմեն Հարությունյանն ի պատասխան ասաց՝ ԱԻՆ-ը շենքերի վարակազերծման աշխատանքներ չի կատարում. «Բայց եթե համայնքը, որի պատասխանատվության ներքո է գտնվում տվյալ շենքի վարակազերծման աշխատանքը, չի հասցնում կամ չի կարողանում, ներուժը չի հերիքում, կարող են դիմել մեզ, մենք կաջակցենք: Բայց նորից շեշտեմ, որ ԱԻՆ-ը վարակազերծման աշխատանքները կատարում է հանրային տարածքներում՝ շուկաներ, բանկեր, բանկոմատներ, սուպերմարքեթներ եւ այլն»:
Հարցին էլ՝ ԱԻՆ աշխատակիցները պարգեւատրվելո՞ւ են, փոխնախարարը պատասխանեց, որ նախարարի հրամանով, բոլոր այն աշխատակիցները, որոնք, հատկապես՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ցուցաբերել են նախաձեռնողականություն, կատարել են իրենց գործառույթներից ավելի գործառույթներ, երբեմն ծառայել են առանց հանգստի, անխտիր պարգեւատրվում են:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ