Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը թույլ է տալու բռնագանձել գույքը, եթե դրա ձեռքբերումն անձը չհիմնավորի օրինական եկամտի աղբյուրներով: Նման գույքի առնչությամբ գործում է գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, որը պատասխանող կողմը կարող է հերքել՝ գույքի ձեռքբերումը հիմնավորող ապացույցներ ներկայացնելով:
Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում կատարվել է փոփոխություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շեմը 25 մլն դրամից բարձրացվել է 50 մլն դրամի: Առաջարկը խորհրդարանական ընդդիմությանն էր, որպեսզի արտագնա աշխատողները չընկնեն այս օրենքի տակ: Ուսումնասիրության ժամկետի մասով արձանագրվել է, որ այն պետք է ներառի առավելագույնը նախորդող 10 տարին, իսկ բացառիկ դեպքում, երբ պահպանվել են գործի համար էական ապացույցները, ավելի երկար՝ 1991 թվականից հետո ընկած ժամանակահատվածը:
Որ նախագիծը գործող իշխանության ձեռքում քաղաքական գործիք է դառնալու նախկինների գլխին, դրանում որեւէ մեկը չի կասկածում: Այդուհանդերձ, իրավական տեսանկյունից արդյոք այն խնդիրներ չի՞ առաջացնելու Սահմանադրության եւ միջազգային օրենսդրության հետ, ու հնարավո՞ր է լինելու կիրառել: Հիշեցնենք, որ գույքի բռնագանձումը, ըստ օրենքի, տեղի է ունենալու առանց մեղադրական դատավճռի, բացի այդ՝ տվյալ մարդու վրա է դրված իր անմեղությունն ապացուցելու հարցը, ինչը հիմնովին հակասում է իրավաբանության անկյունաքարային դրույթին, որ մարդը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, նրա մեղավորությունը պետք է ապացուցի քննչական մարմինը: Այս հարցերի վերաբերյալ մասնագիտական կարծիք խնդրեցինք Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գրիգորի Մուրադյանից։ Նա ընդհանրական գնահատականներ տվեց՝ ասելով, որ նախագիծն ամբողջությամբ չի ուսումնասիրել, բացի այդ, քրեական իրավունքի մասնագետ չէ:
Բայց «առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը», Մուրադյանի խոսքով, չի նշանակում առանց դատարանի վճռի: Պարզապես բռնագանձման թույլտվություն տրվում է ոչ թե Քրեական, այլ՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոններով: Ըստ այդմ էլ՝ բռնագանձման վերաբերյալ կայացվում է ոչ թե դատավճիռ, այլ՝ որոշում:
Կարդացեք նաև
«Այս առումով Սահմանադրության պահանջը, որ սեփականության իրավունքի օբյեկտը կարող է միայն դատարանի որոշմամբ վերցվել, կպահպանվի»:
Նրա գնահատմամբ, խնդիրն այլ տեղում է. «Այն հիմքերը, որոնք դրվել են գույքը վերցնելու հիմքում, արդյոք բավարար որոշակի՞ են, թե՞ ոչ: Կարող է առաջանալ որոշակիության խնդիր, բայց դա կարելի է հասկանալ միայն օրենքը կիրառելիս: Երկրորդ խնդիրն այն է, թե այդ հիմքերն ավելի լա՞յն են, քան մեր միջազգային պարտավորությունների շրջանակները: Որովհետեւ, որքան ես գիտեմ, այդ գործիքակազմը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում, շատ նեղ հիմքերով: Օրինակ, երբ արդեն ապացուցված է, որ մարդը, ենթադրենք, հանցավոր համագործակցության շրջանակներում ապօրինի գույք է ձեռք բերել, դա ապացուցված է մեղադրական դատավճռով, քրեական գործով, եւ պարզվում է, որ իր հարազատներից մեկը եւս ունի անհայտ ծագման գույք, այս դեպքում, այո, տրամաբանական է եւ թույլատրելի, որ որոշակի էքստրապոլացիա արվի՝ քաղաքացիական դատավարության շրջանակներում ապացուցման բեռը դնելով այդ հարազատի վրա, որպեսզի պարզվի՝ այդ գույքն օրինակա՞ն է, թե՞ ոչ: Որովհետեւ կարող է պարզվի, որ, ենթադրենք, մաֆիայի բոսն իր զոքանչին փոխանցի ապօրինի ծագման գույք, ու հետո պետք է պարզվի՝ որտեղի՞ց այդ գույքն իրեն: Այստեղ ինչ-որ տրամաբանություն կա, եթե, իհարկե, այս տրամաբանությունը տարածվելու է բոլոր դեպքերի վրա՝ սկսած 90-ականներից: Բայց քանի որ ասվում է, որ տարածվում է վերջին 10 տարվա կտրվածքով, այստեղ ես խնդիր եմ տեսնում, առաջանալու է խտրականության հնարավորություն, ի՞նչ է նշանակում՝ վերջին 10 տարի, ի՞նչ են դրել դրա հիմքում: Եթե ամփոփեմ, ապա այս օրենքը սահմանադրական իրավունքի հետ կարող է խնդիր ունենալ, եթե կա որոշակիության, համաչափության խնդիր, եւ այդ հիմքերը եթե բացառիկ չեն, այլ թույլ են տալիս ընդհանրական մեկնաբանությունների միջոցով տարածվել ցանկացած կատեգորիայի անձանց վրա եւ ցանկացած հանցագործությունների վրա»:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում