Զեկույցն ամփոփում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից իրականացվող «Խաղաղ հավաքների ազատություն» ծրագրի ընթացքում 2020 թ․ հունվար-մարտ ամիսների ընթացքում Երևանում տեղի ունեցած հավաքների դիտարկումների արդյունքները։
Հավաքների դիտարկումների արդյունքները
Հավաքների թիվն ըստ ամիսների
2020 թ. հունվարի 1-ից մարտի 31-ը դիտարկվել է 33 հավաք՝ Երևանում: Մարտի 16-ին, Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու նպատակով, ՀՀ կառավարությունը հանրապետության ողջ տարածքում մեկ ամսով հայտարարեց արտակարգ դրություն՝ արգելելով հավաքների կազմակերպումը, անցկացումը կամ հավաքներին մասնակցելը։ Այդուհանդերձ, արտակարգ դրության հայտարարումից հետո դիտարկվել է 2 հավաք՝ մարտի 20-ին՝ «Փեթակ» տոնավաճառի առջև վերջինիս աշխատակիցների և մարտի 21-ին ազգությամբ հայ մի խումբ ՌԴ քաղաքացիների կողմից Վրաստանի հանրապետության դեսպանատան առջև կազմակերպված հավաքները։
Կարդացեք նաև
Հավաքների թիվն ըստ կարգավիճակի
Դիտարկված հավաքներից միայն 2-ի դեպքում է լիազոր մարմնին ներկայացվել իրազեկում (փետրվարի 15-ին «Քուրդիստան» կոմիտեի կողմից կազմակերպված երթը՝ Աբդուլլահ Օջալանի բանտարկության 20-րդ տարելիցի առթիվ և մարտի 2-ին ՌԴ դեսպանատան առջև նախորդ տարվա հուլիսին ՌԴ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպի առթիվ ազգությամբ հայ 9 մեղադրյալների աջակիցների հավաքը): Բացի 2 հավաքներից, բոլոր մնացած հավաքների դեպքում մասնակիցների թիվը չի գերազանցել 100-ը, հետևաբար իրազեկում ներկայացնելը պարտադիր չի եղել։ Նշված երկու հավաքներն էին հունվարի 20-ին մսավաճառությամբ և անասնաբուծությամբ զբաղվող քաղաքացիների կողմից ՀՀ կառավարության նստավայրի առջև և փետրվարի 25-ին ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աջակիցների կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք նստավայրի առջև կազմակերպված հավաքները, որոնց մասնակիցների քանակը եղել է համապատասխանաբար մոտ 180 և 120 մասնակից։
Հաշվետու ժամանակահատվածում դիտարկվել են 5 ինքնաբուխ և շտապ հավաքներ։ Նշված հավաքներից են եղել հունվարի 28-ին՝ մի շարք ընդդիմադիր քաղաքական ակտիվիստներին (Նարեկ Մալյան, Նարեկ Սամսոնյան, Կոնստանտին Տեր-Նակալյան, Արթուր Դանիելյան) ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով բերման ենթարկելու և փետրվարի 4-ին՝ գործարար Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու ընթացքում վերջիններիս աջակիցների կողմից ՀՀ ոստիկանության առջև կազմակերպված հավաքները, փետրվարի 9-ին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների կողմից հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ընթացքում իրենց ավտոտնակների ապամոնտաժման աշխատանքների դեմ կազմակերպված հավաքը և մարտի 20-ին «Փեթակ» տոնավաճառի աշխատակիցների կողմից կազմակերպված հավաքը՝ արտակարգ դրության ընթացքում տաղավարների վարձակալության պայմանները փոխելու պահանջով։
Հավաքների թիվն ըստ ներկայացվող պահանջների բնույթի
Հաշվետու ժամանակահատվածում Երևան քաղաքում դիտարկվել են քաղաքական պահանջներով կազմակերպված 3 հավաք, օրինակ՝ փետրվարի 4-ին «Ադեկվադ» միաբանության անդամների կողմից ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դեմ կազմակերպված հավաքը։ Հարկ է նշել, որ ապրիլի 5-ին նախատեսված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչության ընթացքում փոփոխությունները նախաձեռնած իշխանությունների կողմից բազմաթիվ հավաքներ են կազմակերպվել հանրապետության մարզերում, իսկ «ոչ»-ի ճամբարի կողմից հավաքներ չեն անցկացվել։ Նոր կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ուժով հանրաքվեի անցկացումը դադարեցվեց, որի արդյունքում դադարեցվեց նաև քարոզարշավը։
Սոցիալական կամ իրավական պահանջներով կազմակերպվել է 15 հավաք՝ պարտադիր սպանդանոցային մորթի որոշման դեմ (մսավաճառությամբ և անասնաբուծությամբ զբաղվող քաղաքացիներ), ավտոմեքենաների ներմուծման մաքսավճարների նոր սակագների դեմ (ավտոներկրողներ) և այլ պահանջներով։
Դիտարկված հավաքներից 10-ը վերաբերել են ընթացիկ քրեական և դատական գործերին, օրինակ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռ․ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով (Ռ․ Քոչարյանի աջակիցներ), ՀՀ երրորդ նախագահ Ս․ Սարգսյանի և այլոց նկատմամբ հարուցված քրեական գործի դեմ (Ս․ Սարգսյանի աջակիցներ), ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալ Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի կալանավորելու պահանջով («Հայոց մայրեր» նախաձեռնություն) հավաքները։
Հավաքների թիվն ըստ կազմակերպիչների
Դիտարկված հավաքներից 15-ը կազմակերպել են ընդհանուր սոցիալական կամ իրավական շահեր ունեցող քաղաքացիների խմբերը։ Հավաքներ են կազմակերպվել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցների կողմից՝ կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միավորելու որոշման դեմ, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների կողմից՝ իրենց որդիների մահվան հանգամանքները պարզելու պահանջով, մսավաճառությամբ և անասնաբուծությամբ զբաղվող քաղաքացիների կողմից՝ պարտադիր սպանդանոցային մորթի որոշման դեմ։
Դիտարկված հավաքներից 16-ի կազմակերպիչներն են եղել քաղաքացիական կամ քաղաքական նախաձեռնությունները և անհատները, ներառյալ՝ «Ադեկվադ» միաբանությունը, «Վետօ» նախաձեռնությունը, «Հայոց մայրեր» նախաձեռնությունը։ Եւս 2 հավաք է կազմակերպվել հասարակական կազմակերպությունների կողմից («Քուրդիստան կոմիտե» ՀԿ և «Հայաստան» ՀԿ մարզադպրոց)
Կուսակցությունների կողմից կազմակերպված հավաքներ անմիջականորեն չեն դիտարկվել, սակայն հաշվետու ժամանակահատվածում ՀՀ տարբեր մարզերի բնակավայրերում բազմաթիվ հավաքներ են կազմակերպվել ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի կողմից՝ Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի շրջանակներում։
Հավաքների թիվն ըստ մասնակիցների քանակի
Դիտարկված հավաքներից առավել մեծ թվով մասնակիցներ են ներկա եղել հունվարի 20-ին՝ մսավաճառությամբ և անասնաբուծությամբ զբաղվող քաղաքացիների կողմից ՀՀ կառավարության նստավայրի առջև կազմակերպված հավաքի ընթացքում (մոտ 180 մասնակից) և փետրվարի 25-ին ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աջակիցների կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք նստավայրի առջև կազմակերպված հավաքի ընթացքում (մոտ 130 մասնակից)։ Մյուս բոլոր դիտարկված հավաքների դեպքում մասնակիցների թիվը չի գերազանցել 100-ը։
Հավաքների թիվն ըստ անցկացման ձևերի
Դիտարկված հավաքների մեծամասնությունը անցկացվել է որոշակի վայրում (30 հավաք), մեկի դեպքում տեղի է ունեցել նաև երթ, ևս 2-ը անցկացվել են միայն երթի միջոցով։
Հավաքների թիվն ըստ անցկացման վայրերի
Դիտարկված հավաքների մեծամասնությունը (13 հավաք) անցկացվել է ՀՀ կառավարության նստավայրի առջև։ Հավաքներից 3-ը՝ տարբեր դատարանների նստավայրերի առջև (Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի և Ավան-Նոր Նորք նստավայրեր)։ Երկուական հավաք է դիտարկվել Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Ազգային Ժողովի նստավայրի առջև։ Մյուս հավաքները անցկացվել են մայրաքաղաքի այլ վայրերում (Վրաստանի և ՌԴ դեսպանատների, ՀՀ ոստիկանության և ԱԱԾ-ի առջև և այլն)։
Ոստիկանների թիվը հավաքների ընթացքում
Դիտարկված հավաքներից մեկի դեպքում ոստիկանության ծառայողներ ներկա չեն գտնվել։ Հավաքներից 10-ի դեպքում ոստիկանների թիվը չի գերազանցել 10-ը, իսկ 13-ի դեպքում՝ 30-ը։ Դիտարկված 8 հավաքների ընթացքում ոստիկանության ծառայողների քանակը եղել է 30-ից ավելի, սակայն 100-ից պակաս: Ոստիկանների թիվը անցել է 100-ից հավաքներից մեկի դեպքում` հունվարի 20-ին, մսավաճառությամբ և անասնաբուծությամբ զբաղվող քաղաքացիների կողմից ՀՀ կառավարության նստավայրի առջև կազմակերպված հավաքի ընթացքում, ընդ որում՝ գերազանցելով մասնակիցների թվից։ Նշված հավաքի մասնակիցները կարճատև ժամանակով փակեցին Տիգրան Մեծ պողոտայի երթևեկությունը, սակայն ոստիկանության պահանջով այն բացեցին։ Ոստիկանության ծառայողների քանակը գերազանցել է մասնակիցների թվից ևս 2 հավաքների ընթացքում՝ փետրվարի 4-ին «Ադեկվադ» միաբանության կողմից ՀՀ նախագահի նստավայրի առջև կազմակերպված հավաքի ընթացքում (մոտ 10 մասնակից և 20 ոստիկան), փետրվարի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների կողմից անցկացվող հավաքի ընթացքում (մոտ 30 մասնակից և 50 ոստիկան):
Սույն զեկույցի թողարկումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակության շնորհիվ: Զեկույցում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության տեսակետների և դիրքորոշումների հետ:
«Դիտորդ թեմատիկ»
Հայաստանի Հելսինկյան կոմիտե