Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանությունները չունեն մանդատ Արցախի ժողովրդից՝ ներկայացնելու իրենց խաղաղ գործընթացում. Զ.Մնացականյան

Ապրիլ 16,2020 23:03

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխաններն ԱԺ պատգամավորների հարցերին Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում

Տաթևիկ Հայրապետյան․ Հարցս ուղղում եմ Արտաքին գործերի նախարար պարոն Մնացականյանին: Պարո՛ն Մնացականյան, Արցախում մարտի 31-ին և երեկ՝ ապրիլի 14-ին, տեղի ունեցան համապետական ընտրություններ, և դրա վերաբերյալ եղան նաև միջազգային արձագանքներ։ Ես կցանկանայի Ձեր դիրքորոշումը հասկանալ միջազգային արձագանքների վերաբերյալ և, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս են այս ընտրություններն ազդում բանակցային գործընթացի վրա։ Շնորհակալություն։

Զոհրաբ Մնացականյան․ Շնորհակալություն հարցի համար։ Տիկի՛ն Հայրապետյան, Արցախում տեղի ունեցած ընտրությունները մարդու իրավունքների համատեքստում Արցախի ժողովրդի՝ հանրային կյանքը կառավարելու մարդու իրավունքների իրագործումն էր։ Ընտրությունների միջոցով Արցախի ժողովուրդն իր մանդատը տվեց նորընտիր իշխանություններին՝ շարունակելու ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը և ներկայացնել Արցախի ժողովրդին խաղաղ գործընթացում։ Այդ առումով ընտրություններն էական նշանակություն ունեն երեք տեսանկյունից՝ մարդու իրավունքների, տարածաշրջանային անվտանգության և խաղաղ գործընթացի։

Հայաստանը, Հայաստանի իշխանությունները չունեն մանդատ Արցախի ժողովրդից՝ ներկայացնելու իրենց խաղաղ գործընթացում։ Հայաստանի իշխանությունները եղել և մնում են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու են իրենց կառուցողական ներգրավվածությունը բերել խաղաղ գործընթացի մեջ։ Սակայն խաղաղ գործընթացն առնչվում է հարցերի, որոնք կենսական, առաջնային նշանակություն ունեն Արցախի ժողովրդի համար, և Արցախի ժողովուրդը իր կողմից ընտրված իշխանությունների միջոցով արտահայտում է իր մոտեցումները և դիրքորոշումները։

Բնականաբար, ինչպես ասացի, մենք մեր մասով շարունակելու ենք անել մեր պարտավորությունը, մեր պատասխանատվությունը կրել այդ գործընթացում։

Ինչ վերաբերում է ընտրությունների վերաբերյալ միջազգային արձագանքներին՝ առաջնային նշանակություն ունեն մեզ համար այն հայտարարությունները, որոնք արվել են խաղաղ գործընթացին առնչություն ունեցող մարմինների կողմից։ Առաջին հերթին նկատի ունեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և համանախագահող երկրներին։ Այդ առումով իրենց հայտարարության մեջ շատ կարևոր է այն շեշտադրումը, որով ընդգծվում էր Արցախում ապրող մարդկանց դերն իրենց ապագան որոշելու գործում և Արցախի իշխանությունների կողմից հանրային կյանքը կազմակերպելու անհրաժեշտությունը։ Ինչ վերաբերում է այլ արձագանքներին, առավել ևս արձագանքներին, որոնք արտահայտված են այլ հակամարտությունների մեջ ներգրավված որոշ երկրների մոտեցումներում,  մեր մոտեցումն այն է, որ Հայաստանն աջակցում է մարդու իրավունքների իրականացմանն ամենուր՝ անկախ տարածքների կարգավիճակից։ Եվ իհարկե, մենք դեռ հնարավորություն կունենանք տարբեր առիթներով բարձրաձայնելու մեր մոտեցումները և ոչ միայն ղարաբաղյան հիմնահարցի համատեքստում։ Շնորհակալություն։

Տաթևիկ Հայրապետյան. Շնորհակալություն: Իմ դիտարկմամբ, իրականում, ժողովրդավարության կառուցումը ևս շատ կարևոր է խաղաղության և խաղաղ գործընթացի համատեքստում և այդ առումով, կարծում եմ, շատ կառույցների և կազմակերպությունների կողմից նույն, նախկին հայտնի բառապաշարով արտահայտություններ են հնչում Արցախի ընտրությունների հասցեին, մինչդեռ փետրվարին Ադրբեջանում եղան խայտառակ խորհրդարանական ընտրություններ ամբողջ աշխարհի աչքի առաջ: Եվ այսինքն, մի կողմ թողնելով ճանաչվածության կամ չճանաչվածության գործոնը, մենք մեծ անելիք ունենք արժեհամակարգն առաջ մղելու գործում՝ թե խորհրդարանական դիվանագիտության համատեքստում, թե մեր գործադիրի գործընկերների հետ: Կցանկանայի Ձեր դիտարկումներն այս հարցի վերաբերյալ՝ մարդու իրավունքների և ընդհանուր ժողովրդավարացման գործընթացների համատեքստում:

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն: Բնականաբար, ակնհայտ է՝ Արցախում տեղի են ունեցել ժողովրդավարական, մրցակցային ընտրություններ: Արցախի ժողովուրդն ընտրել է իր հասարակական-քաղաքական կյանքը ժողովրդավարական մոդելով կառուցելու ուղին: Սա արժեհամակարգի ընտրություն է: Դա հասկանալի է:

Անկախ ամենից՝ այս ամենն անմիջականորեն չի առնչվում կարգավորման համատեքստում կարգավիճակի հարցին:

Չափազանց էական է, որ ընտրություններով ամրապնդվում է Արցախի իշխանությունների մանդատի արժեքը: Բնականաբար, դա չափազանց մեծ նշանակություն ունի խաղաղ գործընթացի համար:

Արժեհամակարգային առումով՝ այո՛, մենք հետևում ենք հայտարարություններին, մենք մնում ենք հավատարիմ այդ արժեքներին, և վերջիններիս հանդեպ մեր հավատարմությունը չի փոխվելու: Մենք շարունակելու ենք պաշտպանել հենց դա՝ անկախ կարգավիճակից: Շարունակելու ենք դա անել. պաշտպանելու ենք արժեհամակարգը, այլ ոչ թե ավտորիտար ամբողջականությունը: Շնորհակալություն:

Վլադիմիր Վարդանյան. Իմ գործընկերն արդեն իսկ անդրադարձավ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, և, հարգելի՛ գործընկերներ, բոլորս հասկանում ենք, որ այս տարելիցը մենք դիմավորելու ենք աննախադեպ պայմաններում: Այս կապակցությամբ կցանկանայի իմանալ՝ ո՞րն է լինելու Հայաստանի Հանրապետության ուղերձն այս հարցի վերաբերյալ, և ընդհանրապես, որո՞նք են մեր առաջնահերթությունները, առաջնային և ռազմավարական նպատակները Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում:

Զոհրաբ Մնացականյան. Հայոց ցեղասպանության ճանաչումը, արդարության համար պայքարը երբեք չի դադարել և չի դադարելու: Իրապես, այժմ որոշ աննախադեպ, անսովոր պայմաններ են, բայց այս ամբողջ ընթացքում Հայաստանում, Հայաստանից դուրս, հայ ժողովրդի համար այդ պայքարը երբեք չի դադարել, և որևէ հանգամանք չի կանգնեցրել մեզ արդարության համար կարևոր այս պայքարում:

Իմ գործընկեր պարոն Հարությունյանն արդեն ասաց, որ այս տարի ևս ապրիլի 24-ը կարևոր, խորհրդանշական օրն է, երբ մենք արտահայտում ենք դա և միջազգային հանրությանն ի ցույց ենք դնում մեր արդարության համար արդար պահանջը: Այս տարի ևս մենք կգտնենք դրա արտահայտման ձևերը և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս: Վստահաբար սա լինելու է: Կառավարությունն իր կողմից քայլեր է ձեռնարկելու, և ես վստահ եմ, որ մեր հանրությունը, մեր ժողովուրդը, աշխարհի յուրաքանչյուր անկյունում մեր հայրենակիցներն արտահայտելու են իրենց այդ խորքային զգացումը՝ արդարության համար պայքարը:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եղել և մնում է Կառավարության համար գերակա ուղղություններից մեկն արտաքին քաղաքականության մեջ. դա արտահայտված է կառավարության ծրագրի մեջ, մեր գործողությունների մեջ:

Հայոց ցեղասպանության ճանաչումը չի վերաբերում միայն հայ ժողովրդին. սա ցեղասպանությունների կանխարգելման կարևորագույն գործառույթներից մեկն է, և Հայաստանը՝ որպես պետություն, որպես միջազգային հանրության անդամ եղել և մնում է, կատարում է կանխարգելման միջազգային օրակարգում իր առաջատար դերակատարությունը: Սա շարունակական գործընթաց է, սա երբեք չի դադարել: Հանդիսանալով Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ այդ առումով այս անսովոր պայմաններում ունենք որոշակի խնդիր բնականոն աշխատանքին անցնելու համար: Այժմ առկախված է այնտեղ գործընթացը, բայց մենք այս տարի նորոգում ենք կանխարգելմանը վերաբերող բանաձևը, և տարվա ընթացքում Մարդու իրավունքների խորհրդում այդ բանաձևը կընդունվի: Մենք բոլոր մնացած միջոցներով այս օրակարգը տանում ենք առաջ՝ մարդկության դեմ ոճրագործությունների, ցեղասպանությունների պայքարը՝ որպես միջազգային հարաբերությունների կարևոր ուղղություն և միջազգային օրակարգի կարևոր մաս: Այդ առումով, կարծես, առկա են աշխատանքի երկու առանձին ուղղություններ, որոնք, իհարկե, խստորեն փոխկապակցված են: Շնորհակալություն:

Վլադիմիր Վարդանյան. Նախ շնորհակալություն, պարոն Մնացականյան, և՛ կառավարության ծրագրի, և՛ կառավարության մոտեցումներն այս հարցի վերաբերյալ վերահաստատելու համար։ Եվ մի փոքր հարց։ Խոսքը վերաբերում է խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում մեր ջանքերի շարունակական լինելուն։ Անցյալ տարի Միացյալ Նահանգների Կոնգրեսն անդրադարձավ, պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Ինչպե՞ս եք վերաբերում խորհրդարանական ճանաչման գործընթացին։ Ինչպե՞ս է կառավարությունն այս իրավիճակում գնահատում նշված գործընթացի և՛ պոտենցիալը, և ՛անհրաժեշտությունը։

Զոհրաբ Մնացականյան. Պատասխանը շատ պարզ է։ Բնականաբար, յուրաքանչյուր հարթակ, յուրաքանչյուր ձևաչափ, որոնք օգտագործվում են այս նպատակի համար, չափազանց կարևոր են և անհրաժեշտ։ Դուք հիշատակեցիք Միացյալ Նահանգների Սենատի կողմից ընդունված բանաձևերը։ Կան անցյալ տարվա ընթացքում եղած այլ օրինակներ։ Իտալիայի խորհրդարանում նույնպես իրականացվել է այդպիսի գործառույթ։ Եվ դա ի ցույց է դնում ցեղասպանությունների կանխարգելման գործընթացում խորհրդարանների կարևորությունը և Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը, ամենից բացի, որպես արդարության վերականգնման և կանխարգելմանն ուղղված կարևոր գործիք։

Շնորհակալություն։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930