«Ա1+»-ի հարցերին պատասխանում է «Արդյունաբերողների և գործարարների միության» նախագահ Արսեն Ղազարյանը
– Պարոն Ղազարյան, կորոնավիրոսի համաճարակի այս շրջանում Հայաստանի բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններն ի՞նչ խնդիրների առաջ են կանգնել:
– Բեռնափոխադրումների խնդիրները սկսվել են դեռևս մարտի սկզբներին, երբ ձնաբուքը 10-12 օր գրեթե անանցանելի էր դարձրել ճանապարհը, և մենք ունեցանք մեծ կուտակումներ թե արտահանման, թե ներկրման ուղղություններով: Ձնաբուքի ավարտից հետո արտակարգ իրավիճակի և կարանտինի կիրառման հետևանքով տարածաշրջանում առաջացավ երկրորդ տեխնիկական խոչընդոտը, որը շարունակվում է մինչ այսօր: Եվ ասել, թե Լարսում ունենք առանց խնդիրների բեռնափոխադրում, դեռ վաղ է: Բայց փոխադրումները չեն դադարում, պարզապես խնդիրն այն է, որ փոխադրման ժամկետն է երկարացել` եթե մինչև համաճարակը Երևանից Մոսկվայի տարածաշրջան հասնում էինք 3-4 օրում, հիմա մինչև Լարս տևում է 7-8 օր: Վրաստանի տարածքում կա կարանտինային ռեժիմ` վիրուսի տարածումը կանխելու նպատակով մեքենաները տեղափոխվում են հատուկ ուղեկցումով, իսկ երեկոյան ժամը 21-ից մինչև առավոտյան ժամը 6-ը մեքենաները կանգնում են հատուկ կայանատեղիներում: Լարսում կրկին վիրուսի և կուտակումների պատճառով ռուսական մաքսակետը աշխատում է շատ զգուշավոր ու դանդաղ, և փոխադրումները երբեմն տևում են 12-14 օր: Բայց եթե տարածաշրջանում ռեժիմները չփոխվեն, Ռուսաստանն ու Վրաստանը նոր խստացումներ չմտցնեն, մեր բեռնափոխադրողներն արդեն ընտելացել են այս ռեժիմին: Վերջնական տեսքով բեռնափոխադրումների խաթարում չունենք:
– Ժամանակի երկարաձգումը բնականաբար թանկացնում է բեռնափոխադրման ինքնարժեքը:
Կարդացեք նաև
– Ոչ էականորեն: Լրացուցիչ ծախսեր են առաջանում հիմնականում վարորդների գործուղման օրապահիկներն ավելացնելու առումով, բայց այս ընթացքում մենք ունեցանք վառելիքի գնի անկում թե ՌԴ-ում, թե Վրաստանում, թե Հայաստանում, և դա փոխհատուցում է տարանցիկության երկարաձգմանը: Պարզապես տարանցիկության երկարումը խանգարում է ընդհանուր ավտոպարկի էֆեկտիվ օգտագործմանը: Բայց մեր ընկերությունը և մեզ հետ աշխատող մոտ մեկ տասնյակ խոշոր փոխադրողներ այսօր իրականացնում են իրենց պատվերները, և բեռնափոխադրման շուկայում գների թանկացում չկա: Անցած շաբաթ ավարտվեց «Կոկա-կոլա» ընկերության մի խոշոր մրցույթ, որին մասնակցել ենք, և մեր ներկայացրած գներն ավելի ցածր էին, քան համաճարակից առաջ էին: Այսօր մենք` բոլորս հասկացանք, թե ինչ է նշանակում ֆորս-մաժորային պայմանները, ու այդ պայմաններում անկանխատեսելի խոչընդոտների ու արգելքների առաջացումը: Բայց որպես թե փոխադրող, թե «Արդյունաբերողների և գործարարների միության» նախագահ, որը մշտապես տեղեկություն է ստանում տնտեսության տարբեր ճյուղերից, կարող եմ ասել, որ փոխադրումների էական խնդիրներ չունենք:
Մեր հիմնական խնդիրն այնն է, որ մեր արտադրական ընկերություններում կորոնավիրուսի տարածում և մարդկանց զանգվածային մեկուսացում չլինի, որը կարող է արտադրական ցիկլի խաթարում առաջացնել: Թե չէ փոխադրումների առումով նավահանգիստը սպասարկում է, բեռներն անխափան գալիս են: Տարանցիկ շրջանն է մի փոքր ծանր, կարծես 90-ականների սկզբի վիճակին հասանք, երբ Փոթիից Երևան ապրանքը հասնում էր 10 օրից ոչ շուտ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: