Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսը, առեւտրային պատերազմներն ու փլուզվող ծառայությունները

Ապրիլ 17,2020 12:00

ՀՀ-ն այլ ռազմավարության կողմնակից է՝ «մարտավարություն, որը կառուցված է գործընկերության եւ համագործակցության փիլիսոփայության վրա»

Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պայմաններում երկրների առաջնորդների թիվ մեկ խնդիրը սոցիալ-տնտեսական իրավիճակն է, հարաբերական կայունության ապահովումը՝ գրեթե կենսական նշանակության հարց: Մինչ փորձագետները տարբեր ոլորտներում, ծառայություններում կատարյալ անկում են կանխատեսում ողջ աշխարհում, պետությունների ղեկավարները կոչ են անում միասնաբար ելքեր փնտրել՝ իրավիճակն ավելի պայթյունավտանգ չդարձնելու նպատակով:

Նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկվող միջոցառումները չպետք է հանգեցնեն միջազգային առեւտրի, ներդրումների եւ աշխատանքային կապերի դադարեցմանը, երեկ նշվեց Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հայտարարության մեջ, որն ընդունվեց տեսակոնֆերանսից հետո:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս մասնակցեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսին: ԵԱՏՄ երկրները կողմ են ապրանքների ազատ տեղափոխմանը, որոնց թվում են` մթերքներ, բժշկական սարքավորումներ, դեղորայք, անձնական պաշտպանության միջոցներ: Միության անդամ երկրները այլ պետություններին կոչ արեցին աջակցել միջազգային հանրությանը, դադարեցնել առեւտրային պատերազմները, միակողմանի պատժամիջոցները եւ զինված հակամարտությունները:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին մասնակցում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Իր խոսքում Փաշինյանը ներկայացրել էր Հայաստանում տիրող իրավիճակի մասին, ապա արձանագրել, որ կանգնած ենք մարտահրավերների առջեւ, որոնք սպառնում են ոչ միայն մեր առողջապահական համակարգերին եւ քաղաքացիների առողջությանը, այլեւ իրենց բնույթով աննախադեպ խնդիրներ են ստեղծում մեր երկրների տնտեսությունների համար։ «Շատ փորձագետներ արդեն համաշխարհային տնտեսության մեջ ռեցեսիա են կանխատեսում, որն իր մասշտաբներով համեմատելի կլինի միայն Մեծ դեպրեսիայի հետ։ Իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ հայտնի չէ, թե որքան երկար կտեւի համավարակը եւ ինչպիսին կլինի նրա զարգացման ընթացքը մոտ ապագայում։ Covid-19 համավարակի հետեւանքով առաջացած խնդիրների հաղթահարումը պահանջում է մեր կառավարությունների ուժերի առավելագույն լարվածություն։ Ակնհայտ է նաեւ, որ պահանջվում է ողջ միջազգային հանրության ջանքերի կոորդինացում եւ միջոցառումների համախմբում։ Ինչպես այսօր տեսնում ենք, համավարակի սանձման եւ անխուսափելի ճգնաժամի հաղթահարման իրավիճակից դուրս գալու ելքը շատ երկրներ տեսնում են պրոտեկցիոնիզմի տրամաբանության եւ միջազգային առեւտրում սահմանափակող միջոցների վրա հիմնված միջոցառումների մեջ։ Որոշ տվյալներով, շուրջ 70 երկրներ արդեն արգելքներ կամ սահմանափակումներ են սահմանել բժշկական միջոցների եւ դեղամիջոցների արտահանման համար: Բացառված չէ, որ այդ միտումը հետագայում կընդլայնվի՝ ընդգրկելով ապրանքների ավելի լայն սպեկտր։ Մեզ չի կարող չանհանգստացնել այդ հեռանկարը։ Սահմանափակ տնտեսական հնարավորություններով եւ ռեսուրսներով երկրների համար սա կարող է ունենալ ամենածանր հետեւանքները։ Մենք այլ ռազմավարության կողմնակից ենք. մարտավարություն, որը կառուցված է գործընկերության եւ համագործակցության փիլիսոփայության վրա»,- նշել էր Փաշինյանը։

Այս առումով, նա կարեւորել էր միության շրջանակներում համագործակցությունը, վստահեցրել էր, որ մեր միությունը ոչ միայն կդիմանա գլոբալ տնտեսական ճգնաժամի փորձությանը, այլեւ իր ինստիտուտների շնորհիվ կօգնի մեզ դուրս գալ դրանից՝ նվազագույն կորուստներով, եւ որ Հայաստանը պատրաստ է այդ նպատակով գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը։ Ապա` նա հավելել էր. «Մեր ինտեգրացիոն միավորման համակարգաստեղծ սկզբունքն ազատ առեւտուրն է, եւ մեր գործողությունները պետք է հիմնված լինեն այդ սկզբունքի պահպանման անհրաժեշտության վրա։ Ուստի, ստեղծված իրավիճակում մենք անթույլատրելի ենք համարում այս կամ այն կերպ ԵԱՏՄ ներսում ապրանքների եւ ծառայությունների տեղաշարժմանը խոչընդոտող միջոցների ստանձնումը։ Բացի այդ, Հայաստանի համար չափազանց կարեւոր է ԵԱՏՄ երկրների հետ բեռնափոխադրումների անխափան իրականացումը։ Ռուս-վրացական սահմանն այս առումով մեզ համար կենսական նշանակություն է ձեռք բերել։ Վերջապես, հաշվի առնելով համաշխարհային ֆինանսական համակարգում նշմարվող անորոշությունը, անհրաժեշտ ենք համարում արագացնել միջոցների ձեռնարկումը՝ ԵԱՏՄ-ի շրջանակում իրականացվող առեւտրում ազգային արժույթներով վճարումների մասնաբաժնի հնարավորինս մեծացման համար»:

Փաշինյանն ընդգծել էր «Համավարակի զարգացման պայմաններում տնտեսական կայունության ապահովմանն ուղղված միջոցառումների» կարեւորությունը, որոնք ընդունվել են Եվրասիական միջկառավարական խորհրդի վերջերս կայացած նիստում եւ առանձնացրել էր «կանաչ միջանցքների» ստեղծումը։ «Ակնհայտ է, որ մաքսային ընթացակարգերի պարզեցումը սկզբունքային նշանակություն ունի մեր երկրի արտաքին տնտեսական կապերի պահպանման համար։ Ստեղծված պայմաններում կցանկանայի առանձնացնել նաեւ Միության թվային օրակարգի հետ կապված միջոցառումների իրականացման առաջնահերթությունը։ Վերջապես, հարկ է նշել Եվրասիական բանկի կողմից միության անդամ երկրներին վարկային աջակցություն ցուցաբերելու միջոցառումների նպատակահարմարությունը», -նկատել էր նա։

Ի դեպ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ համավարակի ժամանակ բնական գազի գինը պետք է ավելի ճկուն լինի: Ըստ «ԲելՏա» գործակալության՝ նա նշել է. «Ակնհայտ է, որ տնտեսական կոնյունկտուրայի նման կտրուկ փոփոխության պարագայում գազի գինը պետք է ավելի հարմար լինի»: Լուկաշենկոյի խոսքով՝ պետությունները բախվել են ճգնաժամի՝ չլուծելով տնտեսության կայուն աշխատանքն ապահովող հիմնական հարցեր: Լուկաշենկոն այս հարցով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ասելով, որ պետք է հրատապ քննարկել խնդիրը:

Ապրիլի 15-ի դրությամբ ամբողջ աշխարհում Covid-19-ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը արդեն գերազանցում է 2 միլիոնը, կորոնավիրուսից զոհերի թիվը մոտենում է 130 հազարին, բուժվել է մոտ 490 հազար մարդ: Զոհերի եւ վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է:

Օրերս, Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարեց համաճարակի դեմ պայքարում իշխանությունների կողմից ընտրված ռազմավարության արդյունավետության մասին, Դոնալդ Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ վերագործարկել տնտեսությունը:

Ռուսաստանում բավական ծանր դրություն է: Ապրիլի 15-ի դրությամբ կորոնավիրուսով ընդհանուր առմամբ 24,490 վարակակիր կար, մահացել են՝ 198-ը, վերջին 24 ժամում հայտնաբերվել էին 3,388 նոր վիրուսակիրներ: Մոսկվայում հիվանդանոցները գերծանրաբեռնված են, եւս 24 հիվանդանոցներ վերակազմավորվելու են նոր կորոնավիրուսով հիվանդներին ընդունելու համար: Համացանցում տարածվում են հիվանդանոցների մուտքերի մետ շտապօգնության մեքենաների հերթերը, որոնք բերում են վիրուսակիրների:

Մոսկվացիներն ահազանգում են, որ քաղաքի հիվանդանոցներում կոլապս է, եւ շտապօգնության մեքենաները ժամերով կանգնում են հիվանդանոցի մուտքի մոտ՝ կիլոմետրանոց հերթերի պատճառով: Նույնիսկ քաղաքի իշխանությունները խոստովանում են, որ իրավիճակը չափազանց բարդացել է, եւ սա այն դեպքում, որ կորոնավիրուսի տարածման պիկին Մոսկվան դեռ չի հասել, ինչպես նշում են Մոսկվայի իշխանությունները:

Մենք տեսնում ենք, որ իրավիճակը փոխվում է գրեթե ամեն օր եւ, ցավոք, ոչ դեպի լավը` վարակակիրների թիվն ավելանում է, ընդ որում՝ ավելի ու ավելի շատ են հատկապես ծանր հիվանդության դեպքերը, ապրիլի 13-ին հայտարարեց Ռուսաստանի նախագահը սանիտարահամաճարակային իրավիճակի վերաբերյալ հեռավար խորհրդակցության ժամանակ:

Ինքնամեկուսացված Վլադիմիր Պուտինի կարծիքով` կորոնավիրուսի հետ կապված Ռուսաստանն այսօր շատ խնդիրներ ունի: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ավելի վաղ Մոսկվայում վարակման դեպքերի թվի կտրուկ աճի պատճառ է համարել բնակիչների կողմից ինքնամեկուսացման ռեժիմի չապահովումը: Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Ռուսաստանի մայրաքաղաքում եւ մյուս շրջանների մեծ մասում ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանվել, իսկ ողջ ապրիլը հայտարարվել է ոչ աշխատանքային: Ապրիլի 15-ից Մոսկվայում եւ Մերձմոսկվայում խստացվեց ռեժիմը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 16.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930