Սույն թվականի մարտի 31-ին և ապրիլի 14-ին Արցախի հանրապետության տարածքում տեղի ունեցան ընտրություններ, որի արդյունքում ձևավորվեց ԱՀ Ազգային ժողովը, և այնուհետև ընտրվեց ԱՀ Նախագահը։
Ընտրությունները տեղի ունեցան համաճարակի հնարավոր տարածման վտանգի ներքո, սակայն անցան կազմակերպված, քաղաքական ուժերի սուր մրցակցության պայմաններում, իսկ մարտի 31-ին կայացած քվեարկությունը աչքի ընկավ նաև քաղաքացիների աննախադեպ բարձր մասնակցությամբ։ Թեև քվեարկության ընթացքում, ըստ դիտորդական առաքելությունների դիտարկումների, տեղ են գտել որոշակի խախտումներ, դրանք էապես չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա, և Արցախի հանրապետությունում ձևավորվել են պետական իշխանության լեգիտիմ և ներկայացուցչական մարմիններ։
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը շնորհավորում է Արցախի հանրապետության մեր բոլոր հայրենակիցներին տեղի ունեցած ընտրությունների կապակցությամբ, իսկ հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին և Ազգային ժողով ընտրված բոլոր հինգ կուսակցություններին և կուսակցական դաշինքներին՝ ընտրողների վստահության քվեն ստանալու և Արցախի կառավարման կարևորագույն պատասխանատվությունը ստանձնելու համար։ Մենք լիահույս ենք, որ ընտրությունների արդյունքում Արցախում կձևավորվի ամուր և արդյունավետ պետական իշխանություն, որը համախմբված աշխատելով, կկարողանա ապահովել Արցախի Հանրապետության անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը, նոր թափ կհաղորդի Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը, և համատեղ գործելով Հայաստանի Հանրապետության հետ՝ կկարողանա հասնել Արցախի հանրապետության միջազգային ճանաչմանը, հեռանկարում ունենալով երկու հայկական հանրապետությունների միավորումը մեկ միասնական պետության մեջ։
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդ