Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթարից մահացած երեք անձի՝ տուժողների իրավահաջորդներն ահազանգում են

Ապրիլ 17,2020 14:00

«Առավոտին» են դիմել 2017թ.  ավտովթարից մահացածների հարազատները, որոնք ներկայացնում են օրեր առաջ` մարտի 27-ին դատարանի որոշմամբ գրավով ազատված ամբաստանյալի եւ ավտովթարի որոշ մանրամասները. «Մենք` վերոգրյալ քրեական գործով տուժողների իրավահաջորդներս, կոչ ենք անում եւ հույս  հայտնում ՀՀ իշխանություններին, ինչպես նաեւ արդարադատության համակարգի պատկան մարմիններին, հետամուտ լինել այս գործի դատաքննությանը, իսկ լրատվական միջոցներին, սոցիալական ցանցերի բլոգերներին եւ ողջ հանրությանը հնարավորինս լույս սփռել արդարության հաղթանակի եւ վերոնշյալ քրեական գործում առկա անօրինական գործողությունների վրա,  որպեսզի այն չդառնա նախադեպ այլ քրեական գործերի համար։ Անօրինականությունն իր չարիքով կարող է խարխլել ժողովրդավարության եւ արդարադատության հիմքերը մեր երկրում»։

Նրանց խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Սա մի պատմություն է մայրաքաղաք Երեւանում քրեական հետապնդում իրականացնող տարբեր մարմինների եւ հանցավոր անգործության անտարբերության մասին, երեք անձի մահվան ելքով ավտովթարի քրեական գործով ամբաստանյալին ՀՀ Վերաքննիչ դատարանի մարտի 27-ի որոշմամբ կալանքից գրավով ազատ արձակելու, դրանից առաջ` քննչական կոմիտեի, դատախազության եւ Վերաքննիչ դատարանի փաստացի անգործության ու դրանով իսկ երկրում օրենքի գերակայության մթնոլորտը խաթարելու ու վտանգավոր նախադեպ ստեղծելու փորձի վերաբերյալ։

Հուսով ենք, որ այս հրապարակումը, մամուլի եւ հանրության ուշադրությունը հետ կպահեն նրանց հետագայում հանցագործությունը պարտակելու եւ իրենց պարտականությունները չկատարելու գայթակղությունից։ Իսկ Վճռաբեկ դատարանին եւ Առաջին ատյանի դատարանին հույս ենք հայտնում, որ այս դատական գործին կմոտենան անաչառ եւ կտան արդարացի լուծում։

Սույն դեպքի սարսափելի կադրերը ներկայացված են shamshyan.com կայքում առկա վթարի վերաբերյալ հրապարակման մեջ։

Ըստ «ԴատաԼեքս» համակարգում հրապարակված նյութերի, նաեւ դատաքննության կողմերից ստացված տվյալների համաձայն, ԵԱԴԴ/0066/01/17 գործով ամբաստանյալ Արման Բաղդասարյանը 2017թ. ապրիլի 22-ին, ժամը 00:40-ի սահմաններում` իր անձնական օգտագործման «Նիսսան» մակնիշի (Y835CP 123 RUS) ռուսական պետհամարանիշի ավտոմեքենայով Երեւան քաղաքի Ջանիբեկյան փողոցում, խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները` կարմիր լույսի առկայության պայմաններում հանդիպակաց խաչաձեւ հատումով մեծ արագությամբ՝ մոտ 160 կմ/ժ, մուտք է գործել խաչմերուկ, որի արդյունքում մխրճվել «Օպել» մակնիշի մեքենայի մեջ` պատճառելով մահ նրա երեք ուղեւորներին։ Այնուհետեւ, անօգնական թողնելով դեռեւս չմահացած ուղեւորներից մեկին,  հնարավոր պատժից խուսափելու եւ ավտովթարը առաջացնող պատճառները քննությունից թաքցնելու նպատակով թողել է պատահարի վայրը եւ հեռացել։ Այնուհետեւ հատել է ՀՀ սահմանը  եւ փախել Վրաստան, որտեղից էլ փորձել է  մեկնել Ռուսաստան, սակայն օդանավակայանում ձերբակալվել եւ վերադարձվել է Հայաստան։ Մեր ունեցած տվյալների համաձայն, վերջինս Ռուսաստանում ունի շահերի կենտրոն՝ 10 տարուց ավելի ապրում է Ռուսաստանի Անապա քաղաքում, հանդիսանում է  Ռուսաստանի քաղաքացի եւ ունի մեծ բիզնեսներ։ Հավանաբար պատճառը սա է եղել, որ նպատակադրվել է փախչել Ռուսաստան, որտեղից նրան ետ վերադարձնելը կլիներ ավելի դժվար, գուցե եւ անհնար։

2017 թվականի ապրիլի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ՀԿԳ քննիչ Դ. Մարտիրոսյանի թիվ 60105117 որոշմամբ քրեական գործով Արման Բաղդասարյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով եւ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ «վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու եւ դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու չհիմնավորված հավանականության» վրա հղումներով։

Հետագայում դատավարական փուլում կատարված տեղազննությամբ պարզվել է, որ ամբաստանյալի մեքենան ի սկզբանե կապարակնքված չէ, առջեւի աջ նստատեղի հետնամասը ամբողջովին կոտրված է, եւ նույն ուղղությամբ  հետեւի նստատեղին առկա են արյան հետքեր, իսկ որոշ արյան հետքեր էլ մաքրված է։ Սակայն հասկանալի պատճառներով, փաստերը  անտեսվել են, ու քրեական գործում չեն ընդգրկվել։ Այստեղից  հետեւություն, չի բացահայտվել վթարի ժամանակ մեղադրյալի մեքենայում գտնվող 3-րդ անձի ինքնությունը, ինչն էլ կարող է կարեւոր լույս սփռել գործի նյութերի վրա։ Գործի քննության ողջ ընթացքում ո՛չ քննչական մարմինը, ո՛չ դատախազությունը չեն փորձել ձեռք բերել ապացույցներ առ այն, արդյոք մեղադրյալը գտնվե՞լ է ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ եւ մեքենան վարել է թույլատրելիից շատ մեծ արագությամբ, թե՝ ոչ։ Նույն տեղազննության ժամանակ նաեւ պարզվել է, որ վարորդի նստատեղի հետնամասը կիսապառկած վիճակում է, որը եւս ապացույց է այն մասին, որ վարորդը գտնվել է ոչ ադեկվատ վիճակում։ Ոչ մի սթափ վարորդ երբեք կիսապառկած վիճակում մեքենա չի վարում, եւ եւս մեկ վկայություն այդ  մասին, որ ամբաստանյալը վթարից հետո մեքենայից իջել է գարեջրի շիշը ձեռքին։ Իհարկե, ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու փաստը կարելի էր վերհանել նաեւ տվյալ երեկո խնջույքի մասնակիցներին հարցաքննելով կամ այդ խնջույքի տեսալուսանկարահանված կադրեր հայտնաբերելու միջոցով, որոնք նաեւ կհանդիսանային հավելյալ ծանրացուցիչ հանգամանքներ՝ հետագայում քրեական պատիժը սահմանելիս։ Ինչպես նաեւ չի կատարվել ստուգում օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ։ Այսքանից հետո զարմանալի չէ նաեւ այն փաստը, որ Ա. Բաղդասարյանի ձերբակալման ժամանակ կազմված արձանագրությունը նույնպես ընդգրկված չէ քրեական գործում, որում առկա փաստերը շատ չբացահայտված հարցերի կտար որոշակի լուծում։ Իսկ այն դեպքում, երբ հայտարարվում է, թե ամբաստանյալի խմածությունը ապացուցված չէ, եւ այլ նյութերի ազդեցության տակ չի եղել, ապա մնում է միայն մեկ վարկած՝ առկա է դիտավորություն։

Անգամ քննչական մարմինը մինչ վթարի վայրը գտնվող արագաչափերի ցուցմունքները գործին չի կցել, այլ տուժող կողմն է դատարան ներկայացրել  տեսագրություն` վայրկյաններ վթարից առաջ արագաչափի տեսախցիկով նկարված։ Որտեղ երեւում է՝ մինչ 200մ վթարի վայրը տեղադրված արագաչափի, մեղադրյալի վարած «Նիսսան» մակնիշի (Y835CP 123 RUS) մեքենայի ֆիքսած արագությունը 113 կմ/ժ արագաչափի ցուցմունք։ Իսկ վթարի վայրի խաչմերուկի մոտ տեղադրված տեսանկարահանող սարքի տեսանյութում պարզ երեւում է,  թե ինչ մեծ արագությամբ է մխրճվում «Օպել» մակնիշի մեքենայի մեջ, որտեղ նա մի պահ փորձում է արգելակել, սակայն նույն վայրկյանին ոտքը դնում է գազի ոտնակին եւ արագությունը էլ ավելի բարձրացնում (ակնհայտ երեւում է մեծացող արագությունը եւ անմիջապես վթարի պահը. վթարի տեսագրություն)։ Այդ է վկայում նաեւ վթարի վայրի տեղազննությունը, որտեղ պարզվել է, որ վթարի մասնակից «Նիսսան» մեքենան չի ագելակել եւ ճանապարհի այդ հատվածում արգելակման հետք չկա։ Այս ամենով հանդերձ կարելի է ասել, որ նրա մոտ տեղի է ունեցել հանցավոր ինքնավստահություն, որն էլ խոսում է կատարված հանցագործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին։

Այս ամենից կարելի է անել մի հետեւություն, որ վերեւում մատնանշված փաստերը չեն բացահայտվել եւ քրեական գործին չեն կցվել ՀԿԳ քննիչ Դ. Մարտիրոսյանի եւ վերահսկող դատախազ Ա. Մարգարյանի կողմից  տեղի ունեցած հանցավոր անգործության եւ անտարբերության հետեւանքով։

Ինչպես կարելի է բացատրել, երբ Վ. Ռշտունու Վերաքննիչ դատարանի նախագահ եղած ժամանակահատվածում, նույն քրեական գործով դեռեւս 26.02.2019թ. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր Ն. Հովակիմյանի), մեկ այլ դրվագով նույն քրեական գործով 08.07.2019-ին կրկին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր Լ. Աբգարյանի), Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումները բեկանելու  եւ ամբաստանյալ Արման Բաղդասարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ, որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը թողնել առանց քննության` այն «վերաքննիչ բողոքարկման ենթակա չլինելու հիմքով», ինչպես նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով չի կարող բողոքարկվել  ՀՀ վերաքննիչ  քրեական դատարան»: Իսկ հերթական միջնորդության վերաբերյալ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ս.թ. փետրվարի 17-ի որոշմամբ մերժված, որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելը, 2020թ. մարտի 27-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ այս անգամ (նախագահությամբ դատավոր Վ. Ռշտունու) հաշվի չառնելով եւ անտեսելով վերոգրյալ հանգամանքները, ինչպես նաեւ անտեսելով այդ օրերին հանրապետությունում հայտարարված կորոնավիրուսի դեմ պայքարի խստացված միջոցառումները եւ մարդկանց շարժման սահմանափակումները «շատ արագ կարգով հայ ժողովրդի համար լուծել է հրատապ ու կարեւորագույն հարց»։ Քննության է առել ամբաստանյալի պաշտպանների վերաքննիչ հերթական բողոքը, որոշում է կայացրել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի փետրվարի 17-ի որոշումը բեկանել եւ փոփոխել՝ ամբաստանյալ Ա. Բաղդասարյանի նկատմամբ կիրառելով գրավ տասը միլիոն ՀՀ դրամի չափով։ Որով անտեսել է ՀՀ ՔԴՕ 135-րդ հոդվածի 1-ին մասի այն դրույթը, որ գրավով ազատելու որոշում չի կարելի կայացնել, եթե առկա է քննությունից թաքնվելու միտում։ Դրանով իսկ խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածով  եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածով ամրագրված՝ օրինականության սկզբունքը: Դատաքննության ողջ ընթացքում տուժողների իրավահաջորդները նշել են, ամբաստանյալի  ֆինանսական մեծ կարողության եւ մեծ կապերի մասին, ինչպես Հայաստանում, այնպես էլ ՌԴ-ում։ Հետեւաբար գրավի գումարը չի կարող ապահովել ամբաստանյալի պատշաճ վարքագիծը, մասնավորապես՝ թաքնվելու վտանգը: Նշենք, որ սույն գործով մի շարք վկաներ դեռ դատարանում հարցաքննված չեն, իսկ ամբաստանյալը մեղքը ընդունում է միայն մասնակի՝ պնդելով, որ մեքենան վարել է 60 կմ/ժ արագությամբ, տեսահոլովակում այլ զարհուրելի արագություն է պատկերած։ «ԴատաԼեքսում» առկա նյութերում նշված է, որ ամբաստանյալ Արման Բաղդասարյանը չունի բարձրագույն կրթություն, բացի այդ, նրա նկատմամբ նախկինում հարուցվել է քրեական գործ հայրենիքի նկատմամբ իր պարտականություններից խուսափելու համար, որը իր հնարավորությունների շնորհիվ կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը իրավունք չի ունեցել քննել սույն միջնորդությունը օրենքի մեկ այլ հոդածով եւս, հաշվի առնելով  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի առաջին մասի 13-րդ կետում նշված հիմքով գործի հարուցման մերժում, վարույթի կարճում եւ քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել պատճառված վնասը, կամ առկա է վեճ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ:

Սույն քրեական գործով տուժող կողմերը ներկայացրել են քաղաքացիական հայցեր՝ հանցագործության  արդյունքում պատճառված նյութական եւ բարոյական  վնասի հատուցման պահանջով, որոնք ամբաստանյալի կողմից չեն ընդունվել, առավել եւս՝ չեն հատուցվել կամ հարթվել, որպիսի հանգամանքն ինքնին բացառում է ամբաստանյալ Արման Բաղդասարյանի նկատմամբ Համաներման ակտի կիրառումը, այսինքն՝  Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն այս մասով  եւս  ակնհայտ  անհիմն  են եւ անօրինական:  Սրանով փորձ է արվում հետագայում համաներումը կիրառելի դարձնելու ամբաստանյալի վրա։

Արդյո՞ք վտանգավոր նախադեպ չի ստեղծվում սույն բողոքն ընդհանրապես քննության առնելը եւ նման  որոշում կայացնելը։ Հարցի պատասխանը եւ հետագա ընթացքը թողնում ենք համապատասխան մարմինների որոշմանը։ Բացի դրանից, Վերաքննիչ դատարանը խախտել է նաեւ սույն գործով տուժող կողմերի իրավունքները՝  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածով սահմանված կարգով  15-օրյա ժամկետում վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու  վերաբերյալ,  քանի որ Վերաքննիչ դատարանում  բողոքը ստացվել է 2020 թվականի մարտի 20-ին, դրա պատճենը տուժող կողմերին է տրամադրվել 25.03.2020 թ., իսկ դատական ակտը կայացվել է 27.03.2020 թ.: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը որոշման կայացման վերաբերյալ տեղեկությունը տուժող կողմերին է հայտնել նույն օրը երեկոյան ժամը 23։30-ին, «այո, ուղակի պատկերացնել է պետք…  աշխատանքային ժամից դուրս՝ գիշերվա կեսին, քանի դեռ օրը չի փոխվել, զանգահարել եւ տեղեկացրել է», այն դեպքում, երբ արդեն ժամեր առաջ ամբաստանյալը վայելում է ազատությունը։ Կարծես թե տպավորություն է ստեղծվում՝ ամբաստանյալին փախցվում է ումից…

Վերաքննիչ դատարանը իրավունք չունի իր վրա վերցնելու առաջին ատյանի դատարանի ենթադրյալ որոշման մեջ պատժաչափ սահմանելու գործառույթը, սակայն սահմանազանցելով իր լիազորությունները,  նախօրոք կանխորոշել է, որ ամբաստանյալ Ա. Բաղդասարյանին հնարավոր չէ 10 եւ ավելի տարի դատապարտել։

Այսպիսով, սույն քրեական գործով մի շարք խնդրահարույց հանգամանքներ առիթ են տալիս եզրահանգելու, որ ականատեսն ենք արդարադատության համակարգի կողմից հերթական ոչ պատշաճ դատաքննությանը, ինչի արդյունքում ընդամենը ոչ լրիվ երեք տարի կալանքից հետո ազատության մեջ է հայտնվել երեք անձի մահվան պատճառ դարձած ամբաստանյալը։ Հուսով ենք, որ այս բացատրական նյութի հրապարակումը սթափության կոչ կհանդիսանա արդարադատության համակարգին՝ վերը նշված չբացահայտված շատ փաստեր կվերհանվեն, եւ սույն  գործը պատշաճ ավարտին կհասցնեն, իսկ մեղավորին հասանելի պատիժ կնշանակեն։ ՀՀ իշխանությունների մոտեցումը՝ կապված կորոնավիրուսի տարածման եւ կանխարգելման պայքարի շրջանակներում, 2018թ.-ին հայտարարված համաներման գործընթացի շարունակության, նաեւ խափանման միջոցը գրավի դիմաց փոխելու որոշ դեպքերի մասով կարելի է հասկանալ այնքանով, որ կալանավայրերում պատիժը կրող  շատ դատապարտյալներ եւ խափանման միջոցը կալանավորում ընտրված շատ անձանց նկատմամբ այն կիրառելի է, ելնելով նրանց գործած փոքր հանցանքներից։ Սակայն արդարադատության շատ մարմիններ՝ պահն օգտագործելով, «պղտոր ջրում ձուկ են որսում»։ Իշխանության թիկունքում, օգտվելով կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի այս ծանր օրերի գերծանր զբաղվածությունից, բաց են թողնում մի հանցագործի… որը իր վարքագծով եւ իր հանցավոր վարմունքով արժանի է սահմանված բարձրագույն պատիժը կրելուն։ Սակայն ողջ պրոցեսի ընթացքում ամբաստանյալ Ա. Բաղդասարյանի կողմից ի ցույց դրված ֆինանսական մեծ կարողությունների, մեծ կապերի եւ «մեր դեմ խաղ չկա» գործելակերպի արդյունքով պայմանավորված՝ այժմ գտնվում է ազատության մեջ»։

Տուժող կողմերի իրավահաջորդներ`

Սերժիկ Հարությունյան,

Արա Գասպարյան,

Մելանյա Հովհաննիսյան

«Առավոտ» օրաթերթ
16
.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930