Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթողներ եւ պարտվողներ. ի՞նչ «ճակատամարտ» էր ընթանում Արցախում

Ապրիլ 17,2020 15:00

«Մասիս Մայիլյանին, որպես Արցախի ԱԳ նախարարի եւ նրա տեսակետները, ասել, որ հակաանկախական էին Արցախի ապագայի վերաբերյալ, ես կասկածելի եմ համարում: Նա իր քայլերով եւ իր գործողություններով ադպիսի իրավունք չի տվել մեզ նման հայտարարություններ անելու համար: Սակայն այն, որ Մասիս Մայիլյանը շատ հակասական ձեւով պահեց իրեն այս ընտրարշավի ընթացքում`միանշանակ է». «Առավոտի» զրուցակիցն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

– Արցախում նախօրեին կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Արցախի ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալներով, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը ստացել է 39860 ձայն (84,5 տոկոս), իսկ գործող ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը՝ 5728 ձայն (12.1 տոկոս): Թեեւ մարտի 31-ին տեղի ունեցած ընտրությունների առաջին փուլի ավարտից հետո արդեն իսկ սպասելի էր երկրորդ փուլում Արայիկ Հարությունյանի հաղթանակը, այնուհանդերձ, ինչպե՞ս կգնահատեք ընտրությունների արդյունքները, ընտրական գործընթացը:

– Նախ ուզում եմ շնորհավորել Արայիկ Հարությունյանին, ես կարծում եմ` շատ համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Ամեն դեպքում, 14 թեկնածուների մեջ դա բավական լուրջ արդյունք էր: Թե ինչպե՞ս են անցել ընտրությունները`կարծես թե լուրջ թերություններ չեն եղել: Եթե լինեին`ամբողջն արդեն ի հայտ կգար: Ուրեմն, կնշանակի, որ մենք հիմա ունենք հնարավորություն`Արցախում ունենալ կայուն իշխանություն: Սա շատ կարեւոր է, որովհետեւ դրանով ավարտվում են ներքին որոշակի խժդժությունները, որոնք հնարավոր էին, եթե Արցախում նոր իշխանություն չձեւավորվեր:

Ինչ վերաբերվում է նրան, թե ինչպիսի՞ն պետք է լինի Արցախի նոր իշխանությունը, կարծում եմ, որ այստեղ շատ բան կախված է լինելու նրանից, թե ինչպիսի՞ն կլինի Արցախի հիմնահարցի կարգավորման  կոնցեպտը, քանի որ դրանից են կախված լինելու նաեւ ապագա քայլերը. մենք գնում ենք կամաց-կամաց «միացում» գաղափարի իրականացմանը, թե՞ գնում ենք որպես միջազգային սուբյեկտ Արցախը ճանաչելու ճանապարհով: Երկրորդն ինձ համար անհեռանկար է: Ես միանշանակ ասում եմ, որ Արցախը միջազգային սուբյեկտի ճանաչում չի ստանալու: Ուրեմն, խնդիրը այն է, թե ինչպե՞ս շարժվենք առաջին տարբերակին համապատասխան: Ես չեմ ասում`միանգամից հայտարարենք, որ միացումը կատարված է, այլ համապատասխան դիվանագիտական քայլերով, մենք պետք է աշխարհին սովորեցնենք, որ սա միակ հնարավոր տարբերակն է այդ կոնֆլիկտը հանգուցալուծելու:

– Նախկինում Արայիկ Հարությունյանն առիթ ունեցել է այդ հարցին պատասխանելու եւ հայտարարել է, որ շարունակելու է Արցախի միջազգային ճանաչման գործընթացը:

– Ես կարծում եմ, որ դա անհեռանկար ճանապարհ է: Շարունակել գործողությունները նույն մոտեցմամբ, նույն ձեւաչափով`առանց Արցախի մասնակցության, դա նշանակում է, որ միջազգային, Մինսկի խմբի համանախագահների, Ադրբեջանի տեսանկյունից, Հայաստանն է պատասխանատու այս ամենի համար: Եթե Հայաստանն է պատասխանատու`ուրեմն ինչո՞ւ համար ենք մենք «նեյնիմ-նեյնիմ» անում: Ուրեմն, կնշանակի, որ Արցախը մերն է, մենք էլ նրա անունից խոսում ենք:

Ես չեմ հոգնի կրկնելուց, որ առաջին հերթին ՀՀ ԱԳՆ-ն պարտավոր է ներկայացնել ամփոփ ձեւով ամբողջ գործընթացն իրավական տեսանկյունից`թե ի՞նչ է արել Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հայ ժողովուրդը, հայ ժողովրդի մի մասը, որպեսզի ազգային-ազատագրական պայքարում անկախանա Ադրբեջանից եւ ինչպիսի՞ն է հիմա նրա կարգավիճակը, որը չի կարող քննարկման առարկա դառնալ այն տեսանկյունից, որ ԼՂՀ-ն օրինական ճանապարհով անկախացել է Ադրբեջանից: Այս պարագայում մնում է միայն մեկ բան`համապատասխան հանրաքվեով միավորվել Հայաստանի հետ եւ ներկայանալ արդեն որպես մեկ պետություն: Եթե մենք այս ճանապարհը չենք ընտրում, այլ շարունակում ենք անպտուղ բանակցությունները`ի՞նչ է լինելու: Եթե Թուրքիան մի քիչ գլուխն ազատի Մերձավոր Արեւելքի խնդիրներից, թեեւ դրա հեռանկարը կարծես թե այնքան էլ չի երեւում, բայց, համենայնդեպս, եթե Թուրքիան իր ուշադրությունը կրկին սեւեռի դեպի Հյուսիս, ապա պարզ է, որ մենք կրկին կանգնելու ենք փաստի առաջ, որ թուրք-ադրբեջանական տանդեմը`գումարած թյուրքալեզու պետությունների միությունը, որը ձեւավորվում է մեր աչքի առաջ, դառնում են մեր հակառակորդը: Չմոռանանք, որ կա նաեւ Պակիստան, որը հերքում է ՀՀ-ի գոյությունը եւ միանշանակ պաշտպանում է թյուրքալեզու պետություններին: Կնշանակի, որ լուրջ խնդիրներ կան, որոնց հետ պետք է հաշվի նստենք: Այստեղ է, որ արտաքին քաղաքականությունը ձեւավորելիս պետք է ՌԴ-ի, ՀԱՊԿ եւ ԱՊՀ մյուս պետությունների հետ դաշնակցային հարաբերություններ ձեւավորել, որոնց հետ հնարավոր է դա անել, վերոնշյալ զարգացումներին դիմագրավելու համար: Սա խնդիր է, որը մեր քաղաքականության մեջ կարեւորագույն հարցականը պետք է դառնա:

– ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի նախագահ ընտրվելու կապակցությամբ Արայիկ Հարությունյանին ուղղված իր շնորհավորական ուղերձում գրում է. «Արցախը այլեւս երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում. անցյալին վերադարձ չկա: Սա ցանկացած արցախցու ամուր համոզմունքն է, եւ Դուք՝ որպես նախագահ, դրա կրողն եք»: Ձեր կարծիքով ի՞նչ է այսպիսով ցանկանում ասել Սերժ Սարգսյանը`նկատի ունենալով, որ Արայիկ Հարությունյանի մրցակիցը գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանն էր, ում այս ընթացքում փորձ արվեց պիտակավորել:

– Գիտեք, մի քիչ բարդ հարց է: Մասիս Մայիլյանին, որպես Արցախի ԱԳ նախարարի եւ նրա տեսակետները, ասել, որ հակաանկախական էին Արցախի ապագայի վերաբերյալ, ես կասկածելի եմ համարում: Նա իր քայլերով եւ իր գործողություններով ադպիսի իրավունք չի տվել մեզ նման հայտարարություններ անելու համար: Սակայն այն, որ Մասիս Մայիլյանը շատ հակասական ձեւով պահեց իրեն այս ընտրարշավի ընթացքում`միանշանակ է: Անհասկանալի է, երբ առաջին փուլում ընդամենը մի քանի հարյուր ձայն էր պակասում, որպեսզի Արայիկ Հարությունյանը հաղթեր առաջին փուլով, Մասիս Մայիլյանը չհրաժարվեց երկրորդ փուլից, բայց հետո, հանկարծ ընտրողներին կոչ է անում բոյկոտել երկրորդ փուլի քվեարկությունը. բացարձակ հասկանալի չէ: Կիսահղի չեն լինում:

Մյուս կողմից, մենք Արայիկ Հարությունյանի առջեւ պետք է ազգովի դնենք խնդիրը`ինչպիսի՞ կեցվածք ունենալ եւ ինչպիսի՞ քաղաքական գիծ վարել: Ինչի՞ համար է դա ասում Սերժ Սարգսյանը`կապ չունի: Խնդիրն այն է, թե ինչպիսի դիրքորոշում պետք է ունենա նորընտիր նախագահը: Տարբերակները մի քանիսն են. առաջին նախագահն իր պատկերացումներն ունի, երկրորդ եւ երրորդ նախագահները` իրենց, ներկայիս ղեկավարությունն` իրենը: Դրա համար, ես էլի չեմ հոգնում կրկնելուց, որ մենք իրավունք չունենք մեզ նման շռայլություն թույլ տալու: Մենք պարտավոր ենք  հավաքել համահայկական համաժողով`նվիրված Արցախի հիմնահարցի կարգավորման կոնցեպտը մշակելուն, ինչի հիման վրա էլ կձեւավորվի պետության արտաքին քաղաքականության այդ ուղղությունը: Եթե մենք դա չենք անում, անընդհատ հանդես ենք գալիս ցաք ու ցրիվ ուժերով, տարբեր եւ հակասական մոտեցումներով, ինչը ջլատում է: Կոնսոլիդացիայի խնդիրը մնում է առաջնային: Ցավում են, որ ՀՀ ներկայիս վարչապետն այդպիսի զգացողություն չունի: Կոնոսլիդացիան չի նշանակում միայն քո կողքի քայլածներին հավաքել: Խնդիրը ավելի լուրջ է եւ վերաբերվում է հայ ժողովրդի հատվածներին:

– Եթե նման քայլ անի Արայիկ Հարությունյանը դա ընկալելի եւ ընդունելի կլինի՞:

– Ես Արայիկ Հարությունյանին հիմա առաջարկում եմ`առաջիկա ամիսներին նախաձեռնությամբ հանդես գալ. պատրաստ ենք եւ մենք մեկնել Արցախ, եւ իրեն հյուրընկալել մեզ մոտ: «Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության» կազմկոմիտեն ունի անհրաժեշտ փաստաթղթային բազան, որի հիման վրա կարող ենք համահայկական համաժողով հրավիրել: Եթե նախաձեռնություն գա Արցախի իշխանության կողմից, մենք պատրաստ ենք աջակցել եւ լավագույն մասնակցությունը բերել`տարբեր ուղղություններով: Ես զարմանում եմ, որ քաղաքական շրջանակները լռում են այս հանգամանքի հետ կապված: Մենք ՀՅԴ-ի հետ նախնական հանդիպում ունեցել ենք եւ ընդհանուր առմամբ համաձայնել ենք այս ուղղությամբ համատեղ աշխատել, պարզապես այս պանդեմիայի պայմաններում համաձայնությունները հետաձգվել են:

– Ընտրությունների առաջին փուլի ավարտից հետո հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արցախում հեղափոխություն չի եղել, բայց նաեւ հակահեղափոխություն չի եղել, իսկ այսպես կոչված հակահեղափոխական ուժերն ընտրությունների արդյունքում պարտություն են կրել»,- ասաց նա: Ովքե՞ր հաղթեցին, ովքե՞ր պարտվեցին, ի՞նչ ճակատամարտ էր ընթանում Արցախում այս ընտրություններով:

– Կոպիտ բան չեմ ուզում ասել, բայց դրանք խոսքեր են, ինչ-որ նախադասություններ են, որոնք իմաստազուրկ են եւ ուղղված են այն մարդկանց, ովքեր էմոցիաներով են ընկալում ասվածները, ոչ թե գիտակցաբար: Ասված են պահից ելնելով, էմոցիաների ազդեցության տակ, ներկայացվում է հարցի էությունը, որը փաստացի այդպիսին չէ. սկսում են խոսել Արցախում հակահեղափոխականների, ինչ-որ դավադիրների մասին, հետո մոռանում դրա մասին, որովհետեւ այդպիսի բան չկա: Ուղղակի մանկամիտ խաղեր են, որոնք որ քննարկելու ցանկություն էլ չունեմ, քանի որ դրանք միայն վնաս են հասցնում ընդհանուր պետականաշինությանը: Պետության ղեկավարը շատ ավելի լուրջ պետք է լինի եւ ավելի հիմնովին մոտենա պետական նշանակության հարցերին: Ցավում եմ, որ նման բաներ են լինում:

Զրույցը`Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
16
.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930