«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանի հետ Aravot.am-ը զրուցել է Արցախում կայացած ընտրությունների մասին
– Տիկին Դիլբարյան, Արցախում ավարտվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, եւ հայտնի է, որ Արցախի հաջորդ նախագահը նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն է լինելու: Ինչպե՞ս կգնահատեք ընտրությունների արդյունքը:
– Նախ և առաջ ուզում եմ շնորհավորել Արցախի ողջ ժողովրդին համավարակի դեմ պայքարի այս բարդագույն իրավիճակում կայացած ընտրությունների ավարտի առիթով: «Ժառանգություն»- ն արձանագրում է, որ արտակարգ պայմաններում ամենից առաջ Արցախի ժողովուրդը, քաղաքացիական հասարակությունը, քաղաքական ուժերը և ընտրությունների համար պատասխանատու պետական ատյանները դրսևորեցին կազմակերպվածության հնարավորինս գործուն աստիճան, ժողովրդավարությունը հաստատելու հետևողական կամք և մրցակցային մթնոլորտում անցկացրին օրենսդրությանը համապատասխան ընտրություններ: Ուրախ ենք, որ Արայիկ Հարությունյանին շնորհավորել է նաև նրա մրցակիցը, Հայաստանի իշխանությունները, ուստի մաղթում ենք արդյունավետ քաղաքական գործունեություն Հայաստանի և Արցախի միասնական պայքարի ճանապարհին:
– Շատերը հակասական գնահատեցին այս ընտրապայքարում նախագահի հիմնական թեկնածուներից գործող ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի պահվածքը: Ձեզ համար ամենը հստակ եւ հասկանալի՞ էր, ի՞նչն էր Ձեր կարծիքով Մասիս Մայիլյանի պարտության պատճառը:
Կարդացեք նաև
– Մասիս Մայիլյանի պարտության պատճառների մանրակրկիտ վերլուծության համար դեռ բավարար ժամանակ և փաստեր չունենք, բայց նկատելի է, որ իր ոլորտում քաջիրազեկ գործիչ և փորձառու պաշտոնյա Մասիս Մայիլյանին խանգարեց թիմային աշխատանքի պակասը: Նախագահական ընտրությունների հատկապես երկրորդ փուլից առաջ նրա և Սամվել Բաբայանի միջև ինչ-ինչ տարաձայնությունների հրապարակային ի հայտ գալը թույլ չտվեցին Մայիլյանի ընտրազանգվածին առավել համախմբվել և կողմնորոշվել: Առաջին փուլից հետո որոշ վերլուծաբաններ նշեցին, թե Մայիլյանը ճիշտ քայլերի դեպքում դեռ կարող էր պայքարել հաղթանակի համար, սակայն քիչ անց պարզ դարձավ, որ նրա շուրջ համախմբված գաղափարական թիմ չկա, բացի այդ՝ Մայիլյանը, որը քաջահայտ է արտաքին քաղաքականությամբ զբաղվող շրջանակներում, բուն ժողովրդի մեջ, պարզ ընտրողների շրջանակներում չուներ հանրահայտության պահանջվող աստիճան: Կարծում եմ՝ նրա թիմը և ինքը՝ թեկնածուն, դեռ ժամանակ ունեն վերլուծելու իրենց մարտավարությունը և կառուցելու հետագա ռազմավարություն արդեն հետընտրական փուլում:
– Արայիկ Հարությունյանը նույնպես միանշանակ չի ընկալվում. նա առավելապես գործարարի համբավ ունի, քան քաղաքական գործչի: Արցախ գործարար-նախագահից ի՞նչ ակնկալիքներ ունենալ:
– Արայիկ Հարությունյանը երկար տարիներ եղել է Արցախի վարչապետ, այդ ընթացքում դրսևորելով տնտեսավարման կարևորագույն ոլորտում իր կազմակերպչական և կառավարչական բոլոր ունակությունները: Համաձայն եմ, որ նա հանրային ընկալման մեջ փորձառու և ճկուն, դիվանագետ կառավարչի ընկալում ունի: Ընտրվելով Արցախի Հանրապետության նախագահ, համոզված եմ, որ նա գիտակցում է այն բարդագույն խնդիրները և մարտահրավերները, որոնք ծառանում են իր առջև և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛, ոչ պակաս կարևոր, սոցիալական ասպարեզներում: Հայաստանը և Արցախը Արայիկ Հարությունյանից ակնկալում է ճգնաժամային կառավարման բարձր որակներ, հավասարակշռված և հայությանը համախմբող քաղաքականություն, որը կհանգեցնի մեր ընդհանուր ֆինանսատնտեսական ներուժի առավել կենտրոնացման, ազգային անվտանգության, ռազմաքաղաքական ուժերի ամրակայման և Արցախյան հակամարտության հանգուցալուծման գործում արդյունավետ, միասնական քայլերի ներազգային և միջազգային բոլոր հարթակներում:
– ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի նախագահ ընտրվելու կապակցությամբ Արայիկ Հարությունյանին ուղղված իր շնորհավորական ուղերձում գրում է. «Արցախը այլևս երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում. անցյալին վերադարձ չկա: Սա ցանկացած արցախցու ամուր համոզմունքն է, և Դուք՝ որպես նախագահ, դրա կրողն եք»: Ձեր կարծիքով ի՞նչ է այսպիսով ցանկանում ասել Սերժ Սարգսյանը:
– Իմ գնահատմամբ, անկախ բնակության և ծննդյան վայրից՝ ցանկացած ողջամիտ հայի համոզումը միանշանակ է՝ Արցախը այլևս երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում, մենք հաղթել ենք այդ պատերազմում, և այսօր մեր ռազմաքաղաքական հաղթանակների փաստաթղթային վավերացման ժամանակն է միջազգային դիվանագիտական ատյաններում: Ուստի, Արայիկ Հարությունյանն այս գերնպատակից հեռանալու այլընտրանք իրապես չունի:
– Ընտրությունների առաջին փուլի ավարտից հետո հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արցախում հեղափոխություն չի եղել, բայց նաեւ հակահեղափոխություն չի եղել, իսկ այսպես կոչված հակահեղափոխական ուժերն ընտրությունների արդյունքում պարտություն են կրել»,- ասաց նա: Համամի՞տ եք նման բնորոշումների հետ, սա ի՞նչ է նշանակում ըստ Ձեզ:
– Արցախում հեղափոխություն եղել է 1988 թվականին, և այդ հեղափոխության ուժն ու նպատակները կանխորոշել են Հայաստանի Հանրապետության անկախացումն ու ինքնիշխանությունը փլուզվող Խորհրդային կայսրության վերադասավորումներում: Հավատում եմ, որ այդպիսի հեղափոխությունից հետո հակահեղափոխություն չի կարող լինել, ցանկացած քաղաքական ուժ, որը կփորձի մեզ շեղել 1988-ի ազգային-պետական նպատակներից, դատապարտված է ձախողման:
– Իսկ խորհրդարանական ընտրությունների արդյունքները ինչպե՞ս կգնահատեք: Ինտրիգ տեսնում եք նրանում, որ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը Արցախի խորհրդարանում երկրորդ ուժն է լինելու:
– Արտակարգ պայմաններում ընթացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանը մեծ առաքելություն ունի՝ ստեղծելու իշխանության հակակշիռներ Արցախում, իհարկե, խորհրդարանը կարող էր լինել առավել հարուստ քաղաքական ուժերով, բայց ընտրությունների շեմը հատած կուսակցական ուժերը և դաշինքները, կարծում եմ, գիտակցում են իրենց բաժին ընկած խնդիրների բեռը: Բազմակարծության ապահովումը , «Ժառանգության» գնահատմամբ, հույժ կարևոր է և խոստումնալից: Մեր կուսակցությունը Սամվել Բաբայանի հետ քաղաքական գործակցության ուղի է անցել, ուստի հուսով ենք, որ Սամվել Բաբայանը, ինչպես նաև Վիտալի Բալասանյանը, ՀՅԴ-ն և մնացյալ բոլոր ուժերը կապահովեն խորհրդարանում հայության տարբեր սոցիալական շերտերի շահերի և գաղափարների հանրայնացումն ու պաշտպանությունը, խորհրդարանական բանավեճերում կձևավորեն արդյունավետ օրենսդրական նախաձեռնություններ: Այնտեղ, որտեղ բազմակարծությունն է, հաստատվում են ժողովրդավարությունը և արդյունավետ կառավարումը, որովհետև իշխող ուժը և ընտրված նախագահը պարտադրված է լինում հաշվի առնել իշխանության մյուս թևերի դիրքորոշումը:
Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Լուսանկարը՝ Նարինե Դիլբարյանի ֆեյսբուքյան էջից