«Իրատեսի» հյուրը գրող ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆՆ է:
-Երբ մարդը մի աննշան թղթի կտորի է արժանանում (շնորհակալագիր, պատվոգիր, դրանց նման մեկ այլ բան), ինքնագնահատականի ինչ-որ ուռճացված հովեր է ունենում: Դուք 2019 թվականին ՀՀ նախագահի մրցանակի եք արժանացել «Ծնկան ծերին» գրքի համար, դրանից հետո բան չի՞ փոխվել Ձեր կյանքում:
-Չէ՜: Որ փոխված լիներ, Վերնիսաժում չէի լինի, էլի: Ես դեռ էդտեղ կանգնած եմ:
-Նախանձողներ չեղա՞ն մրցանակի առիթով:
Կարդացեք նաև
-Առաջ ինձ չէր հաջողվում, բայց հիմա ոնց որ հաջողվել է. ես աշխատում եմ հեռու մնալ գրական միջավայրից: Գրողները ոչ թե իրար հետ ընկերություն են անում, ոչ թե մեկմեկու ուրախությամբ ուրախանում են, այլ նախանձում են իրար, չարախոսում միմյանց մասին: Մեր երկիրը փոքր է, մեր քաղաքը փոքր է, բոլոր լուրերը շուտ են տեղ հասնում: Էդ մրցանակն ստանալը բացառիկ բան էր: Երեսունչորս գիրք էր ներկայացվել, հանձնաժողովի բոլոր յոթ անդամներն էլ ինձ էին ձայն տվել: Բայց կողքից էնքան վայրահաչություններ եղան՝ «Էդ չարչին ո՞վ է, որ մրցանակ ստացավ» կտրվածքով: «Գրական թերթում» էլ մրցանակիս առիթով հրապարակված լուսանկարը տպարանում ինձ «շատ սիրողները» դիտավորյալ լղոզել էին, պատկերս դարձրել անճանաչելի։ Շատերը էդ մասին գիտեին ու անողի վրա ծիծաղում էին։ Ի դեպ, «Գրական թերթը» նույն լուսանկարի տակ ինձ շնորհավորել էր, իսկ Գրողների միությունը հարկ չէր համարել միանալ այդ շնորհավորանքին: Էս է գրական աշխարհը:
-Ասում են՝ հետհեղափոխական Հայաստանում կենսամակարդակի աճ է գրանցվել: Վերնիսաժում կամ գրողի կյանքում դա նկատելի՞ է:
-Վերնիսաժում առևտուրն ավելի է վատացել: Իսկ գրողի կյանքում ոչինչ էլ չի փոխել հեղափոխությունը, պարզապես նոր պատմվածքների համար նոր նյութ է տվել, որը և ես գրի եմ առնում. երկու-երեք ամիսը մեկ մի պատմվածք եմ գրում: Որոշ փոփոխություններ կան: Ինչ-որ տեղերում աշխատավարձերի բարձրացումներ են եղել, թոշակների բարձրացում է եղել, հասարակության մեջ ինչ-որ բան փոխվել է: Բայց և դոլարի սակագինն է բարձրացել: Գոյություն ունի գնագոյացում, գները բարձրանում են: Չգիտեմ, վերջին հաշվով, բարձրացո՞ւմ է եղել, թե՞ իջեցում:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում