Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու կենտրոնում դանակահարված ոստիկանները հիվանդանոցից դուրս են գրվել

Ապրիլ 16,2020 17:01

Ինչպես տեղեկացրել էինք, երկու օր առաջ Գյումրու Հայուհու հրապարակում դանակահարել էին ծառայություն իրականացնող երկու երիտասարդ ոստիկանների՝ 1995 թվականին ծնված Ա. Բ-ին և 1989 թվականին ծնված Ա. Հ.-ին։ Նրանցից մեկը ճանապարհային ոստիկանության աշխատակից է, մյուսը՝ ոստիկանության «Կումայրի» բաժնի։

Մեկի մոտ ախտորոշվել էր կրծքավանդակի կտրած-ծակած վերք, մյուսի մոտ՝ ձախ ազդրի կտրած-ծակած վերք:

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո ոստիկանները հենց հաջորդ օրը դուրս են գրվել հիվանդանոցից։

Հիշեցնենք, որ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Կառնուտ գյուղի բնակիչ Լ․ Գալստյանը, իսկ նրա եղբայրը՝ Ա․ Գալստյանը ստորագրությամբ բաց է թողնվել։

Ինչպես մանրամասնել են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից․ «Ժամը 14:30-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի և ուղևորի անվտանգության գոտիներն ամրակապված չլինելու հանգամանքով պայմանավորված, իրավախախտումն արձանագրելու նպատակով, ոստիկանի կողմից կանգնեցվել է հիշյալ ավտոմեքենան: Ոստիկաններն օրենքով սահմանված կարգով վարորդին պարզաբանել են, որ նա երթևեկել է առանց ամրագոտիներն ամրակապելու՝ պահանջելով ներկայացնել վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի հաշվառման վկայագիրը՝ վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու համար: Ի պատասխան՝ նշված ավտոմեքենայի ուղևորը սկսել է հայհոյել ոստիկաններին, դուրս է եկել ավտոմեքենայից և ձեռքին եղած դանակով հարվածներ հասցրել ոստիկանության երկու ծառայողներին, ապա սկսել է դանակը թափահարել ներկա մյուս ոստիկանների ուղղությամբ՝ առերևույթ նրանց նկատմամբ գործադրելով բռնություն, որից հետո վարորդի հետ փորձել են փախուստի դիմել դեպքի վայրից, սակայն բերման են ենթարկվել Ոստիկանության բաժին, որոնցից մեկը ձերբակալվել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930