Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ համայնքների ճանապարհներին անգամ ձին է կեսից «խափանվում». Նաիրա Զոհրաբյան

Ապրիլ 17,2020 13:25

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, խորհրդարանն այսօր քննարկում է միջազգային վարկային համաձայնագիր վավերացնելու հարցը, որի իրականացմամբ նախատեսվում է ՀՀ մարզերի կենսական նշանակության մի շարք ճանապարհների նորոգում: «Համայնքներ կան, որտեղ հնարավոր չի ոչ ոտքով, ոչ տրակտորով… անգամ ձին է կեսից «խափանվում»… Աստված չանի՝ պատերազմական իրավիճակներում մենք չենք կարողանալու այդ համայնքներով զինտեխնիկա տեղաշարժել»,-խոսելով անմխիթար վիճակում գտնվող ճանապարհներից՝ ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա հարցադրում արեց՝ այս տարի նորոգվելիք ճանապարհների թվում ընդգրկվա՞ծ են այն գյուղերը, որոնց ճանապարհների մասին բարձրաձայնում են խմբակցությունների պատգամավորները. «Նախկինում եղել են ասֆալտների գեներալներ եւ ու գեներալուհիներ, որոնք մշտապես շահել են ճանապարհների նորոգման մրցույթները: Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ ուզում էինք Արցախ գնալ, տեսանք, թե ինչ որակի են այդ շահած ասֆալտները… ուղղակի հնարավոր չէր շատ դեպքերում զինտեխնիկա տեղաշարժել: Մրցույթների թափանցիկությունը վերահսկելո՞ւ եք, պարոն նախարար»:

Տարածքային կառավարման են ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն արձագանքեց. «Այս տարի մրցույթներին մասնակցում է երեսունից ավելի ընկերություն: Եղել է դեպք, երբ մի հատվածի համար միանգամից 29 ընկերություն է մասնակցել: Կարող եմ վստահեցնել, որ այս ոլորտում կապալառու ընկերությունները հոժարակամ մասնակցում են մրցույթների, եւ որեւէ խնդիր չի առաջանում: Չունենք գոնե հիմա նախադեպ, որ բարդություն լինի: Պետության համար լավ է այն հանգամանքը, որ ոչ պատասխանատու կապալառուները չեն մասնակցում մրցույթներին»:

Պապիկյանը նաեւ շեշտեց՝ նախկինում հատկապես Երեւանում եղել են դեպքեր, երբ հին ասֆալտը քանդում էին, նորը սարքում. «Նախորդ տարի մենք ցույց ենք տվել, որ գնում ենք ամենահեռավոր ու վատ ճանապարհները նորոգելու ուղղությամբ: Այս տարին էլ բացառություն չէ: Բայց եթե ճանապարհի հիմքը լավն է, արտաքին շերտն է միայն փոխվում: Այս տարի նորոգելու ենք 500 կմ ճանապարհ, այդ թվում՝ ռազմավարական նշանակություն ունեցող»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930