«Այսօր տարբեր ուղղություններով լայնածավալ հարձակում է սկսել իշխանության, պատգամավորների, անհատների, քաղաքական գործիչների, մեկնաբանների ուղղությամբ: Այս ամենը կապված է այն գործողությունների հետ, որոնք տեղի են ունենում ԱԺ-ում եւ ոչ միայն այստեղ: Այն օրենքները, որոնք ընդունվում են, օրինակ՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, գովազդի թույլատրումը հանրային հեռուստաընկերությանը, նաեւ քրեական գործերն ու հետախուզումները, որոնք այսօր հայտարարվում են մասնավորապես նախկին հայտնի գործիչների նկատմամբ»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ նշյալը կատարվում է մի նպատակով, որպեսզի իրավիճակն օգտագործեն իշխանությանը վարկաբեկելու համար, ներկայացնելու համար այն ամենը, ինչին իրականում գոյություն չունի. «Կրկին դիմում եմ քաղաքացիներին: Գիտեմ, որ լավ հասկանում եք ամեն ինչ: Կոնտեքստից կտրված նյութերին եւ տեղեկատվությանը, լարովի դերասաններին, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ֆեյքերին, ՀՀ-ից գողացված փողերով վարձատրվողներին (որպեսզի ստեղծեն այդ մթնոլորտը) տեղիք չտաք: Իշխանությունը եղել է, կա եւ կմնա նույնը, եղել է ՀՀ ժողովրդի մի մաս եւ մնալու է այդ մասը: Իսկ նրանք, ովքեր գողացել են եւ հանցագործություններ արել, պատժվելու են»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ