Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսանելի աշխարհից սնվելով՝ միշտ վերադարձել եմ արվեստանոց եւ ստեղծել իմ աշխարհը». Գայ Ղազանչյան

Ապրիլ 17,2020 13:00

Համավարակի համաշխարհային մեկուսացման այս օրերին գեղանկարիչ Գայ Ղազանչյանի մտերիմներից մեկը՝ գեղանկարիչ Ալիկ Ասատրյանը, Ֆեյսբուքում ցուցահանդես է նախաձեռնել, եւ Գայի՝ տարիներ առաջվա որոշ գործեր ներկայացնելիս կատակում է, թե այդ նկարներում նա վաղուց կանխատեսել ու պատկերել է COVID 19-ը։

Իրոք, որոշակի եղերական մռայլություն կա այդ գործերի գույներում ու պատկերներում, ճշմարտության հատիկ կա՞, որ ինքը համավարակը կանխատեսել է. «Ես չեմ կանխատեսում. ես պարզապես գիտեմ, որ ամեն տարի պատահում են ահավոր բաներ ամբողջ աշխարհում: Այս տարին էլ սկսվեց հրդեհներով Ավստրալիայում եւ հիմա էլ շարունակվում է համաշխարհային պանդեմիայով: Նման բաներ միշտ եղել են եւ լինելու են մեր իրականության մեջ՝ պատերազմներ, զոհեր, արհավիրքներ: Մենք հիմա ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որ ցանկացած ինֆորմացիա ավելի քան հասանելի է, եւ իմ բոլոր կուտակված էմոցիաները եւ հույզերը ես փոխանցում եմ կտավներին»:

Այս մեկուսացումն, ասում են, ամենաքիչը նկարիչների վրա է ազդել, այսինքն, օրվա ռեժիմը նույնն է մնացել։ Եվ ընդհանրապես, 1990-ականների ցուրտ ու մութ տարիներին էլ, ասում էին, Հայաստանում արվեստներից ու արվեստագետներից ամենաքիչը տուժեցին նկարչությունն ու նկարիչները, 90-ականների՝ իր նկարիչ ծնողների եւ հիմա իր իսկ օրինակը դա վկայու՞մ է. «Երբեմն ինքնամեկուսանալը նկարչի համար սովորական բան է, բայց ես չեմ կարող ասել, որ այս ամենը ինձ վրա չի ազդել, քանի որ ես չափից շատ սիրում եմ իմ քաղաքը իր անցուդարձով: Երեւանը ինձ միշտ տալիս է թե՛ վառ էմոցիաներ, թե՛ նոր զգացողություններ եւ, սնվելով իմ համար տեսանելի աշխարհից, միշտ վերադարձել եմ արվեստանոց եւ ստեղծել իմ աշխարհը: Իսկ 90-ականները շատ աղոտ եմ հիշում, բայց վստահ եմ, որ դժվարություններ եղել են բոլոր բնագավառների մարդկանց համար»:

Գայի մայրը եւ հայրը՝ Լիլիթ Սողոմոնյանը եւ Գագիկ Ղազանչյանը, մորական տատը եւ պապը՝ Նոնա Գաբրիելյանը եւ Վան Սողոմոնյանը, գեղանկարիչներ են։ Նկարիչների գերդաստանում մեծանալով կանխորոշվա՞ծ էր իր գեղանկարիչ դառնալը։ Հստակ պատասխան չունի. «Միգուցե ժառանգաբար է փոխանցվել, չգիտեմ։ Բայց փաստն այն է, որ ես ինչքան ինձ հիշում եմ, զբաղվում եմ միմիայն գեղանկարչությամբ, իսկ վերջին 5 տարիներին՝ նաեւ քանդակագործությամբ»:

Գայ Ղազանչյանը 2016 թվականին ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի արժանացավ իր «Պատերից դուրս» գեղանկարների շարքի համար, որում, իր խոսքով՝ փորձել է պատկերել ալտերնատիվ իրականություն, աշխարհ, որում որ չի գործում Երկրագնդի ձգողականության ուժը, եւ մարդիկ լիակատար ազատ են իրենց զգացողությունների եւ ցանկությունների մեջ.

«Այս շարքով փորձել եմ նաեւ պատկերել ազատ երեւակայական թռիչքի ամբողջ գեղեցկությունը՝ զուգահեռներ անցկացնելով մտքի երեւակայական թռիչքի հետ: Քանի որ, իմ կարծիքով, իրականության մեջ ազատություն գոյություն չունի, այդ իսկ պատճառով փորձել եմ արտահայտել կյանքի ազատության զգացողության պատրանքը»:

Իսկ մրցանակային գումարով ընկերների հետ ճանապարհորդեց Գերմանիա, եւ Վիսբադեն քաղաքում գեղանկարի ու քանդակի ցուցահանդես ունեցավ.

«Առիթից օգտվեմ, ու նաեւ դրամական խրախուսանքի համար խորին շնորհակալությունս փոխանցեմ Պողոսյան հիմնադրամին»։

Գայ Ղազանչյանը մասնակցել է մի շարք անհատական եւ խմբային ցուցահանդեսների Հայաստանում եւ արտերկրում, այդ թվում՝ Պետերբուրգում, Լիոնում, դարձյալ՝ Գերմանիայում… Մասնագիտական կրթությունը ստացել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայում եւ Ֆրանսիայի Citռ des Art-ում։ 2011 թվականին Էդուարդ Իսաբեկյանի անվան Տարվա լավագույն դիպլոմի մրցույթում շահել է Առաջին մրցանակը։

Ի՞նչը տանել չի կարողանում գեղանկարչության մեջ։ Պարզվում է՝ չկա այդպիսի բան.

«Պարզապես անտարբեր եմ այն աշխատանքների հանդեպ, որոնք ինձ դուր չեն գալիս»:

Ստեղծագործական ընթացիկ ծրագրերն այս պահին ստիպված հետաձգել է, բայց հույս ունի, որ շատ շուտով կյանքն իր սովորական հունին կվերադառնա,  ճանապարհները կբացվեն, եւ կկարողանա իրականացնել իր մտահղացումները.

«Իսկ հիմա կարող եմ ասել, որ ես ավելի շատ, քան երբեւէ, աշխատում եմ, որպեսզի բավարար չափով աշխատանքներ ունենամ Երեւանում անհատական ցուցահանդես բացելու համար»:

Ապրիլի 9-ին Գայն ընտանիքի՝ կնոջ, դստեր եւ ծնողների հետ նշեց իր ծննդյան 29-րդ տարեդարձը. հյուրեր, իհարկե, ինչպես եւ արտակարգ իրավիճակի այս օրերին մյուսների ծնունդներին, չկային։ Կինը՝ Արաքս Հովսեփյանը, լեզվաբան է, օտար լեզուների մասնագետ, դուստրը՝ փոքրիկ Գաբին, կարծես թե արդեն բռնել է նկարիչների գերդաստանը շարունակելու ճանապարհը.

«Ունենք հրաշք աղջիկ, որը մեծ սեր է տածում նկարչության հանդեպ եւ ամեն օր նկարում է՝ թղթերի, կտավների եւ տան պատերի վրա: Կնոջս եւ երեխայիս շնորհիվ այս դժվարին օրերին կարողանում եմ ինքս ինձ զսպել եւ դուրս չգալ տանից՝ չվտանգելով նրանց»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի։

ՀՀ նախագահի ամենամյա մրցանակը նախաձեռնել եւ ֆինանսավորում է Պողոսյան հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա)։ Մրցանակաբաշխությունը կազմակերպում է Հայաստան համահայկական հիմնադրամը։ Մրցանակներն ավանդաբար ՀՀ նախագահի նստավայրում հանձնում են Հանրապետության նախագահը եւ Պողոսյան հիմնադրամի ներկայացուցիչը։

«Առավոտ» օրաթերթ
16
.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930