Առանց մրցույթի դրամաշնորհ տրամադրելու համար կառավարությունն այսօր որոշեց 90 միլիոն դրամ հատկացնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ Թոքերի արհեստական շնչառական սարքերի ստեղծման գաղափարների մասնագիտական ուսումնասիրության, նախագծման եւ մակետային նախատիպի մշակման աշխատանքների իրականացման նպատակով: Գումարը կստանա «Ինժեներական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ 2020 թվականի առաջին կիսամյակում:
Հարցը ներկայացրեց բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում իրենց նախարարությունը հայտարարել էր թոքերի արհեստական շնչառական սարքերի ստեղծման գաղափարների մասնագիտական ուսումնասիրության, նախագծման աշխատանքների գործընթաց, եւ ստացվել են 300 հայտեր ու առաջարկներ:
Նախարարն ասաց, որ այս որոշման արդյունքում հնարավորություն կունենան թոքերի արհեստական շնչառության սարքերի ներքին պահանջարկը բավարարել: Ըստ Արշակյանի, 4-6 ամսվա ընթացքում հնարավոր կլինի գալ արտադրական վիճակի եւ ունենալ աշխատող սարքավորում. «Այս դեպքում շուկայական գնից կրկնակի էժան են լինելու սարքերը: Ամսական հնարավորություն կունենանք 40-50 սարք արտադրել: Ներկայումս համավարակի պատճառով ամբողջ աշխարհում առկա է ավելի քան 880 հազար թոքերի արհեստական շնչառական սարքերի պահանջարկ: Սա նաեւ հնարավորություն է, որ հայկական ինժեներական ընկերությունները կարողանան մուտք գործել բժշկական սարքերի արտադրման շուկա, որը շատ նեղ ու լուրջ շուկա է»:
Վարչապետ Փաշինյանը նշեց, որ նախագիծը կարեւոր է, քանի որ հնարավոր է՝ աշնանը, հետո ձմռանը կրկին ունենանք վարակի թվի աճ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ եթե, նույնիսկ, այս համաճարակն անցնի, ապա, միեւնույն է, այդ սարքերը մեզ պետք են լինելու, որովհետեւ դրանք ընթացքում շարքից դուրս են գալիս:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ