Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը՝ դավադրությունների ու 800 հա տարածք կորցնելու մասին. «Ես համոզվեցի, որ իմ որոշումը գալ հանձնաժողովի նիստին ամբողջովին արդարացվեց»

Ապրիլ 16,2020 19:22

Քիչ առաջ ավարտվեց 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը: Ինչպես տեղեկացրել ենք, այսօր քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստից առաջ Սերժ Սարգսյանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ ասելով. «Հանձնաժողովի նիստում պատրաստվում եմ ուղիղ նայելով հանձնաժողովականների աչքերին` ասել այն, ինչ գիտեմ ու նաև այն, ինչ մտածում եմ…»:

Նիստի աշխատանքները տեւեցին մոտ 5 ժամ: Դրանից հետո Սերժ Սարգսյանն ասաց. «Ես համոզվեցի, որ իմ որոշումը գալ հանձնաժողովի նիստին ամբողջովին արդարացվեց: Նիստը ընթացել է շատ նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում եւ ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ նաեւ լրացուցիչ տեղեկություններ հայտնել ապրիլյան ռազմական գործողությունների հետ կապված»:

Ինչ վերաբերում է լրագրողների հարցերին, նա ասաց. «Ցավոք սրտի, ես հնարավորություն չունեմ պատասխանելու ձեզնից յուրաքանչյուրի հարցին, ոչ թե այն պատճառով, որ շատ գաղտնի բաներ կան, ո՛չ, այլ պարզ պատճառով՝ դրանք այնքան կարեւոր իրադարձություն էին, որ ոտքի վրա, իրար ընդհատելով անհնար է հասնել այն նպատակին, ինչը ես եմ հետապնդում: Իսկ իմ նպատակը շատ պարզ է՝ հասցնել մեր հանրությանը իրական, հավաստի տեղեկություններ ռազմական գործողություների մասին, որի ընթացքում մենք՝ ԶՈՒ-ն, քաղաքացիական հասարակությունը, ընդհանրապես մեր հանրությունը հաղթել է՝ հաղթելով ոչ միայն մարտի դաշտում, այլ նաեւ դիվանագիտության մեջ»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս ստացվեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ նախկինում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ 800 հա տարածք ենք կորցրել, իսկ հիմա էլ ասում է, որ 400 հա է (մասնավորապես, «Հաղթանակի ապրիլ» ֆիլմում): Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ երբ արտակարգ դրությունը կվերանա, ինքը մանրամասն, ցանկացած հարցի կպատասխանի. «Ցանկացած հարցով՝ տրամաբանական, անտրամաբանական, տեղին եւ անտեղի ու ինչքան ժամանակ դուք կցանկանաք, ես հաճույքով կտրամադրեմ: Ես նիստի վերջում ի պատասխան հանձնաժողովի նախագահի, ես եւս շնորհակալություն եմ հայտնել այս քննարկման համար»:

Հարցին՝ դավադրությունների տեսության հետ կապված ի՞նչ կասեք՝ նա պատասխանեց. «Ես որեւէ կերպ այստեղ չեմ ներքաշվելու հարցուպատասխանի մեջ, ուղղակի ասեմ, որ երբեք որեւէ պարագայում ես չեմ ղեկավարվել ո՛չ դավադրությունների տեսություններով, ո՛չ ենթադրում եմ, որ ամբողջ աշխարհը, այդ թվում մեր դաշնակիցները, մեր գործընկերները դավադրություններ են հյուսում հայ ժողովրդի շուրջ: Չկա՛ այդպիսի բան: Որ մենք ունեք նաեւ թշնամիներ, ակնհայտ է, բայց մենք ունենք նաեւ բազմաթիվ բարեկամներ: Բոլորին խորհուրդ եմ տալիս այդ դավադրությունների տեսություններով չղեկավարվեք ու այն, ինչ տեսնում եք որեւէ ինտերնետային կայքում, փորձեք մեկ այլ աղբյուրից դա ստուգել, այնուհետեւ անել ձեր եզրակացությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930