Լրահոս
Օրվա լրահոսը

Հուսով ենք, որ մասնագիտացված միջազգային կազմակերպությունները, մասնավորապես՝ ԱՀԿ-ն, կորոնավիրուսի հետ պայքարում կաջակցեն Արցախին. Արցախի ԱԳՆ

Ապրիլ 16,2020 17:06

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ աշխարհի բոլոր անկյուններում անհապաղ և համընդհանուր հրադադարի կոչը՝ հնարավորություն տալու մարդկությանը համախմբվել ընդհանուր թշնամու՝ նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) համավարակի դեմ պայքարում, կարևոր, անհրաժեշտ և պատեհաժամ նախաձեռնություն է: Այս կոչի բարեխիղճ կատարումը կարևոր ներդրում կդառնա միջազգային հանրության կոլեկտիվ ջանքերում՝ ուղղված համայն մարդկության համար այդ նոր սպառնալիքին արդյունավետ դիմակայելուն:

Համոզված ենք, որ այս ճգնաժամային ժամանակահատվածում նեղ քաղաքական նպատակների հասնելու համար համավարակի պատճառով ստեղծված իրավիճակից օգտվելու ցանկացած փորձ սպառնալիք է ներկայացնում ամբողջ միջազգային հանրության համար և արժանի է ամենախիստ դատապարտության:  Եվ հակառակը՝ համայն մարդկության համախմբվածությունը ընդհանուր և անողոք թշնամու առջև թույլ կտա ոչ միայն հաղթանակած դուրս գալ այս պայքարից, այլ նաև կամրապնդի համագործակցության ոգին, ինչը կարող է աշխարհն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնել:

Արցախի Հանրապետությունը անհապաղ արձագանքել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնությանը և արդեն մարտի 24-ին՝ վերահաստատել իր հանձնառությունը՝ խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում:

Մենք կիսում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեսակետը, որ նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում միջազգային հանրության կոլեկտիվ ջանքերի կենտրոնում պետք է լինի յուրաքանչյուր մարդու կյանքը: Միայն առաջնորդվելով «ոչ ոք մոռացված չէ» սկզբունքով՝ մարդկությունը կկարողանա արժանապատվությամբ դիմանալ այդ փորձությանը: Արցախի Հանրապետության համար, որն արդեն ավելի քան երեք տասնամյակ հակամարտության մեջ է գտնվում Ադրբեջանի հետ, նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարն առանձնակի սրություն է ստանում՝ հաշվի առնելով այն փաստը, որ հակամարտության պատճառով Արցախի ժողովուրդը զրկված է միջազգային կառույցների աջակցությունից:

Այս կապակցությամբ հուսով ենք, որ մասնագիտացված միջազգային կազմակերպությունները, մասնավորապես՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, կորոնավիրուսի հետ պայքարում կաջակցեն Արցախին, ինչը ներդրում կդառնա այդ համաշխարհային մարտահրավերի  հաղթահարմանն ուղղված ընդհանուր ջանքերում:

 Արցախի Հանրապետության ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930