ԱԺ-ն այսօր քննարկում է «ՀՀ-ի ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ՝ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը: Ինչպես հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, նշյալ համաձայնագիրը ստորագրվել է 2019թ.-ին, եւ դրանով բանկը ՀՀ-ին տրամադրելու է 13 միլիոն 400 հազար եվրո գումար՝ ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ փուլն իրականացնելու համար. նախատեսվում է 65կմ երկարությամբ 12 ճանապարհահատվածի նորոգում՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերում:
Նախարարի փոխանցմամբ՝ արդեն իսկ մրցույթներ են հայտարարվել հետեւյալ ճանապարհների նորոգման համար՝
Արմավիր՝ Լուկաշին,
Սյունիք՝ Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի
Կարդացեք նաև
Գեղարքունիք՝ Աղբյուրաձոր:
Իսկ ԱԺ-ում նշյալ վարկային համաձայնագիրը վավերացնելուց հետո կհայտարարվեն հետեւյալ ճանապարհահատվածների նորոգման մրցույթները. Արագածոտնի մարզում՝ Ներքին Սասնաշեն-Մեղրաձոր, Արարատում՝ Նորամարգ-Հովտաշեն, Գեղարքունիքում՝ Սեւան-«Ախթամար» համալիր, Լոռիում՝ Եղեգնուտ-Դեբեդ եւ Կաթնաջուր, Սյունիքում՝ Խոտ:
Սուրեն Պապիկյանը վստահեցրեց՝ չի վերանորոգվելու այնպիսի ճանապարհ, որն իրականում դրա կարիքը չունի. «Սրանք իրոք կենսական նշանակության ճանապարհներ են, որոնք հեռավոր գյուղերը կապում են տնտեսական հատվածներին եւ խոշոր համայնքներին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ