Ապրիլի 8-ին Չինաստանից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության արկղերի վրա եղած Արարատ լեռան վերաբերյալ գրությունը իրարանցում էր առաջացրել Թուրքիայում։
Իսկ գրությունը հետևյալն էր. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:
Թուրքերը դժգոհում էին, որ արկղերի վրայի այդ մակագրությամբ, փաստորեն, Արարատ լեռը «վերագրվել էր Հայաստանին»։
Այդ կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը հայտարարել էր, որ իրենք պարզաբանում ստանալու նպատակով դիմել են Անկարայում Չինաստանի դեսպան ԴԵնգ Լիին և Չինաստանի արտգործնախարարությանը։
Ավելի ուշ Աքսոյը հետևյալ հայտարարությունն էր արել. «Չինաստանի դեսպանը մեզ տեղեկացրեց, որ Հայաստան ուղարկված օգնությունը հավաքվել է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից և Երևան է ուղարկվել մի մասնավոր կազմակերպության միջոցով։ Այդ ՏԻՄ ղեկավարության կողմից արկղերի վրա միայն չինարեն գրություններ են եղել, որոնցում Արարատ լեռան մասին հիշատակում չի եղել։ Մեզ հաղորդվել է, որ Արարատի վերաբերյալ անգլերեն լեզվով արված գրություններն ավելացվել են ավելի ուշ»։
Սակայն թուրքական «Takvim» թերթի կայքը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ երևում է, որ Չինաստանից ստացված արկղերի վրա հենց ինքնաթիռից իջեցնելու պահին առկա են վերոնշյալ մակագրությունները։ «Հետևաբար, – փաստում է թուրքական թերթը, – Արարատ լեռան վերաբերյալ գրությունը հետո չի ավելացվել, ինչպես պնդում է Չինաստանի դեսպանը, այլ եղել է նախապես՝ դեռ մինչև Չինաստանից ուղարկվելը»։
Հավելենք, որ չինական «Global Times» պարբերականը ևս հաստատել է, որ Արարատի մասին գրությունը ի սկզբանե եղել է արկղերի վրա, ոչ թե հետագայում է ավելացվել։
Հիշեցնենք, որ պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան էր ուղարկվել ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակ։