Բարձրագույն կրթության որակի ու կրթության սպառման միջավայրի կապը
Բուհ-աշխատաշուկա արդյունավետ համագործակցության մոդելի մշակման և զարգացման հարցն արդիական է բարձրագույն կրթության որակի ապահովման ժամանակակից քննարկումների համատեքստում: Այստեղ էական հիմնախնդիրներից է այն հանգամանքը, որ բուհերը և գործատուները մշտապես «խոսում են տարբեր լեզուներով»:
Բուհը գիտելիքի փոխանցման ինստիտուցիոնալիզացված ակադեմիական դաշտ է, որի զարգացման ուղենիշները գտնվում են գիտակրթական նպատակների և մարտահրավերների տիրույթում, մինչդեռ գործատուները կողմնորոշված են դեպի շուկայական զարգացումները: Բուհ-աշխատաշուկա արդյունավետ կապի ստեղծման փորձերի մեծ մասի սահմանափակությունն այնտեղ է, որ շատ դեպքերում փորձ է արվում բուհական կրթությունը կողմնորոշել դեպի շուկայական պահանջները, ինչն էականորեն սահմանափակում է կրթության զարգացման հեռանկարները:
Մյուս կողմից, գործատուների պահանջների համապատասխանեցումը բուհական կրթության չափանիշներին ևս հիմնախնդրային է, քանի որ շուկայի անկանոն զարգացումների պայմաններում այդպիսի համապատասխանեցումը կարող է պարզապես հանգեցնել կազմակերպությունների մրցունակության նվազմանը:
Կարդացեք նաև
Բարձրագույն կրթության սպառման միջավայրերից մեկը՝ աշխատաշուկան, գտնվում է անկանոն զարգացումների փուլում: Հետխորհրդային շրջանի ավարտից ի վեր «պետպատվեր» հասկացությունը դարձել է ոչ այնքան գործատուների պահանջների, որքան անվճար ուսումնառելու պայմանների արտացոլում: Ավելին, շուկայական տնտեսության պայմաններում, երբ ոչ պետական և պետական բուհերը կանգնած են ֆինանսավորման լուրջ խնդիրների առջև, նկատելի է շրջանավարտների թվաքանակի խիստ աճ, ինչն ակնհայտաբար առաջացնում է շրջանավարտների ընդգրկման և մրցունակության լուրջ խնդիրներ աշխատաշուկայում: Այս բոլոր զարգացումների ներքո ՀՀ բուհերն այսօր կանգնած են պարփակված կառույցների վերածվելու վտանգի առջև, և նրանց գործունեությունը կսահմանափակվի ներբուհական գործընթացներով՝ շրջանավարտներին թողնելով «բախտի քմահաճույքին»: Այս տեսանկյունից հատկապես արդիական է բուհ-աշխատաշուկա կապի ներկայիս վիճակի ուսումնասիրությունը, խնդիրների և զարգացման հնարավորությունների բացահայտումը:
Մասնագիտական կրթության բնագավառում խոշորագույն հետազոտություններից մեկը կատարվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և ՀՀ ԿԳՆ պատվերով 2005թ.: Հետազոտության արդյունքների հիման վրա քննարկվել և ներկայացվել են մի շարք կարևորագույն եզրակացություններ և առաջարկություններ, որոնք նշանակալի են նաև տվյալ ուսումնասիրության շրջանակներում: Մասնավորապես, շեշտադրվում է բուհերի կառավարման օղակներում գործատուների ներգրավման անհրաժեշտությունը: Այս առումով իրավական հիմքերը ստեղծվել են «Բուհական և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի՝ բուհերի կառավարման նոր կարգի միջոցով, որը հաստատվել է 2005թ. հունիսի 23-ի թիվ 975 որոշմամբ: Վերջինս հնարավորություն է տալիս բուհերի կառավարման խորհրդում առաջադրել նաև գործատուների:
Կրթության որակ հասկացության ոչ միանշանակությունը պայմանավորված է ոչ միայն վերջինիս չափման մեթոդաբանական խնդիրներով, այլև այդ հասկացության դրսևորման տիրույթների բազմազանությամբ: Բարձրագույն կրթության համատեքստում, թերևս, կրթության որակը սահմանող կարևորագույն ինդիկատորներից (չափորոշիչներից) մեկը վերաբերում է կրթության սպառման հնարավորություններին: Որքան նման հնարավորությունները շատ լինեն, այնքան վստահաբար կարելի է պնդել, որ մատուցված կրթությունը համապատասխանում է որակի չափանիշներին:
Պետք է մատնանշել նաև բուհական ծրագրերի սահմանափակությունը, հմտությունների, կարողությունների փոխանցման ոչ բավարար և գործուն մեխանիզմը, հատկապես որոշ մասնագիտությունների գծով, օրինակ տնտեսագիտության. յուրաքանչյուր տնտեսագետ պարտավոր է տիրապետել տվյալների վերլուծության ժամանակակից մեթոդների, մինչդեռ մինչև բուհն ավարտելը նա հասցնում է առավելագույնս տիրապետել Excel ծրագրին։ Գործատուներն աշխատանքի պահանջարկ ներկայացնողներն են, ուստի պետք է համընթաց քայլել զարգացող տնտեսական տիրույթում՝ նոր ծրագրեր, նոր մոտեցումներ և հատկապես նոր մասնագիտություններ առաջարկելով:
Բուհ-աշխատաշուկա կապի ստեղծման մեխանիզմների միջազգային փորձը վկայում է այս տիրույթում կարևորագույն օղակներից մեկի՝ շրջանավարտների միությունների ստեղծման մասին: Սա ամենևին էլ չպետք է նույնացնել «Կարիերայի կենտրոնների» հետ, որոնք վերջին շրջանում ինքնանպատակ գործունեություն են ծավալում:
Եվրոպական և ամերիկյան գրեթե բոլոր համալսարաններում շրջանավարտների միությունները բավականին զարգացած կառույցներ են, որոնք ունեն ֆինանսական լուրջ կապիտալ և մարդկային ռեսուրսներ շրջանավարտներին վերաբերող բազմաթիվ խնդիրներ լուծելու համար: Արդարացի կլինի նաև նշել, որ անկախ նման կառույցների զարգացման մակարդակից՝ շրջանավարտների զբաղվածության ուսումնասիրության խնդիրը շարունակում է մնալ արդիական:
Առաջիկայում անհրաժեշտ է դիտարկել արտադրական պրակտիկաների կազմակերպման հնարավորությունների կատարելագործման հարցը: Դա հատկապես կարևոր է մասնագիտական աշխատանքի հնարավորությունների զարգացման տեսանկյունից: Պրակտիկաներից ստացված գիտելիքները բավականին օգտակար են, և փորձը ցույց է տալիս, որ ուսանողների մեծ մասը ներգրավված է մասնագիտական աշխատաշուկայում: Արտադրական պրակտիկաների ծրագրերը կարող են նախապայման հանդիսանալ մասնագիտական աշխատաշուկայում ուսանողների ներգրավվածությունն ընդլայնելու համար:
Վերոնշյալին զուգահեռ՝ ուսանողությունը ցածր է գնահատում բուհում ստացած գիտելիքների և հմտությունների համապատասխանության աստիճանն աշխատաշուկայի պահանջներին: Ուսանողների գերակշռող մեծամասնությունը հակված է այն կարծիքին, որ ուսումնառության տարիներին ստացված մասնագիտական գիտելիքներն անհրաժեշտ են, սակայն ոչ բավարար մասնագիտական աշխատանքով զբաղվելու համար: Ուստի համալսարանական կրթությանը զուգահեռ չպետք է անտեսել նաև հավելյալ կամ այլընտրանքային գիտելիքներ ու հմտություններ ստանալու գործոնը:
Ըստ ուսանողների աշխատանքային զբաղվածության՝ տարբեր են նաև աշխատաշուկայի կողմից առաջադրված պահանջները։ Այսպես, մասնագիտական աշխատաշուկայում ներառված ուսանողները հաճախել են այլընտրանքային դասընթացների մասնագիտական, գործնական հմտությունները զարգացնելու նպատակով, մինչդեռ ոչ մասնագիտական աշխատանքով զբաղված ուսանողները ձգտել են զարգացնել օրինակ համակարգչային հմտությունները: Գերազանց և միջին առաջադիմությամբ ուսանողների մեծ մասը ևս նպատակ է ունեցել զարգացնել մասնագիտական, գործնական հմտությունները, մինչդեռ ցածր առաջադիմությամբ ուսանողների զգալի մասի համար առաջնային էր համակարգչային հմտությունների զարգացումը: Այս պարագայում պետք է ընդլայնել պրակտիկայի անցկացման կազմակերպությունների ցանկը, ստեղծել համագործակցային հիմքեր մասնավոր հատվածի գործատուների հետ՝ հաշվի առնելով ուսումնառության երկու կողմերի՝ դասախոսների և շրջանավարտների փորձն ու հմտությունները: Հիմնվելով շրջանավարտների հետ պանելային հետազոտության տվյալների վրա՝ տարբերակել առավել պահանջված ոլորտներն ու վարկանիշային կազմակերպությունները:
Սույն հոդվածի թեզերը զեկուցվել են Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) 5-րդ՝ «Կրթություն, ժողովրդավարություն, զարգացում և անվտանգություն» երիտասարդական ֆորումի ժամանակ։
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)
Սիրանուշ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Ժողովրդավարության XIV դպրոցի շրջանավարտ